25.11.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայով
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը բարկացել է նախընտրական ծեծկռտուքներից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը: Նախարարությունը պատճառաբանել է, թե Արփա գետի վրա գործում է երեք ՀԷԿ, եւս երեքն էլ կառուցման փուլում են, եւ այս մեկի կառուցումը կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել: Նկատենք, որ Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի կոնցեռն» ընկերության տնօրենն է: Բայց «Գնդեվանք-1» ՀԷԿ-ը նա ցանկացել է կառուցել «Ամրիտամ» ընկերության միջոցով, որի բաժնետերերից է: Հավելենք, որ Առուստամյանը ՀԷԿ-երի բիզնեսում մեծ փորձ ունի. Արփա գետի վրա արդեն իսկ կառուցվող «Ջերմուկ տուրբշին» ընկերությունում իր եղբոր՝ Սպարտակ Առուստամյանի հետ բաժնեմաս ունի: «Ժողովուրդ»-ն Առուստամյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարության մերժումը կապ ունի առաջիկա ընտրությունների հետ: «Չեմ կարծում»,- հակիրճ ասաց նա»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների և բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ: Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով և պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն: Մասիսում բախվել էին ՀՀԿ‐ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակցի շտաբի հարևանությամբ: Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է և բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը»: Մուրադյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Սարգսյանն իրեն արգելել է վիճաբանություններ հրահրելը: «Մանրամասն չասեմ՝ ինչ է ասել, բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն: Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի: Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,‐ հավելեց նա»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,‐ մեր զրույցում ասաց ՀՀԿ‐ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցությո՞ւն: Հիշեցնենք, որ հայր Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4‐րդ հորիզոնականում է, և եթե այդ կուսակցությունն ընդամենը նվազագույն շեմը հաղթահարի, նա պատգամավոր կդառնա: Իսկ նրա որդին՝ Արման Բաբլոյանը, որը ղեկավարում է իրենց ընտանիքին պատկանող Արաբկիր բժշկական կենտրոնը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Երևանի թիվ 2 ընտրատարածքում: Իսկ միգուցե նրանցից մեկնումեկը կառավարությո՞ւն գնա, հատկապես որ որդին 2013‐2015թթ. առողջապահության փոխնախարար է եղել, ու մինչև հիմա էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում: «Հիմա ոչինչ չենք կարող ասել: Նախ, պետք է աշխատենք, ժողովուրդը պետք է գնահատի, կընտրի՝ հետո կորոշենք»,‐ պատասխանեց Արա Բաբլոյանը»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է ինչպես են ադրբեջանցի ուսանողները հայերեն սովորում։ 2016 թվականի մայիսին արված տեսանյութում ուսանողները հայերենով լողանում են դասախոսին, քննարկում օրվա դասի թեման և դաս պատասխանում։ Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տեսանյութի վերաբերյալ։ «Բաքվի պետական համալսարանն է. պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնը»,– ասաց նա։ Հայաստանում ադրբեջաներեն է դասավանդվում։ Ինչպես նշում է Վրթանեսյանը. նման առարկա կա Երևանի պետական համալսարանում, բացի այդ 2016 թվականի մարտից ադրբեջաներենի դասընթացներ Է կազմակերպում «Ռազմինֆոն»։ «Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ, արևելագետներ կովկասագետներ, քաղաքագետներ. Ընդհանրապես փորձում ենք համակարգված հիմքի վրա դնել ուսուցումը։ Այդ աշխատանքի շրջանակներում նաև ստեղծվեց ու հրապարակվեց ռազմական եզրերի ադրբեջաներեն-հայերեն. հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարան։ Ու արդեն աշխատում ենք նոր ավելի ընդլայնված հրատարակության վրա»– ասաց Վրթանեսյանը։ Ապրիլից ադրբեջաներենով հետաքրքրվողների մի նոր խմբի հետ սկսվելու են դասընթացները։ Խմբերում լինում են 10-12 հոգի։ Ինչպես տեղեկացնում է Կարեն Վրթանեսյանը, ոչ բոլորն են ավարտում։ Ներածական դասընթացը տևում Է 1.5-2 ամիս կախված խմբից։ Հետո արդեն դասախոսներն անհատական աշխատում են ընտրված մարդկանց հետ»,–գրում է թերթը։

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը անցյալ տարվա օգոստոսին բրազիլական Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից հետո ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին աշխատավարձ և նախատեսված հավելավճարներ չի վճարել։ Սամվել Կարապետյանը քանիցս նշել է, որ տարեկան շուրջ 2 մլն դոլար է ծախսում ֆեդերացիայի բնականոն աշխատանքի վրա, մինչդեռ մեր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը փաստում են, որ ֆեդերացիայում նրա կատարած ծախսերը չեն գերազանցում 700-800 հազար դոլարը։ Մարզիկների աշխատավարձերի ամիսներով ուշացումը որևէ ձևով չեն ազդել, սակայն, Լոռու մարզում առաջադրված Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի նախընտրական ծախսերի վրա։