ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համաձայն 2018 թվականի բյուջեի վերաբերյալ ներքին փաստաթղթի և որոշ աղբյուրների, պատրաստվում է կտրուկ կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը, և այլ երկրներին օգնության համակարգման համար պատասխանատու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ն, միացնել Պետքարտուղարությանը: Այդ մասին հայտնում է Foreign Policy-ն, որի տրամադրության տակ է հայտնվել Պետքարտուղարության բյուջեի փաստաթղթի 15 էջանոց մանրամասն տեքստը:
Tert.am-ի փոխանցմամբ, նշվում է, որ վարչակազմը մարտին ներկայացված բյուջեի առաջարկում խոստանում էր կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը մեկ երրորդով, բայց քիչ մանրամասներ էր պարունակում: Համաձայն նոր փաստաթղթի՝ զարգացման համար տրամադրվող գումարները վերաուղղվելու են ազգային անվտանգության խնդիրների հետ սերտորեն կապված ծրագրին:
Փաստաթուղթը մանրամասնում է, թե ինչպես է օտարերկրյա օգնության՝ Թրամփի վարչակազմի ծրագրած կրճատումը տեղի ունենալու 2018 ֆինանսական տարում:
Մասնավորապես, բյուջետային առաջարկի համաձայն, ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը 77,3 տոկոսով: Նախնական ծրագրում նախատեսվում էր 17,633 միլիոն դոլարի օգնություն, իսկ նոր նախագիծը նախատեսում է ֆինանսավորման կրճատում մինչև 4 միլիոն դոլար: Փաստաթղթի համաձայն՝ 100 տոկոսով կրճատվում է Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող օգնությունը, մինչդեռ Վրաստանին տրամադրվող օգնությունը կրճատվում է 41,1 տոկոսով՝ նախատեսված 47,512 միլիոն դոլարից մինչև 28 միլիոն դոլար:
Ինչպես գրում է կայքը, կրճատումների մի մասն ուղղված է երկրներին, որոնք համարվել են ռազմավարական կարևորության երկրներ: Օրինակ՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը, որն օգտագործվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումները խրախուսելու համար, կրճատվելու է 68,8 տոկոսով: Կիևին ի սկզբանե նախատեսվող 570 միլիոն դոլարի ֆինանսական աջակցությունը կրճատվել է մինչև 177 միլիոն:
USAID-ի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ գործակալությունը սպասում է, որ բյուջեի առաջարկը կստիպի փակել 30-35 դաշտային առաքելություն և կրճատել տարածաշրջանային բյուրոները 65 տոկոսով: USAID-ն այժմ գործում է մոտ 100 երկրում:
Բացի առաքելությունների փակվելուց՝ թիրախում է նաև օտար երկրներում առողջական ոլորտի ֆինանսավորումը. կրճատումներ են նախատեսվում 41 երկրներում: