22.11.2024
Գերմանական պարբերական. G7-ին Պուտինին չհրավիրելը մեծ ապուշություն է
prev Նախորդ նորություն

Մեզենցև. Միջուկային խնդրի կարգավորումը կմոտեցնի Իրանի անդամակցությունը Շանհայի կազմակերպությանը

Իրանի և միջնորդ վեցնյակի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացը մոտեցնում է Թեհրանի` Շանհայի համագործակցության կազմակերպության լիարժեք անդամակցությանը: Այդ մասին RT-ի հետ զրույցում նշել է Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ Դմիտրի Մեզենցևը:

Հուլիսին Ուֆայում տեղի կունենա կազմակերպության գագաթաժողովը, որտեղ հայտարարվելու է կազմակերպության ընդլայնման մասին: Այս պահի դրությամբ լիարժեք անդամակցության շանսեր ունեն Հնդկաստանը, Պակիստանը և Իրանը:

Սակայն Շանհայի կազմակերպության կանոնադրությունը թույլ չի տալիս իր կազմ ընդգրկել մի երկրի, որը գտվում է միջազգայնորեն ճանաչված պատժամիջոցների ներքո: Իրանը կարող է ստանալ կարգավիճակի բարձրացում միայն միջուկային ծրագրի շուրջ խնդրի կարգավորումից և ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո: Դա կարող է տեղի ունենալ Իրանի և վեցնյակի բանակցությունների արդյունքում արդեն հունիսի վերջին:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Ռուսաստանը կողմ է Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության քաղաքական որոշման առաջ տանելու գործընթացին: Այդ մասին հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ Իրանը կազմակերպությանն անդամակցության հայտ է ներկայացրել, սակայն ըստ կազմակերպության ընդունած չափորոշիչների թեկնածու պետությունը չպետք է գտնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ներքո: Այդ պատճառով ֆորմալ առումով այդ հայտը դեռևս չի քննարկվել: Լավրովը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո Իրանի՝ Շանհայի կազմակերպությանն անդամակցելու հարցում ոչ մի խոչընդոտ չի լինելու:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ մշտապես գործող միջպետական, միջազգային կազմակերպություն է, որի ստեղծման որոշումը կայացվել է 2001թ.-ի հունիսի 15-ին չինական Շանհայում՝ Ղազախստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: Հայաստանը և Ադրբեջանը կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել: