25.11.2024
Սերժ Սարգսյան. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը պատերազմ չի ցանկանում
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայով

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ: Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն և թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ: Այս մասին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման արդյունքներով ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը և այդ քառորդ դարի ընթացքում փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը:

Սերժ Սարգսյանի խոսքով` գլխավոր քարտուղարի հետ քննարկել են ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Հայաստանը, ըստ երկրի ղեկավարի, շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի. Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին:

Սերժ Սարսյանը նշել է, որ անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Այս համատեքստում կարևորել է ՆԱՏՕ-ի և անձամբ Յենս Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»», - շեշտել է ՀՀ նախագահը:

Իր հերթին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետև համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև բխում է երկու կողմերի շահերից էլ: Այժմ, նրա խոսքով, մշակվում է նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որը համապատասխանեցված է Հայաստանի կարիքներին և պահանջներին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Ստոլտենբերգն ասել է.

«Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով, ներառյալ՝ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է այդ ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերն», - նշել է նա: