Ինչպես Ադրբեջանը խորհրդային արդյունաբերական երկրից դարձավ զենք արտահանող. Israel Defense
2000 թվականից հետո Ադրբեջանը զգալիորեն բարելավել է իր պաշտպանական արդյունաբերությունը՝ հասցնելով մինչև այն աստիճան, որ այժմ տեղական արտադրության զենքեր է արտահանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Երկրի ռազմական զարգացման մեծ մասը կարելի է վերագրել Իսրայելին՝ հայտնում է Israel Defense-ը:
1991 թվականին անկախություն ստանալուց հետո Ադրբեջանը նպատակ է դրել մեծացնել իր զինված ուժերի կարողությունը: Լինելով նախկին խորհրդային պետություն հնացած արդյունաբերությամբ՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ավարտից հետո զգալիորեն զարգացրել է և դիվերսիֆիկացրել իր ռազմական արդյունաբերությունը: Այս ամբողջ տարիների ընթացքում Ադրբեջանը շատ բան է արել ռազմական արդյունաբերությունում միջազգային փորձ ձեռք բերելու համար:
2000-ական թվականների սկզբին պաշտոնական Բաքուն որդեգրեց նոր ռազմական քաղաքականություն, ինչը թույլ կտար ուժեղացնել իրենց ռազմա-պաշտպանական արդյունաբերությունը: Մինչդեռ նավթագազային պայմանագրերը Ադրբեջանին բերում էին միլիարդավոր դոլարներ և հետագա արտասահմանյան ներդրումներ, երկրի ռազմական բյուջեն անուղղակիորեն աճում էր 2004-ից 2012 թվականների միջակայքում: Որպես իրենց քաղաքականության մաս՝ 2005 թվականին Ադրբեջանի կառավարությունը հիմնեց պաշտպանական արդյունաբերության նախարարություն, ինչն ուղղված էր Ադրբեջանի զինված ուժերում արդիականացնելու խորհրդային ժամանակաշրջանի զինատեսակները (հիմնականում BMP, BRDM) և վերահսկելու զենքերի արտադրությունը:
Չնայած մինչև 2013 թվականը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնացած էր Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և Բելառուսից տարբեր զինատեսակներ գնելու վրա, երկիրը ավելացնում էր նոր զինատեսակներ արտադրելու իր սեփական հնարավորությունները: Պաշտպանական արդյունաբերության նախարարության վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանը այսօր ունի 1100 տարբեր տեսակի տեղական արտադրության զինատեսակներ՝ ներառյալ տրանսպորտային միջոցներ, հրացաններ, ականներ և այլն:
Անցած տարի Ադրբեջանը ADEX-2016 ցուցահանդեսում ներկայացրեց նոր տեսակի զինատեսակներ: Երկրի նոր զինատեսակների թվում էին Shimshek-10 գնդացիրը`ցերեկ/գիշեր տեսախցիկով՝ նախատեսված հիմնականում տանկերի և զրահամեքենաների վրա ամրացնելու համար, Gurza զրահամեքենան՝ հատուկ ուժերի համար, BRDM-2-ը՝ սպառազինված թուրքական հակատանկային հրթիռային համակարգով, Istiglal-1T խոշոր տրամաչափի գնդացիրը, Mubariz և Yalguzag դիպուկահար հրացանները, որոնք, համաձայն զանգվածային լրատվամիջոցների, համարվում են տեղական արտադրության ամենահայտնի զինատեսակները:
«Ադրբեջանական զինատեսակները համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին»,- ասում է պաշտպանական արդյունաբերության նախարար Յավար Ջամալովը ADEX-2016-ի իր ելույթի ժամանակ: Բացի այդ, Ջամալովը նշել է այն փաստը, որ Ադրբեջանը ներկայումս RPQ-7V2 Gaya նռնականետ, EM-14 ինքնաձիգ և օպտիկական դիտակներ է արտահանում տասը արտասահմանյան երկրներ՝ ներառյալ ԱՄՆ, Ռուսաստան, Պակիստան, Իրաք և Պարսից ծոցի մի քանի միապետություններ:
Թվում է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը ցանկանում է ավելացնել իր տեղական արտադրությունը նույնիսկ ավելի՝ մինչև 2020 թվականը: 2016 թվականի դեկտեմբերին տեղի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ նախարար Յավար Ջամալովը ասել է, որ նախարարությունը աշխատում է հեռահար հրթիռային համակարգի և էլեկտրամագնիսական զենքի արտադրության վրա, որը ընդունակ կլինի ոչնչացնել թշնամու ռազմական տեխնիկան:
Ըստ երևույթին, Ադրբեջանի զինված ուժերը հնարավորություն են ունեցել օգտագործելու տեղական արտադրության զինատեսակները Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում հայկական ուժերի դեմ: 2016 թվականի ապրիլին տարածաշրջանը ականատես եղավ Ադրբեջանի և Հայաստանի միջև անսպասելի պատերազմի Լեռնային Ղարաբաղում: Սակայն ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջնագծում այլ բախումների՝ ապրիլյան բախումներում առաջին անգամ Ադրբեջանի կողմից օգտագործվեցին «կամիկաձե դրոններ»:
Մարտ ամսին Ադրբեջանը ստորագրեց 1.6 միլիարդ դոլարի զենքերի գործարք Իսրայելի հետ, որը կազմված էր մեծ մասամբ առաջադեմ դրոններից (Hermes-450 և Aerostar) և հակաօդային պաշտպանության համակարգերից: Այս և մյուս գործարքներով Ադրբեջանը հավաքել է ավելի քան 100 դրոններ Իսրայելի բոլոր երեք առաջավոր արտադրողներից:
Այսպես կոչված՝ «դրոնային պատերազմի» արդյունավետությունը պաշտոնական Բաքվին մղել է գնելու ավելի շատ իսրայելական արտադրության դրոններ: Միաժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները ասում են, որ երկիրը կկառուցի «հարյուրավոր» կամիկաձե և այլ մարտական դրոններ՝ օգտագործելով իսրայելյան տեխնոլոգիա: Շաբաթ օրը ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան մասի՝ ապրիլին գրաված բլուրներից մեկում տեղակայված ադրբեջանական զորքերի առջև՝ նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ իր երկիրը արդեն գնել է միլիարդների ժամանակակից զենքեր և մտադիր է արտադրել սեփական դրոններ:
Հոկտեմբերին ADEX-2016-ում Ադրբեջանը ցուցադրել է իր առաջին տեղական արտադրության Zerbe (հարված) դրոնը: Հրապարակվել են դրա միայն մի քանի տեխնիկական տվյալները, սակայն այն նման է թվում Իսրայելի Orbiter 1K-ին՝ զինված մարտագլխիկով, աննկատելի ուրվագծերով և մինչև երեք ժամ թռիչքի հնարավորությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է ավելի քան 100 Zerbe դրոններ, որոնք «հայկական բանակի համար դարձել են մղձավանջ», – ասում է Ջամալովը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կամիկաձե դրոնների և այլ ռազմատեխնիկայի զանգվածային արտադրության հիմնական դրդապատճառներից մեկը հայկական զինված ուժերում Iskander-M հրթիռային համակարգի հայտնվելն է: Որոշ հայ փորձագետներ վիճում են, որ հրթիռային համակարգը ուժի կշեռքի նժարը զգալիորեն կթեքի ի շահ Հայաստանի: Սակայն Ադրբեջանի պատշպանության նախարարությունը վստահեցրել է, որ Հայաստանի Iskander հրթիռներին հակակշռելու համար իր երկիրը ունի բավականին հզոր զենքեր:
Այնուամենայնիվ, Երևանի կողմից հրթիռային համակարգերի ձեռք բերումը չի թուլացնի տարածաշրջանի լարվածությունը: Ընդհակառակը՝ այն մեծապես կնպաստի Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև սպառազինության մրցավազքին: