23.11.2024
Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Արագած Ախոյանի դեմ ևս մեկ քրեական գործ կա հարուցված. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ քաղբանտարկյալների շարքերը համալրել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «բռնության կոչեր» տարածելու հոդվածով, եւ անմիջապես էլ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը` մեկ ամսով արգելանքի տակ վերցնելով հունիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում մեկ տողանոց գրառում արած անձին։ Բայց պարզվում է՝ Ախոյանի դեմ նույն հոդվածով եւս մեկ քրեական գործ կա հարուցված, որը դատաքննության փուլում է` դատարան է մտել 2022 թվականին: Ըստ մեղադրական եզրակացության. «Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. ապրիլի 24-ին Երեւան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի եւ այլ ակտիվիստների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել եւ բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել»։ Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը գործող իշխանության կարկառուն քարոզիչներից է ու Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն։


«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը կրքեր է բորբոքել նաեւ ՔՊ-ի ներսում։ Խմբակցության աղբյուրներից տեղեկացանք՝ եթե նախագիծը նախնական տեսքով ընդգրկվի նիստերի օրակարգ, ապա ՔՊ-ական պատգամավորի քննադատները լինելու են նախեւառաջ «տնից»։ Խոսքը, հիշեցնենք, այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Իհարկե, գնային ճկուն սանդղակ էլ է առաջարկում՝ մի քանի ամսվա ծառայության դիմաց տարբեր գներ, սակայն թիմում կարծում են, որ բոլորը կօգտվեն ընդհանրապես չծառայելու հնարավորությունից: Նախ՝ կլքեն հայրենիքը, հետո էլ կգան` փողով զինգույկ կառնեն, եւ բանակը կվերանա, հայ ժողովուրդը` նույնպես։ Մեզ ասացին, որ ՔՊ-ում մտադիր են նախագիծը քննարկել խմբակցության նիստում, ու հնարավոր է արմատական փոփոխություններից հետո միայն մտնի նիստերի օրակարգ։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կյանքից անժամանակ հեռացած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը, ով 2018-ին նշանակվել էր Արարատի փոխմարզպետ՝ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի տեղակալ, սակայն պաշտոնավարեց մեկ տարի եւ ազատվեց Սարգսյանի որոշմամբ, իսկ մամուլը գրեց, որ Պարսիլյանին Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ծեծել են` վերադասին հակառակվելու համար։ Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց միջադեպի մասին լուրերը՝ վերապահումով, որ ինքը տեղյակ չի եղել իր օգնականի եւ փոխմարզպետի վիճաբանությունից։ Պարսիլյանն այժմ ԱԺ-ում զբաղեցնում է Ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը, անցած տարի հանձնաժողովի փակ նիստում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը համացանցում հայտնված՝ ընդդիմադիրի «փախուստի» հայտնի տեսանյութը, որը, ըստ կարծիքների, մոնտաժված էր, հենց նրա ղեկավարած վարչությունից էր արտահոսք եղել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ կան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտուն մի շարք պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Այժմ ներկայացնում ենք ցանկ, թե ՔՊ-ականների կանայք եւ ամուսինները որտեղ են տեղավորվել աշխատանքի հեղափոխությունից հետո։


Էդուարդ Աղաջանյանի կինը՝ Վիկտորյա Այդինյանը, զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։


Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է խմբագրի հաստիքը։


Վիլեն Գաբրիելյանի կինը՝ Նարինա Առքելովան, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության ավագ մասնագետի պաշտոնը։


Տաթեւիկ Շահումյանի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, զբաղեցնում է Ազգային անվտանգության ծառայության ավագ ինժեների պաշտոնը։


Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։


Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առաջատար մասնագետի պաշտոնում։


Արման Եղոյանի քույրը՝ Աննա Եղոյանը, աշխատում է «ՀայԷկոնոմԲանկ»-ում որպես միջին եւ փոքր վարկերի տրամադրման բաժնի գլխավոր մասնագետ։


Բաբկեն Թունյանի կինը՝ Քնարիկ Իսոյանը, աշխատում է Կադաստրի կոմիտեում։


Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, հանդիսանում է Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենը։ Որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնի փորձագետ է։


Շիրակ Թորոսյանի դուստրը՝ Արեւիկ Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության փորձագետ է։


Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է ֆիլմարտադրության պատասխանատուի պաշտոնը։


Արուսյակ Մանավազյանի ամուսինը՝ Արման Բուդաղյանը, զբաղեցնում է «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Այսպես, հեղափոխությունը դրական դինամիկա է ապահովել ՔՊ-ականների համար, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է «պոզով պոչով» կոռուպցիոներներին փնտրել իրենից շառավղով հեռու անձանց շրջանում։ Ստացվում է, որ նախկիններին «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով մարդկանց աշխատանքի տեղավորելու համար մեղադրող ներկաները ոչնչով չեն տարբերվում նրանցից։ Նրանք թերեւս ավելի լկտի են:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ժամանակի ակտիվ հեղափոխական Հայկ Նազարյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի» հավատարիմների շարքը: Նա հրապարակավ հայտնել է. «Բարի լույս հայ ժողովրդին: Որոշել եւ տեղեկացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ ցանկանում եմ դուրս գալ կուսակցությունից, պատրաստվում եմ գրել դիմումս: Որոշումը պատկանում է անձամբ ինձ, ինձ համար մաքրությունն ու արդարությունը վեհ արժեք են: Եթե որոշ մարդկանց մոտ էլ հարցեր կառաջանան, առաջիկայում «լայվով» կմանրամասնեմ: Ես հեղափոխության գաղափարին նվիրված եմ մնացել եւ կմնամ»: Ահա այսպես հերթական հեղափոխական թիմակիցը լքում է իշխող ՔՊ-ն, որը վաղուց շեղվել է այն արժեքներից, որոնց համար պայքարում էր: Նշենք, որ Հայկ Նազարյանն այն նույն հեղափոխական կերպարն է, որը սովետական կանաչ Vaz 24-ով եկել էր Հանրապետության հրապարակ՝ հեղափոխության, բայց ժամանակակից կարմիր BMW 4 coupe-ով է հեռանում «հեղափոխականներից», այսինքն՝ հեղափոխականի Vaz 24-ը դարձել է 30000-40000 դոլլար արժողությամբ մեքենա: Տեղեկացենք, որ Հայկ Նազարյանը կառավարական ամառանոցում էր աշխատանքի անցել, շփվել է իշխող էլիտայի հետ, բայց հիմա «դարձի է եկել» ու որոշել, որ ընտրում է մաքրությունն ու արդարությունը՝ լքելով ՔՊ-ն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ նրա մի քանի աշխատակիցների բերման ենթարկելու գործին ենթադրաբար հարող Սաշա Կատվալյանը, «ԽԾԲ շարժմանը» հավատարիմ լինելով, աշխատանքի է տեղավորել կնոջը քաղաքապետարանում ու ընկերոջ՝ Արման Բարխուդարյանի կնոջը՝ Մալաթիայի թաղապետարանում: Կատվալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կինը աշխատում է քաղաքապետարանում, սակայն դրա մեջ իր ավանդը չկա, քանի որ կինն ավելի վաղ է սկսել աշխատել այդ հաստիքին, քան ինքը՝ որպես խորհրդական: Չնայած նրան, որ պարոն Կատվալյանը մեզ վստահեցրեց, թե ոչ մի կոռուպցիոն սխեմա չի գործել, եւ ամեն բան տրամաբանորեն է ընթանում, բոլորն էլ ունեն աշխատելու իրավունք, այդուամենայնիվ, մեր հրապարակումից հետո հայտնվեցին այնպիսի աշխատակիցներ, որոնք հենց Կատվալյանի «թեթեւ ձեռքով» եւ «շատ պատահաբար» աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին աշխատակիցները հայտնեցին, որ Կատվալյանը ստիպողաբար, սակայն ոչ ուղիղ կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, որպեսզի տեղավորի Մալաթիայի արդեն նախկին թաղապետ Բարխուդարյանի կնոջը. «Բարխուդարյանը Կատվալյանի մարդն է, Կատվալյանն էլ՝ Սուրեն Պապիկյանի, սակայն Բարխուդարյանի «մեջքը» միայն Կատվալյանը չէ, նա Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է եւ բավականին կոնֆլիկտային մարդ»: Նշենք, որ Արման Բարխուդարյանը «շրջագայել է» երկու փոխվարչապետի՝ Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի գրասենյակներով, եղել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը, եւ, որ ամենակարեւոր կետերից է, Կատվալյանի եւ Ավինյանի մտերիմն է եղել: Ըստ տեղեկությունների՝ Կատվալյանը հեռացրել է հին աշխատողների մեծամասնությանը՝ տեղ տալով իր բերած կադրերին՝ նույն այն անձանց, որոնք բերման ենթարկվեցին: Ինչպես մեզ պատմեցին թաղապետարանի նախկին աշխատակիցները, Բարխուդարյանը եւս նեղված է եղել Կատվալյանի ներկայությունից: Պարզվում է, որ պարոն Կատվալյանը, լինելով քաղաքապետի խորհրդական, իր օրն անցկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Տարբեր այցերի ժամանակ էլ ուղեկցել է Բարխուդարյանին, նկարների մեջ երեւացել, Բարխուդարյանն էլ հրահանգել է հաջորդ անգամ այնպես նկարել, որ Կատվալյանը նկարներում չերեւա, որովհետեւ վարչական շրջանի ղեկավարը ինքն է եւ ոչ թե Կատվալյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որը 2022 թվականին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ունեցվածք դիզելով, նոր մեքենաներ է ձեռք բերել։ Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01OJ 001. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Նիկոլ Փաշինյանի սիրելին դառնալով՝ Բաբայանը կարիերայի մեծ աճ գրանցեց։ Նաեւ կինն է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա վարում, որի արժեքը մոտավոր 40 հազար ԱՄՆ դոլար արժե: Հիշեցնենք նաեւ, որ, բացի փոխմարզպետ եղած ժամանակ կուտակած ֆինանսական միջոցներից եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված եկամուտներից, Բաբայանը եկամուտներ ստանում է նաեւ «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ-Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերությունը՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ շահելու նպատակով: