24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ
prev Նախորդ նորություն

Գազատարի 25% բաժնեմասի վաճառքը ճանապարհ է հարթում տարածաշրջանում Ադրբեջանի մոնոպոլ կառավարմանը

Վրաստանը դարձյալ վերադարձել է դեպի Հայաստան գազ սնուցող գազատարի 25 տոկոս բաժնեմասը վաճառելու մտադրությանը, որը մի քանի անգամ այդպես էլ մնացել է անավարտ՝ մասնավորապես 2011 և 2012 թվականներին: Վրաստանի վարչապետի խոսքով՝ եթե լինեն բարենպաստ աճուրդային պայմաններ, ապա գործարքը հնարավոր է իրականություն դառնա:

Արդեն իսկ հայտնի է, որ պոտենցիալ գնորդները առնվազն երկուսն են՝ ռուսական Գազպրոմն ու ադրբեջանական SOCAR-ը: Վերջինիս պարագան, իրավացիորեն, Հայաստանում մտահոգության մեծ ալիք է բարձրացրել և իշխանությունների առջև հրամայական դարձել՝ անել հնարավորը, որպեսզի Թբիլիսին այդ գործարքը Ադրբեջանի հետ չիրականացնի: Թեև հասկանալի է, որ դա Վրաստանի սուվերեն իրավունքն է վաճառել ում ցանկանա և երբ ցանկանա, բայց Երևանից մատնանշում են հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը: Միաժամանակ իշխանությունները հավաստիացնում են, որ մտահոգվելու առիթ չկա և անգամ եթե այդ 25 տոկոս բաժնեմասը ձեռք բերի Ադրբեջանը, ապա դա չի կարող սպառնալիք դարձնել ՀՀ էներգետիկ անվտանգությունը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Ազգային Ժողովում հայտարարեց, որ եթե նման զարգացում լինի, ապա հայկական կողմը փաստարկներ ունի հարևան երկրի հետ խոսելու համար: Թե ինչ փաստարկների մասին է խոսքը դեռ անհայտ է:

VERELQ-ի հետ զրույցում վրացագետ Ալիկ Էրոյանցը նշեց, որ այսօր Հայաստանը լուրջ մտահոգվելու առիթ չունի, քանի որ 25 տոկոս բաժնեմասը չի կարող սպառնալիք լինել մեր էներգետիկ անվտանգությանը: Բայց սա առիթ է մտահոգվելու հետագայի համար, եթե, օրինակ, հեռանկարում Ադրբեջանը ձգտի ձեռք բերել ավելին:

Վրացագետի խոսքով՝ գազատարի վաճառքի հարցը նոր չէ, այն տարիներ շարունակ ակտուալ է եղել և դարձյալ արդիական դարձել Վրաստանի վարչապետի տվյալ հայտարարությունից հետո: Սակայն նույն Կվիրիկաշվիլին էլ նշել է, որ հնարավորինս նպաստավոր աճուրդային պայմաններ պետք է ստեղծվեն գործարքի համար: Էրոյանցը նշեց, որ բացի այդ կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս՝ հանրության կարծիքը, քանզի նախկինում, երբ շրջանառության մեջ դրվեց գազատարի վաճառքի մտադրության մասին լուրը, հանրությունը իր բողոքն արտահայտեց, այնպես որ հիմա էլ դա բացառված չէ:

Հայաստանի համար ամենից մտահոգիչն այս իրավիճակում, անշուշտ, այն հանգամանքն է, որ այդ 25 տոկոսը կարող է ձեռք բերել ադրբեջանական ընկերությունը, որն իր մտադրության մասին արդեն հայտարարել է: Էրոյանցը հիշեցրեց՝ նույն մտադրությունը կա նաև ռուսական «Գազպրոմի» մոտ, այնպես որ հարկ է սպասել, թե ինչպիսի աճուրդային պայմաններ կառաջարկվեն: Բայց, իհարկե, չպետք է նաև անտեսել այն ռիսկերը, որ ի հայտ են գալիս.

«Հայաստանի համար ադրբեջանական ընկերության կողմից բաժնեմասի ձեռքբերումը ռիսկային կարող է լինել հեռանկարային տեսանկյունից, եթե հետագայում այդ 25 տոկոսը վերածվի 50 + 1 տոկոսի: Նման իրավիճակում դա Հայաստանի համար մեծ վտանգ կարող է պարունակել, քանի որ ընդհանուր կառավարման վրա ադրբեջանական ընկերությունը արդեն ազդեցություն անշուշտ կունենա: Սակայն այդ պարագայում ևս կան գործոններ, որոնք կարող են դիմակայել ու արգելափակել հնարավոր վնասները՝ նախ հայ-վրացական հարաբերությունների մակարդակը դա թույլ չի տա, հասարակությունը: Բացի այդ, Հայաստանն ունի գազամատակարարման այլընտրանք՝ Իրանի գազատարը: Եվ եթե տեսականորեն ենթադրենք, որ նման բան կարող է տեղի ունենալ և հետագայում Ադրբեջանը ձեռք կբերի գազատարի 50+1 և ավելի տոկոս բաժնեմաս, ապա այլընտրանքային գազատարը իրավիճակը կշտկի... թեև հասկանալի է, որ ցանկալի չէ նման զարգացման ականատես դառնալը»,- ասաց Ալիկ Էրոյանցը: Ամեն դեպքում մեր զրուցակիցը վստահ է, որ Վրաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում Հայաստանի համար Ադրբեջանի կողմից գազատարի բաժնեմասի ձեռքբերումն ու կառավարումը և չի կարծում, որ Թբիլիսին կգան այդ քայլին.

«Ցանկացած պարագայում դա հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ կարող է ստեղծել բազմաթիվ ուղղություններով: Իսկ քանի որ ներկայում հայ-վրացական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են և հիմնված են փոխըմբռնման վրա, ես հակված եմ նման զարգացումը բացառել»,- ասաց նա:

Կա ևս մեկ հանգամանք, որ այս իրավիճակում հայկական կողմի շահերից է բխում: Էրոյանցի խոսքով՝ առաջին հերթին հենց Վրաստանին ձեռք չի տալիս ադրբեջանական ընկերության կողմից բաժնեմասի ձեռքբերումը, քանի որ առանց այդ էլ Ադրբեջանը Վրաստանին 90 և ավելի տոկոս գազ մատակարարողն է, ինչը հակասում է իրենց իսկ որդեգրած դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը: Այսինքն, եթե Վրաստանը կարևորում է տնտեսության դիվերսիֆիկացումը, ապա ևս մեկ լծակ Ադրբեջանին տալը ուղղակի հակասում է այդ տրամաբանությանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով առաջիններից հնարավոր այս զարգացման շուրջ ներկայացրեց իր մտահոգությունները, VERELQ-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ բաժնեմասը չհայտնվի ադրբեջանական ընկերության տիրապետության ներքո: Համաձայնելով, որ 25 տոկոսը չի կարող ռիսկային լինել Հայաստանի համար, նա, այնուամենայնիվ, հորդորեց ընդունել այն փաստը, որ կա խնդրի նաև հոգեբանական կողմը՝ ի վերջո, Հայաստանը պետք է գազի տարանցիկ փոխադրման համար վճարի SOCAR-ին, իսկ որքան էլ փոքր լինի այդ գումարը, մենք, փաստացի, վճարելու ենք Ադրբեջանի նավթագազային ընկերությանը, որը հանդիսանում է սպառազինության գլխավոր ֆինանսավորողներից մեկը: Ըստ Թորոսյանի՝ Երևանը պետք է հասցնի Թբիլիսիին այն գաղափարը, որ որքան էլ դա իր սուվերեն գործն է, բայց նա չպետք է թույլ տա, որ գազատարը տնտեսական գործոնից վերածվի տարածաշրջանում քաղաքական լուրջ գործոնի.

«Կարծում եմ, որ Վրաստանը ևս շահագրգռված չի կարող լինել այն հեռանկարից, որ իր այդ շատ կարևոր ենթակառուցվածքը կարող է հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, քանի որ առանց այն էլ ադրբեջանական կողմը գրեթե ամբողջությամբ տիրապետում է էներգետիկական ենթակառուցվածքներին և էներգակիրների փոխադրումներին ու իրացմանը Վրաստանի ողջ տարածքում, գրեթե մենաշնորհ հանդիսանալով: Եվ եթե սկզբում 25 տոկոսըկ, իսկ հետագայում էլ ամբողջ կառավարումը անցնի Ադրբեջանին, ապա ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում SOCAR-ը կդառնա մենաշնորհ, ինչը չի բխի ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի և ո՛չ էլ Իրանի շահերից: Հետևաբար պետք է շատ զգույշ լինել որոշումներ կայացնելիս» - հավելեց նա:

Պատրաստեց Լիա Խոջոյանը