25.11.2024
Օհանյանը ՀՀԿ-ից պահանջում է չներքաշել զոհված տղաների ծնողներին քարոզարշավի մեջ
prev Նախորդ նորություն

Ես հետ չեմ կանգնի. Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Հայաստանի մարզերում: Նախօրեին նա հանդիպումներ ունեցավ Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ այսօր արդեն Գեղարքունիքում էր:


Հիմնական թեզերը, որ «Բարգավաճ Հայաստանի» նախագահը հասցնում է իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին այն է, որ ստեղծված իրավիճակից ելք կա և դաշինքի առաջնահերթ 15 կետերը, որ ամրագրել են, երկրում առկա խնդիրների լուծումներն առաջարկում են: Դրանց թվում են գործազրկությունը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումը, պետպատվերի և առհասարակ պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարումը, արագաչափերի և «կարմիր գծերի» թալանի վերջը, փոքր և միջին բիզնեսին հարկային արտոնությունների տրամադրումը:


Այս ամենը Ծառուկյանը խոստանում է կյանքի կոչել ընտրվելուց հետո առաջին իսկ ամսում, իսկ ահա մնացած խնդիրները, որոնք ավելի գլոբալ են ու երկար ժամանակ են պահանջում, իշխանության եկած «Ծառուկյան» դաշինքը կլուծի հաջորդաբար. «Անհնարին ոչինչ չկա, միայն պետք է ճիշտ ընտրություն կատարեք` դուք ինքներդ, ոչ թե ինչ-որ մեկին խաթր անեք, ով ընդամենը ուզում է իր պաշտոնը պահել»,- հայտարարում է նա մարզերում:


Իր նախընտրական խոստումներում Գագիկ Ծառուկյանը հիշատակում է նաև այն խնդիրները, որ հուզում են հենց մարզերի բնակիչներին` բանկերի բարձր տոկոսները, որոնք խոչընդոտում են գյուղացուն իր բերքի «խերը» տեսնել, նախկինում հզոր գործարանների ու արտադրությունների վերագործարկում, ինչը կլուծի աշխատատեղերի խնդիրը և մարդիկ այլևս ստիպված չեն լինի մեկնել արտագնա աշխատանքի՝ ընտանիքը պահելու համար: Նա նաև մատնանշում է գյուղատնտեսության և արտահանման խթանման անհրաժեշտությունը, ինչը ևս իրենից ենթադրում է գյուղացիական վարկերի չափազանց բարձր տոկոսների նվազում: Ավելորդ է նշել, որ մարզային հանդիպումների ժամանակ այս խոստումները արժանանում են հավաքվածների բուռն արձագանքին:


Եվ քանի որ հանդիպումներից առաջ իրեն շատ են դիմում հարցով, թե արդյոք այս անգամ էլ նա չի հեռանա, Գագիկ Ծառուկյանը պարզաբանում է 2015 թվականի իրադարձությունները, երբ հեռացավ, որպեսզի արյունահեղություն չլինի: Երբեմն էլ մի քանի տարի հետ է գնում.


«Ես հետ չեմ կանգնի, բայց ժողովուրդը նույնպես պետք է պատրաստակամ լինի այս անգամ քվեարկելու ոչ թե խաթրով, այլ այնպես, որ երկիրը վերջապես փոխվի: Համակարգ է պետք փոխել, օրենք գրող է պետք փոխել: Առանց այն 15 կետերի, որ մենք ամրագրել ենք, փրկություն չկա, դա պետք է կատարվի, որ մարդիկ շնչեն: Եթե մեզ հնարավորություն ընձեռվեց ու 50+1 տոկոսը տվեցիք մեզ, այդ 15 կետը նույն ամսում անմիջապես իրականություն է դառնալու»,- հայտարարում է նա:


Ապա ավելացնում. «2012-ին «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա չմտավ, որովհետև այդ քարոզարշավի ժամանակ մեր տված խոստումները չէինք կարող կատարել, օրենք ու իրավիճակ չէինք կարողանալու փոխել: Բայց այսօր իրավիճակն այլ է և մենք իսկապես հնարավորություն ունենք ամենը կյանքի կոչելու: Ամենակարևորը դուք գնացեք ընտրության, առանց որևէ մեկին լսելու, մնացածը մենք կանենք»: