Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկահայերին հասցեագրված ապրիլի 24-ի ուղերձին:
Թուրքիայի ԱԳՆ-ն Թրամփի ուղերձը անվանել է սուբյեկտիվ եւ ապատեղեկատվության արդյունք, որը խորացնում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ատելությունը: «Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կխոսի երկու կողմերի կորուստների մասին», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հղած ուղերձում նշել էր հետեւյալը.
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկուկես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը:
Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը:
Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»:
Ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:
Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: