25.11.2024
Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանը պատրաստավում է երկարատև կառավարման
prev Նախորդ նորություն

Օհանյանը ՀՀԿ-ից պահանջում է չներքաշել զոհված տղաների ծնողներին քարոզարշավի մեջ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը կոչ է անում ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին զերծ մնալ որեւէ քաղաքական ուժի քարոզարշավի մասնակցությունից: Իր կոչը Օհանյանը հատկապես ուղղեց Հանրապետական կուսակցությանը.


«Ոչ մի քվե չարժե նման քայլի։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը սպա է, կռվել է արցախյան պատերազմում, որի որդիները եւս ծառայում են հանուն հայրենիքի։ Քարոզարշավը պետք է տանել քաղաքակիրթ ձեւով ու չներքաշել դրան ապրիլյան պատերազմի մասնակիցների հարազատներին ու չհանել ժողովրդի մի մասին մյուսի դեմ», - Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց նա:


Նշենք, որ Օհանյանի կողմից նման կոչով հանդես գալն ունի նախապատություն: Արդեն երկու օր է, ինչ հայաստանյան համացանցը քննարկում է ՀՀԿ պատգամավորության վարկանիշային թեկնածու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նույն օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանի նախընտրական քարոզչությանը ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների մասնակցությունը:


«Ես սա ասում եմ որպես մարդ, որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհելու իր կյանքը։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։ Եվ վերջապես՝ ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Օհանյանը։


Անդրադառնալով բուն քարոզարշավին, Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ ի դեմս ՕՐՕ դաշինքի հանրությունն ունի իսկական այլընտրանք. «Մենք հիմնականում չորս ուղղությամբ ենք աշխատելու՝ արդարության հաստատում, քանի որ Հայաստանը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես ավտորիտար պետություն, արտաքին քաղաքականության, աշխատատեղերի ստեղծման: Ինչպես նաև Հայաստանը պետք է դարձնենք ՀՀ – Արցախ - Սփյուռք եռամիասնության վերջին հանգրվանը»,- ասաց նա` ավելացնելով, որ երկրում առկա իրավիճակը փոխելը տքնաջան աշխատանք է պահանջում, բայց միանշանակ է, որ հարցերի մեծ մասը հնարավոր է արագ լուծել:


Դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն էլ խոսելով տնտեսության զարգացման մասին ասաց, որ դրա համար «փողի խնդիր չկա»` մատնանշելով Քըրք Քըրքորյանի $3.5 մլրդ կտակը, որը, նրա հավաստմամբ, կարելի է բերել Հայաստան: