Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման մեղմացումը բոլորին ձեռնտու կլիներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին պատասխանելով РУСАРМИНФО-ի լրագրողի հարցերին, գրում է tert.am-ը:
«Ինձ հասկանալի չէ, թե ինչու են թուրքերն այդպես սևեռվել այդ հարցի վրա: Վաղուց կարող էին մեղմել իրենց դիրքորոշումը, առավել ևս, որ դժվար է մերժել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների, նախևառաջ՝ հայերի սպանությունը: Եթե Անկարան մեղմեր դիրքորոշումը, վաղուց տեղի կունենար Հայաստանի հետ լավ հարաբերությունների վերականգնումը, չէ՞ որ դա բոլորին է ձեռնտու, Հայաստանի համար՝ թուրքական երկաթուղային ճանապարհներով Եվրոպայի հետ ուղիղ կապ ունենալու տեսանկյունից: Այսինքն՝ շահավետ է զուտ կոմերցիոն տեսանկյունից»,- ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործչի կարծիքով՝ երկու ժողովուրդների հաշտեցման հարցին հարկավոր է մոտենալ աստիճանաբար, և Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցին նախորդում են մի շարք այլ նախաձեռնություններ:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, օրինակ, 2015 թվականին Պետդումային առաջարկել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման մասին որոշում ընդունել: Ժիրինովսկու կարծիքով՝ այդ ճանապարհով է հարկավոր գլոբալ առումով մոտենալ Հայոց ցեղասպանության հարցին՝ միջազգային մակարդակում դատապարտելով ցանկացած ցեղասպանություն: «Այդ ժամանակ թուրքերին ավելի հեշտ կլինի ժամանակի հետ խոստովանել հայերի սպանած իրենց զինվորականների սխալները»,- ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչը նաև մեկնաբանել է Ցեղասպանության հարցում Վաշինգտոնի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո:
«ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են գրեթե բոլոր նահանգները, բազմիցս բարձրաստիճան անձինք, այդ թվում և ԱՄՆ նախագահները, խոսել են այդ հարցում հաջակցություն հայերի: Դաշնային մակարդակում ճանաչման բացակայությունը կապված է նրա հետ, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից է Մերձավոր Արևելքում, և ամերիկացիները չեն ցանկանում մտնել Անկարայի համար նման զգայուն հարցի մեջ: Այլ խոսքով՝ այդ ճանաչումը դե ֆակտո կայացել է, բայց դե յուրե ամերիկացիները հաշվարկում են իրենց շահերը»,- ասել է նա։
Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:
Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: