Էրդողանը ցավակցել է Թուրքիայի «իր շատ թանկագին հայազգի քաղաքացիներին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին, որն ընթերցվել է Պոլսո հայոց պատրիարքարանում՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։
Ինչպես և նախորդ տարի` այս անգամ նույնպես Էրդողանը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես Առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձություններ:
«Իմ շատ թանկագին հայազգի քաղաքացիներ, սիրով ու հարգանքով ողջունում եմ ձեզ: Առաջին համաշխարհայինի ծանր տարիներին կյանքը կորցրած հայերի հիշատակը հարգում, իսկ նրանց թոռնիկներին հայտնում եմ իմ ցավակցությունը: Որպես այս տարածքի երկու հնագույն ժողովուրդներ` հայերն ու թուրքերը հազարամյակներ ապրել են միասին, կիսել միմյանց հետ պատմություն ու մշակույթ:
Հայ համայնքը թե՛ Օսմանյան կայսրության տարիներին, թե՛ հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում այս երկրին տվել է բազմաթիվ թանկագին զավակներ, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել մեր երկրի զարգացման գործում: Այսօր էլ, ինչպես երեկ, մեր հայ քաղաքացիները շարունակում են իրենց կարևոր դերը ստանձնել մեր երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում: Թուրքիայի իշխանությունները ակտիվ աշխատանքներ են տանելու Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցում», - նշել է Էրդողանը: