Ադրբեջանն ակտիվացնում է սաուդյան ուղղությունը
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը ընդունել է Բաքվում Սաուդյան Արաբիայի դեսպան Մեսսադ Իբրահիմ Ալ–Սուլաիմին։
ԱՊԱ–ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարար Հալիդ Ալ Ֆալիհի մայիսի 25-27 Ադրբեջան նախատեսված այցի մանրամասները։ Ալ Ֆալիհն երկար տարիներ եղել է Saudi Aramco–ի ղեկավար և մեծ փորձ ունի նավթային ոլորտում։ Նրա հանդիպումները մեծ ավանդ կբերեն երկկողմ էներգետիկ համագործակցության զարգացմանը։
Վերջերս Սաուդյան Արաբիա էր այցելել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով հանդիպել է այդ երկրի իր գործընկեր Մուհամմադ բեն Սալմանի հետ։ Նա այցելել է նաև Իսլամական ռազմական կոալիցիայի կենտրոն։
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Sputnik Азербайджан–ին հայտարարել է, որ շուտով ադրբեջանական բանակում կհայտնվի Սաուդյան Արաբիայի ռազմական արտադրանքը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան այսօր ռազմական արդյունաբերության ոլորտում առաջատար երկիր է և շուտով սաուդյան ռազմական արտադրանքն ու տեխնոլոգիաները տեղ կգտնեն Ադրբեջանի զինված ուժերում։
Ադրբեջանական բանակի սպաները պետք է օգտվեն Սաուդյան Արաբիայի փորձից և Ջաֆարովը հույս ունի, որ Ադրբեջանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կզարգանան։
Ապրիլի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Սաուդյան Արաբիա ու մի շարք հանդիպումներ ունեցել թագավորության ղեկավարների հետ։