25.11.2024
ԱԳՆ. Թուրքիային պետք չէ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանը պատրաստավում է երկարատև կառավարման

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության համամասնական և ռեյտինգային ցուցակներով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Վարդան Այվազյանը նախորդ տարի 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է գնել: ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նոր հայտարարագրում նշել է նաև, որ նախորդ տարի հետ է վերադարձվել իր 250 հազար դոլար արժողությամբ փոխառությունը:


Փոխառությունը սովորաբար լինում է կամ ավանդի, կամ տոկոսով տրամադրած գումարի ձևով, սակայն վերջին դեպքում դրա տոկոսները չեն կարող այնքան շատ լինել, քանի որ կհամարվի վաշխառություն: 2016 թվականի սկզբին Վարդան Այվազյանի դրամական միջոցները հետևյալ տեսքն են ունեցել՝ 12 միլիոն 900 հազար դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել են: Ազգային ժողովի պատգամավորի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, եղել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, որը կազմել է 8 միլիոն 260 հազար դրամ: Վարդան Այվազյանն ունի հողին ամրակայված 3 անշարժ գույք, Range Rover և Bentley ավտոմեքենաներ, երկու ընկերությունում էլ բաժնեմաս»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանայն» դաշինքի երեկ Աբովյանի մշակույթի տանը կայացած հավաքը շատերի համար անսպասելի բավական մարդաշատ է եղել։ «Ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ այդ «մարդաշատ» հավաքին ընդամենը 170 հոգի է եղել Աբովյան քաղաքից։ Հավաքի մնացած մոտ 350 հոգին Սեյրան Օհանյանի հայրենի Մրգաշեն գյուղից են բերվել ավտոբուսներով։ Հիշեցնենք, որ ծնվել է Շուշի քաղաքում, բայց միջնակարգ դպրոցն ավարտել է 1979 թվականին՝ Մրգաշենում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՕՐՕ դաշինքը մարզերում աշխատանքի է ընդունում ակտիվիստների, 30 հազար դրամ աշխատավարձով, որի դիմաց պարտավոր են 8-10 ձայն բերել։ Տեղեկություն ստացանք Վանաձորից, որ ընտրությունները բոյկոտող Հիմնադիր խորհրդարանի վանաձորյան ակտիվը նույնպես աջակցում է ՕՐՕ դաշինքին։ Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանին։ Նա ասաց, թե տեղյակ չէ, խորհուրդ տվեց խոսել Հասմիկ Էվոյանի հետ։ «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, երեկ էլ են ինձ հարցրել, հաստատ կարող եմ ասել, որ չկա նման բան։ ՀԽ-ն ընտրական գործընթացներին չի մասնակցում»,- ասաց Էվոյանը»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն: Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր: Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը երեկ ասուլիսում ներկայացրել էր, ըստ իրենց ուսումնասիրությունների, ինչպիսին կլիներ ընտրությունների պատկերը, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ`«Ծառուկյան» դաշինքը կստանար 26,4 տոկոս ձայն, ՀՀԿ-ն` 22,8 տոկոս, «Ելք» դաշինքը`4.3 տոկոս: «Ազատության» եթերում Փաշինյանն ասաց, որ նույն կենտրոնի իր աղբյուրների նշած թիվը առնվազն երեք անգամ մեծ է հրապարակվածից: Այսինքն «Ելք» դաշինքը այս պահին 14 տոկոս ձայն ունի:


Առաջին հայացքից, տարօրինակ է, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակային արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, և ոչ` ՀՀԿ-ն: Սակայն, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգևորվել իր 80 տոկոս վարկանիշով: Կարապետյանին «ռամկաների» մեջ պահելն իհարկե կարևոր է, բայց նախընտրական շրջանում նման թվեր հրապարակելը կարող էր նաև ռիսկային լինել: Ամեն դեպքում քաղաքական ուժը, տեսնելով, որ առաջատար դիրքերում է, կարող է ձգտել քվեարկության արդյունքներով նույնպես գրավել այդ դիրքը և հաջորդ իշխանությունը ձևավորել:


Հնարավոր է, բայց ոչ Ծառուկյանի դեպքում: Ծառուկյանին հիմա կտտանքների էլ ենթարկեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա: Եվ դա լավագույնս երևաց Լոռվա մարզում այսօրվա նախընտրական հանրահավաքի դրվագով, երբ քաղաքացիներից մեկը քիչ էր մնում Սերժ Սարգսյանին քննադատեր, բայց Ծառուկյանը ժամանակին կանխեց: Փորձենք այնուամենայնիվ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանը այս ընտրություններից առաջ չվերադառնար քաղաքականություն: Շատ բան չէ, ընդամենը «Ելք» դաշինքը քարոզարշավի սկզբում կհայտնվեր երկրորդ տեղում` մինչև քարոզչության ավարտը առաջին հորիզոնականը գրավելու ռեալ հեռանկարով: Ճիշտ է, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրեց մոռանալ ամեն ինչ և վերադառնալ, «Ելք» դաշինք գոյություն չուներ: Բայց կային դաշինքի լիդերները, կար Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, պաշտոնից նոր հեռացած պաշտպանության նախարարը: Ու չէր բացառվում, որ նրանցից որևէ մեկը պարտիան հաջող կխաղար և հաղթանակի շանսեր կստանար, ինչպես փաստորեն եղավ «Ելք»-ի դեպքում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը: Պատահական չէ այն փաստը, որ թեև ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ՀՀԿ նախընտրական քարոզարշավն անցկացնում է անձամբ Կարեն Կարապետյանը: Ավելին` վարչապետը սոցիալական ցանցերից մեկում «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցի հղումը տեղադրել է հետևյալ նախաբանով` «Հայաստանի տնտեսական զարգացման իմ տեսլականը` 2018թ-ից»: Այլ կերպ ասած` Կարապետյանը շատ հստակ հասկացրել է, որ դեռ երկար ժամանակ ինքն է լինելու Հայաստանի վարչապետը` անկախ այն խոսակցություններից, որ 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, ինքը չի բավարարի կառավարության անդամների համար սահմանված չափորոշիչներին, քանի որ վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանում:


Ամենայն հավանականությամբ, Կարապետյանին այս վստահությունը ներշնչել է Սերժ Սարգսյանը, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հայտարարել է, թե վարչապետը երկարատև գործունեություն է ծավալելու: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` նա նաև նշել է, թե Կարապետյանը մեծ անելիք ունի ինչպես կուսակցությունում, այնպես էլ պետության մեջ, և նրա հետ երկարատև պլաններ են մշակել: Սա ՀՀԿ-ականների մոտ կարծիք է ձևավորել, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը մտադիր է հանձնել Կարեն Կարապետյանին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Հերացու փողոցի 2ա հասցեում գտնվող ՀԱՊԿ ակադեմիայի շենքը, որը Արթուր Բաղդասարյանը սկսեց կառուցել, երբ դեռ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր, պարզվում է՝ այդ շենքը գրանցված է իր և ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի անվամբ ու ՀԱՊԿ-ը ոչ մի իրավունք չունի այդ տարածքի նկատմամբ։ Այդ շենքը անցյալ դարասկզբի՝ 1936թ. կառուցված Երևանի եզակի կառույցներից էր, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծած Երևանի Հրաչյա Աճառյանի անվ. թիվ 72 դպրոցը, որը համարվում էր պատմամշակութային արժեք, սակայն շինարարական անփույթ աշխատանքի ժամանակ ֆասադը, որը ըստ նախագծի պետք է պահպանվեր, ամբողջությամբ քանդվեց։ Դպրոցի շենքը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ անհատույց հանձվել է ՀԱՊԿ ակադեմիային 2013թ. սեպտեմբերին, սակայն անհայտ հանգամանքներում այն ձևակերպվել է Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի անուններով։