Բռնի իսլամացումից մինչև Թուրքիայի առաջին կին համայնքապետ. Եղեռնի պատմություններ
Ֆոտո՝ gazetesujin.com
Թուրքական gazetesujin.com կայքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, ներկայացրել է ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ կանանց պատմությունները: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում է tert.am-ը:
Կայքը շեշտում է, որ այդ տարիներին կանայք ու որբ երեխաները եղել են ամենախոցելի խումբը, որն էլ հաճախ հանդիսացել է ցեղասպանության հիշողության կրողը հետագայում: gazetesujin.com-ն ընդգծում է, որ գաղթի ճանապարհին առևանգված, բռնության ենթարկված, բռնի ամուսնացված ու կրոնափոխված հայ կանայք անկախ ամեն ինչից շարունակել են մնալ իրենց հայրենիքի նաև մշակութային ժառանգության կրողը:
Կայքում տեղ են գտել մի շարք կանանց պատմություններ՝ իր կամքին դեմ իրեն բռնաբարած քուրդ աղայի հետ ամուսնացած ու մինչև կյանքի վերջ հայկական ժողովրդական երգերով հոգեկան տրավման հաղթահարել փորձած Պետոյի աղջիկ Խանեից մինչև ստրկության վաճառված ու հետագայում Թուրքիայի առաջին կին գյուղապետ դարձած Ֆաթմա:
Ֆաթման, որի անունը փոխվել է բռնի մահմեդականացումից հետո, իր փոքրիկ աղջկա` Ալիսի հետ ընտանիքի միակ փրկվածն էր: Մայր ու աղջիկ որպես ստրուկ գնվել են Դեր Զորի գաղթի ճանապարհին և տարվել նույն քրդական ընտանիքը` մեկն ընտանիքի հոր, մյուսն էլ որդու համար:
Ամեն օր սարերում որպես ստրուկ աշխատած, իսկ երեկոյան մահմեդական տղամարդկանց կողմից հարձակումների ենթարկված Ֆաթման և Ալիսը պատկանում էին հայ կանանց այն խմբին, որոնք «Կամ մահ, կամ իսլամ» երկընտրանքից ընտրել էին մահը: Սակայն Ֆաթման միայն երջանիկ պատահականությամբ կարողանում է ողջ մնալ զանգվածային գնդակահարության ժամանակ:
Ավելի ուշ Մարդինի նահանգում մեկ այլ քուրդ աղայի կողմից մի քանի թուրքական լիրայի դիմաց գնված Ֆաթման բռնակալ ամուսնու մահից հետո դառնում է շրջակա 7 գյուղերի համայնքապետը, քանի որ քրդաբնակ տարածքում քիչ թե շատ կրթություն ունեցող ու թուրքերեն իմացող միակ մարդն էր:
Ի դեպ, «ցեղասպանություն» եզրույթը թուրքական կայքն օգտագործել է առանց չակերտների և նշել, որ երիտթուրքերի կառավարման շրջանում թուրքական ազգայնականությունից ամենամեծ վնասը կրած ժողովուրդը հենց հայերն են: