Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ չկա, քան փուլայինը
Լեռնային Ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ չկա, քան փուլայինը, մինչդեռ բանակցությունների սեղանին դրված է փաթեթային տարբերակ։ Այս մասին ՀԱԿ համագումարում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան:
«Երբ Ղարաբաղյան հարցը լուծվի, այդ ժամանակ հայ-թուքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար՝ հաջորդ օրն իսկ: Այն, ինչ դրված է այսօր բանակցային սեղանին, փաթեթային տարբերակ է փոխզիջումային գրեթե նույն առաջարկը, ինչ մինչ 97 թվականինը, զիջումներ՝ Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ շնորհելու դիմաց, իսկ վերջնական կարգավիճակը կորոշվի հետագայում: Սա է, ուրիշ բան չկա, ոչ մի հեքիաթի չհավատաք»,-ասել է նա։
Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքով, ինքը հիմքեր ունի կասկածելու, որ այսօր ավելի ցածր կարգավիճակի մասին է խոսքը, քան նախկինում էր.
«Այսօր կանգնած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնեու հրամայականի առջև, ինչի վկայությունն են Ռուսաստանի լուրջ ջանքերը: Ես մեկ անգամ արդեն ասել եմ` հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է»,- շեշտել է Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու իրենց սկզբունքային դիրքորոշումն ամենեւին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։
"Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւողական քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձեւավորած որեւէ կոալիցիայի։ Գաղափարական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլորովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել։ Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե իր այս ելույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի",- ասել է նա։
Ի դեպ, նա հայտարարել է, որ հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը` Իլհամ Ալիեւին համարում է ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաեւ սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես ժամանակին իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագաքել է հայրը՝ Հեյդար Ալիեւը։
Շարունակելով թեման, նա նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: Չպետք է անկարեւոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել եւ ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։
«Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզոքություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողականության չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավելի եւս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը»,- ասել է ՀՀ առաջին նախագահը և ավելացրեց, որ վերոշարադրյալից ակնհայտորեն հետեւում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանը սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են, օրինակ, Իսրայելին եւ այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։