Ղարաբաղյան հակամարտության գոտում հերթական լարվածության աճի առանձնահատկությունը նրա տևողությունն է: Սովորաբար, շփման գծում հրաձգությունները հասնում էին իրենց որոշակի կուլմինացիային, որից հետո հաստատվում էր համեմատական անդորր: Ներկայիս լարվածության գագաթնակետը մի քանի օր առաջ էր, երբ Բաքուն հայտարարեց հայկական «Օսա» զենիթա-հրթիռային համակարգի ոչնչացման մասին, ի պատասխան որի Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական հրթիռը միայն վնասել է վառելիքով ցիստեռնը և խոստացավ տալ կոշտ պատասխան: Գուցե նաև արդեն տվել է, եթե հաշվի առնենք համացանցում տարածված տեսանյութերը: Սակայան անդորր դեռ չի հաստատվել, լարվածությունը շարունակականություն է ապահովում: Այս մասին գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» հեղինակը:
«Հաջորդ և կարևոր առանձնահատկությունն այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականն է: Երկարամյա ու արյունալի հակամարտության պատմության մեջ առաջին անգամ նրանց համատեղ հայտարարության մեջ հրադադարի ռեժիմի խախտող է նշվում է Ադրբեջանը: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն բաց է թողել հրթիռ, որը հատել է շփման գիծը և հարվածել ռազմական տեխնիկային, իսկ հայկական կողմը պատասխան կրակ է բացել: ՄԽ նախկին հայտարարություններից ոչ մեկը նման կոնկրետացում ու հասցեականություն չէր պարունակում, միայն երկկողմ մեղադրանքներ հրադադարի ռեժիմի խախտման համար և հորդոր վերադառնալ բանակցային սեղանին: Նման մոտեցումը նյարդայնացնում էր և՛ Բաքվին, որը մեղադրում էր Մինսկի խմբին հայկական կողմին տուրք տալու համար, և՛ Երևանին, որն ամեն անգամ պահանջում էր ճանաչել հայկական կողմի ռազմական գործողությունները պարտադրված ու ի պատասխան», - ասված է հոդվածում:
ՄԽ ներկայիս աննախադեպ հայտարարությունը, գրում է հոդվածագիրը, թելադրված է, այսպես ասած, Բաքվից որոշակի նեղացվածությամբ, որի անկոտրում դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ օգոստոսի 31-ից Երևանում ԵԱՀԿ գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը: Սա ԵԱՀԿ վերջին գրասենյակն է, որ ներկայացված էր Հարավային Կովկասում, և Բաքուն հասավ դրա փակմանը: Ինչևէ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը առաջին անգամ է, որ հասցեական էր ու բավականին կոշտ:
«ԵԱՀԿ ՄԽ քննադատական այս հայտարարությունը հրապարակվեց Բաքվի ու Մոսկվայի միջև ռեզոնանսային սկանդալին զուգահեռ, երբ ՌԴ Գերագույն դատարանը մերժեց Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությունը օրինական ճանաչել: Վճռին հաջորդած Բաքվի մեղադրանքները, թե հայկական լոբբին ջանք ու եռանդ չի խնայում ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացնելու համար, կոշտ արձագանքի արժանացան ՌԴ ԱԳՆ կողմից: Այս ֆոնին Իլհամ Ալիևի մասնակցությունը արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովին որոշակի երկակի դիտվեց ադրբեջանցի քաղաքական որոշ գործիչների ու փորձագետների կողմից, որոնք ևս մեկ փորձ արեցին ղարաբաղյան հակամարտությանը կրոնական շղարշ հաղորդել: Իսկ հենց դրանից Ադրբեջանի ղեկավարը, որը մեկնեց Էր Ռիյադ, գուցեև ցանկանում էր խուսափել»,- հավելում է «ՆԳ» հեղինակը: