VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Վրաստան կատարած այցի մասին պաշտոնական հաղորդագրություններից առայժմ հայտնի չէ, թե տարբեր խնդիրների շուրջ բանակցությունները ինչպիսի արդյունքներ են տվել եւ որքանով է այդ այցը հաջողված: Նշվում է միայն երկուստեք բարեմաղթանքների մասին եւ նաեւ
Կարեն Կարապետյանի` վրացի իր կոլեգային Հայաստան հրավիրելու մասին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, խոսք է գնացել «տարածաշրջանային կոոպերացիայի» մասին, այսինքն՝ որոշ բնագավառներում, պատկերավոր ասած, շուկաների միավորման մասին: Սակայն Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին որոշակի խնդիրներ է առաջացնում այդ հարցում: Նշենք, որ Վրաստանի հետ քննարկվող հիմնական հարցերը վերաբերում են Վրաստանի տարածքով բեռների տարանցմանը եւ էներգետիկայի ոլորտում համակարգերի կապակցմանը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվել են: Մեզ հայտնի դարձավ, որ ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ: Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ‐ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» եւ «Աննալուս» ընկերություններում, եւ 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ‐ում ﴾Տաջիկստան﴿: Փորձեցինք անձամբ պատգամավորից մեկնաբանություն ստանալ մեր տեղեկությունների հետ կապված, սակայն վերջինս նույնիսկ մեր հարցը չլսեց: Մամամուլում գրվել է, որ Գուրգեն Արսենյանը չկարողանալով որևէ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում տեղ գտնել, հասել էր նրան, որ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի պետք է անցներ, սակայն մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցում ևս անհաջողությունները չեն շրջանցել նրան»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձեւակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ եւ ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են: Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում եւ մաքսայինում ձեւակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ: Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է: Խնդիրն այն, որ, մեր տեղեկություններով՝ մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը: Վերջինս լայնորեն ներկայացված է նաեւ բջջային հեռախոսների եւ դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում: Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների` տվյալ դեպքում սմարթֆոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը, խուսափում են այդ մասին բարձրաձայնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ամենակոլորիտային «մաեստրոն»՝
Գալուստ Սահակյանը, երեկ մտքի հերթական փայլատակումն է ունեցել։ Նա մասնակցել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսին, որտեղ, բնականաբար, ելույթ է ունեցել։ Եվ ելույթի ժամանակ, ողջունելով արցախցի երիտասարդ նկարիչներին, հայտարարել է․ «Բոլորս պարտավոր ենք նկարել»: Թե ինչ է ցանկացել արտահայտել «մաեստրոն» այս մտքով, կիմանա միայն ինքը։ Նրա այս միտքը շատ նման է սեպտեմբերի 1-ին երեխաների մասին հայտնած իր մտքին, թե «երեխաները պարտավոր են մեծանալ»։ Կամ էլ գուցե ընտրությունների ժամանակ իշխանությունների «թվանկարչությունն» է ակնարկել»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է։ Ըստ այդ հարցումների՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է։ Հետընտրական հնարավոր համագործակցության շուրջ
Սերժ Սարգսյանը պատրաստվում է արդեն պայմանավորվել Ծառուկյանի հետ համամասնության եւ հարաբերությունների մասին՝ երաշխիք ստանալով, որ որեւէ անակնկալ չի լինելու։ Ծառուկյանը մինչ այս պահը մեծ ամբիցիաներ չի ցուցադրել եւ նրա վերադարձը մինչ այս պահը իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի համար որեւէ խնդիր չի առաջացրել»:
«Իրատես» թերթը գրում է. «
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողեց ու մտավ նախընտրական պայքարի մեջ։ Նրա շրջապատի անդամները վստահեցնում են՝ նա բավական լավ է հաշվարկել իր ապագան։ Այսպես թե այնպես, շուտով նրանից
Սերժ Սարգսյանն ազատվելու էր, իսկ Իշխան Զաքարյանն առաջինը քայլ արեց։ Բայց երկար տարիներ հսկող-վերահսկող Զաքարյանը հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ։ Մեր տեղեկություններով, բացի այն, որ ԲՀԿ-ում նա է որոշում՝ ով որտեղ, ինչ հորիզոնականում ավելի լավ «կնայվի», նաեւ ընտրությունից հետո սեփական ծրագրերն է մշակել։ Նույն աղբյուրի պնդմամբ, կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո Իշխան Զաքարյանը մտադիր է զբաղեցնել նախարարի պաշտոն, չնայած, ասում են, նրան ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ժառանգության»՝
Րաֆֆի Հովհաննիսյանի միակցումը «Օհանյան» դաշինքին
Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հույսեր է «ներշնչել», որ այդ դաշինքի նկատմամբ «ոչ անտարբեր», դաշինքին պառլամենտում երկրորդ «հորիզոնական» տված
Հովիկ Աբրահամյանին կհաջողվի ընդհատակից երկու` Ծառուկյան-Օհանյան ֆլանգով «մասնակցել» ընտրություններին: Մեր տեղեկություններով, սակայն, «Օհանյան» դաշինքի ուժեղացմամբ շահագրգիռ է եղել նաեւ իշխանությունը, քանզի դաշինքի փլուզման դեպքում ուժեղանալու էր «Ծառուկյան» դաշինքը, ինչը չէր մտնում իշխանությունների պլանների մեջ, քանզի ընդդիմադիր դաշտը իշխանությունները փորձում են մոդերացնել մի քանի ֆլանգով, որպեսզի այնտեղ որեւէ մեկը դոմինանտ չլինի: Ի դեպ, ՀՀԿ-ում Արգամիչին չեն մոռացել եւ համարում են, որ նրա համար միակ ճիշտ ելքը կրկին «տուն վերադառնալն» ու Սերժ Սարգսյանի հետ «լեզու գտնելն» է` «իր համար պատային այս վիճակում»:
Սա Արգամիչի շրջապատում նույնպես անհնար չեն համարում, սակայն որեւէ մեկը մատը մատին չի խփում այդ ուղղությամբ, ինչպես եղավ Սարգսյան-Ծառուկյան «բանավեճի» ժամանակ, երբ Կարեն եւ
Սամվել Կարապետյան եղբայրները «նոն ստոպ» ամեն ինչ արեցին, որ այդ «բանավեճը» շատ արագ հարթվի: «Այսօր ոչ ոք, այդ թվում՝ Ծառուկյանը, չի ցանկանում հայտնվել Արգամիչի ու
Սերժ Սարգսյանի «արանքում». նավը ափից, կարծես, մի քիչ շատ է հեռացել, չնայած, ասում են, քաղաքականության մեջ անհնար բան չկա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ Կա մեկ վիրավոր։ Իսկ ինչից է սկսվել պատմությունը։ Աժ պատգամավոր
Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։ ArmLur.am-ի տեղեկություններով մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ
Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։ Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր
Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ոստիկանները գտնվում են Մասիս քաղաքում Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբում: Դեպքից հետո անհայտ է, թե ուր է Մուրադ Մուրադյանը։ Սակայն, ինչպես պնդում են Մասիսի մեր աղբյուրները, այսքանով ամեն ինչ չի ավարտվել։ Ծեծից հետո Արայիկ Գրիգորյանը մտել է Մուրադ Մուրադյանին պատկանող շտաբ եւ ասել, որ անպատիժ չի մնալու Մուրադիկը, վաղը կշարունակվի «թեման»։ Այսպիսով, Հանրապետականների ներսում սկսվել է ներքին ռազբորկան, իսկ թե ինչով սա կավարտվի, դժվար է ասել: ArmLur.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է Արայիկ Գրիգորյանին հանգստանալ և փակել պատմությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որտեղի՞ց է սկսելու եւ ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը»՝ հարցրինք մամլո պատասխանատու
Իվետա Տոնոյանին։ «Քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, զուգահեռաբար գործելու են այլ քարոզչական խմբեր»: Ինչպե՞ս է դիմագրավելու հակաքարոզչությանը, դաշինքից դուրս մնացած քաղաքական ուժերը կարծես դեմարշի են պատրաստվում։ «Հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է, բացառապես առաջնորդվելու ենք մեր ծրագրերի քարոզչությամբ»: Չե՞ք պատասխանելու: «Փորձելու ենք չմտնել այդ կարգի պոլեմիկաների մեջ»: