VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի։ Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ առնվազն հինգ նախարար է հրաժեշտ տալու աթոռին: Նրանցից ոմանք հարուցել են իրենց նշանակողի դժգոհությունը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որոշները կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավվել, որոնցից վարչապետը տեղյակ չի եղել` այսպես ասած, բռնվել են: Ընտրություններից առաջ նրանց ձեռք չեն տալիս, որ իշխող ուժի ռեյտինգը չընկնի։ Օրերս մենք գրել էինք, որ այդ ցանկում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Մյուս հավանական թեկնածուներն են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով Սուրեն Պապիկյանի քավորն է, ինչպես նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդ գտնվում է գերության մեջ, սովամահության շեմին, ՀՀ վարչապետն ու իր ընտանիքի անդամները շարունակում են փառատոններ ու տոնական տրամադրություն ցուցադրել: Շաբաթ-կիրակի օրերին վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Սյունիքի մարզում էր։ Մեզ ասացին՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ նա պետք է մասնակցի միայն Բնունիս համայնքում հյուրատան բացմանը, որը կառուցվել է 44-օրյա պատերազմի հերոս Էդգար Մարգարյանի հիշատակին եւ կոչվում է «Էդգարի տուն», սակայն Հակոբյանը, տեղեկանալով, որ շաբաթ օրը Սիսիանում «Ֆեստիվառ» է լինելու, այդ միջոցառմանն էլ է մասնակցել։ Մարզից տեղեկացանք, որ նրան կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել` դիմավորել են մարզպետն ու կինը, ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը: Վերջինս հետո խիստ զղջացել է, որ, ի տարբերություն մյուս դիմավորողների, Աննա Հակոբյանին ծաղիկներով չի դիմավորել: Ասել է, թե տեղյակ չի եղել, որ արարողակարգը նման բան է թույլ տալիս, թե չէ իր ծաղկեփունջն անգերազանցելի կլիներ։ Երեւանից Սիսիան է շտապել ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը, որ պատիվ տա տիկնոջը, եւ համերգից հետո նրան հրավիրել է իր աներոջը պատկանող «Խնձորի այգի» ռեստորան։ Կիրակի օրը` «Էդգարի տան» բացմանն էլ պակաս տոնական մթնոլորտ չի եղել: Մեզ պատմեցին, որ Բնունիսում զոհվածի զինծառայողի մայրը` Արսինե Սահակյանն է առաջարկել Աննային՝ պարել իրենց հետ։ Հակոբյանը գիշերել է Հալիձորի «Հարսնաձոր» հյուրանոցային համալիրում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ոստիկանությունում կյանքի կոչվող բարեփոխումներում ակտիվ ներգրավված, այսպես կոչված, «սորոսական» թևը որոշ ժամանակ առաջ խիստ «խռոված» էր իշխանություններից և նույնիսկ նշյալ թեմայի շրջանակներում երբեմն «քլնգում» էր: Հիմա, կարծես, հանդարտվել են, չնայած, մեր տեղեկություններով, դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ իրենց ակնկալիքները դեռևս լրիվ մարած չեն համարում: Իսկ ակնկալիքները վերաբերում են ՆԳ նախարարի պաշտոնին: «Փաստ» թերթի տեղեկություններով, «սորոսականներն» այդ պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին, որը դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակ համարվում էր ոստիկանության բարեփոխումների «սորոսական խմբի» համակարգողը: Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը «դաբրո» չի տվել այս թեկնածությանը՝ գտնելով, որ նրա ղեկավարությամբ բարեփոխումները լիարժեք չեն ընթացել և ավելի շատ իմիտացիայի տպավորություն են թողել, իսկ նախարարի պաշտոնում նա, առավել ևս, չի «ձգի»: Մի խոսքով, մեր տեղեկություններով, գոնե առայժմ այս թեման փակված է համարվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկ Մարությանը, որ երեւանցիներին առաջարկում է շարունակել կիսատ թողած աշխատանքը, իր պաշտոնավարման ժամանակ աշխատանքի պատասխանատվությամբ չի փայլել: «Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել, որ նա ամենաշատ արձակուրդ վերցրած քաղաքապետերից է եղել: Եւ հիմա երեւան են գալիս տարբեր տեղեկություններ, թե ինչպես է նրա գործողությունների հետեւանքով տուժել մայրաքաղաք Երեւանը: Տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ նոր աղբավայրի կառուցման մրցույթի գնահատումը ձախողել է Հայկ Մարությանը, քանի որ ոչ մի մասնակից Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չի ցանկացել, իսկ իր սրտի ուզած մասնակցին էլ ինքը՝ Մարությանը, չի կարողացել անցկացնել։ Ավելին՝ հանձնարարել է իր խորհրդական Արթուր Սարգսյանին չգնահատել մրցույթի մասնակիցների հայտերը, մինչեւ ժամկետները անցնեն, եւ մրցույթը ձախողվի։ Իսկ ո՞վ էր Արթուր Սարգսյանը, որ կատարել է Մարությանի տարակուսելի հանձնարարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան քաղաքապետարանում աշխատանքի է բերել քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը, ում ընկերուհին Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերուհին է, ինչպես նաեւ Իվա Մարությանի հիմնադրամի տնօրենը։ Ինչո՞ւ է ձախողվել նոր աղբավայրի կառուցման մրցույթը: «Ժողովուրդ» օրաթերթը դարձյալ փորձեց Հայկ Մարությանից մեկնաբանություն ստանալ, սակայն չհաջողվեց: Նա ինչպես քաղաքապետարանում էր անհասանելի լրագրողների համար, այնպես էլ հիմա է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ «ՀայՓոստ» ընկերությունը «ատեստացիայի անվան տակ զանգվածային կրճատումներ է անում»: Պարզվում է՝ «ՀայՓոստ»-ում կան աշխատակիցներ, որոնք, ընկերության ֆինանսական ծանր դրությանը զուգահեռ, բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, օրինակ՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը: «Ժողովուրդ» օրաթերթը թերթեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագիրը, եւ պարզվեց, որ հեղափոխության տարում նա ամսական մոտ 470 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ է ստացել: Այնուհետեւ, երբ 2020-ից աշխատանքի է անցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ում, վարձատրություն է ստացել 1 մլն 900 հազար դրամ, որը 2 տարի անց՝ ամուսնու պաշտոնական առաջխաղացումից հետո, դարձել է 9 մլն 474 հազար դրամ: Այսինքն՝ 2021 թվականին «ՀայՓոստ»-ից նա ստացել է 6 մլն 812 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 9 մլն 474 հազար դրամ: Թե ինչպես, ինչի հաշվին է Շուշան Ալեքսանյանի ստացած ամսական մոտ 150 հազար ՀՀ դրամ վարձատրությունը 2 տարի անց դարձել ամսական մոտ 800 հազար դրամ, դժվար է ասել: Բարդագույն այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ գործատուից:
Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի աշխատանքի վաձատրությունը աճել է գրեթե 4 մլն-ով՝ դառնալով 9 մլն 474 հազար դրամ: Ի՞նչ հիմնավորմամբ է եղել աշխատանքի վարձատրության բարձրացումն այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մասսայականորեն հաստիքներ էր կրճատում մարզերի եւ Երեւանի մասնաճյուղերում, նաեւ «ՀայՓոստ»-ում ՊՎԾ-ի կողմից արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ, որի համար ընկերությունը տուգանվել է։ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հստակ հարցադրումներին «ՀայՓոստ»-ից ստացանք հետեւյալ պատասխանը. «Հարցման մեջ նշված անձը «ՀայՓոստ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2020 թվականից, աշխատանքի վարձատրությունը որոշված է ընկերության եւ աշխատակցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրույքաչափով, որը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հդվածի համաձայն, հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ տրամադրման կամ հրապարակման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածի ուժով»: Այսինքն՝ «ՀայՓոստ»-ը գաղտնի է պահում, թե ինչպես է կրճատումներ իրականացնող ընկերությունում կոնկրետ ՔՊ խմբակցության ղեկավարի կինը աշխատավարձի մոտ 5 անգամ բարձրացում ունեցել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և մեկ դաշինք: Ըստ օրենսդրության, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Հայաստանի պարագայում այս ցենզը, որպես կանոն, վերաբերում է կանանց: Ըստ այդմ, փորձենք հասկանալ, թե առաջին եռյակներում ընդգրկված կանայք ովքեր են: Նախ՝ փաստենք, որ 14 ուժերից միայն երկուսի ցուցակն են գլխավորում կանայք, այսինքն՝ միայն երկու ուժ է կնոջ տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է հաղթանակի համար պայքարող մի քանի հիմնական քաղաքական ուժերից մեկին՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը:
Մյուս առաջին համարը Նելլի Հարությունյանն է, որը գլխավորում է «Ուժը հայրենյաց» կուսակցությունը: Եվս երկու կուսակցության ցուցակում կանայք «լավագույն եռյակի» երկրորդ հորիզոնականում են՝ Ծովինար Կոստանյանը («Հանուն սոցիալական արդարության») և Մարինե Մալխասյանը («Ժողովրդավարական համախմբում»): Մնացյալ ուժերի ցուցակներում կանայք երրորդ համարն են. Ամալ յա Սարգսյան («Հայրենիքի ձայն»), Նուարդ Վարդանայն (ՔՊ), Լալա Մնեյան («Հաղթանակ»), Գեղեցիկ Նազարյան («Հայաստանի եվրոպական կուսակցություն»), Իզաբելլա Աբգարյան («Ազգային առաջընթաց»), Անի Խաչատրյան («Հանրապետություն»), Ադելինա Շահինյան («Արդար Հայաստան»), Էթերի Գրիգորյան («Միացյալ Հայաստան»), Սոնա Ղահրամանյան («Լուսավոր Հայաստան»), Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»):
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի բանակային կորպուսում ազատումներ են սպասվում: Պարզվում է՝ ՊՆ ղեկավար կազմը քննարկել է այն հարցը, որ դիրքերում քնելու թեման հայոց բանակում հատկապես վերջին շրջանում շատ է լրջացել, հաճախ ճակատագրական ավարտ է ունեցել զինվորների համար: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում էին ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը եւ Արմեն Խաչատրյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զինվորները դարձյալ մարտական դիրքում քնելու թեմայով վիճել են, որից հետո կռիվը թեժացել է, ու կրակել են միմյանց վրա. բժիշկներին չի հաջողվել նրանց կայնքը փրկել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մահացած ժորա Կարապետյանի գործով արդեն կա երկու ձերբակալված: Ըստ քննության տվյալների՝ զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ ինքնասպան էր եղել. պատճառը կրկին մարտական դիրքում քնելն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամառվա տապը քիչ-քիչ կոտրվում է՝ տեղը զիջելով աշնանային նուրբ եղանակին: Թեժ արեւին փոխարինելու է գալիս մելամաղձոտ աշունը, սակայն վիզաների ու անձնագրայինների թեժ ու ինչ-որ տեղ նաեւ հոգնեցնող հերթերը այդպես էլ չեն վերանում: Շատ քաղաքացիներ, որոնք պլանավորել էին իրենց հանգիստն անցկացնել երկրից դուրս, դեռեւս սպասում են վիզա ստանալու իրենց հերթին, այնինչ շատ-շատերը անհասկանալի կարճ ժամկետում ստացել են իրենց վիզաներն ու երկրից երկիր են շրջագայում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս առեղծվածի հիմքում մի շարք տուրիստական ընկերությունների «հերթ առաջ տալու» բիզնեսն է: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Մինչեւ ուշ գիշեր լինում են դեպքեր, երբ վիզա ստանալու օնլայն համակարգում իրենց հերթից հրաժարվում, այլ կերպ ասած՝ «հերթից դուրս են գալիս» բազմաթիվ քաղաքացիներ, եւ փաստացի շատ ուշ ժամերի ազատված տեղեր են ի հայտ գալիս, եւ այս առիթը օգտագործելով՝ տուրիստական շատ ընկերություններ գումարի դիմաց մարդկանց առաջարկում են վիզա ստանալու օրը «առաջ գցել»: Արդյունքում ոմանք շատ կարճ ժամանակահատվածում ստանում են վիզաներ, ոմանք էլ, տեղյակ չլինելով գործի նրբություններից, ամիսներով սպասում են իրենց հերթին: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վիզաների աջակցման կենտրոնի ղեկավար Անի Քոչարյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչու է խտրական վերաբերմունք ցուցաբերվում քաղաքացիների նկատմամբ: Անի Քոչարյանն ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես գրավոր հարցում ուղարկել է Վիզաների աջակցման կենտրոն: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով զոհվածների հարազատները սպասում են, որ հրավիրվեն նախաքննական մարմին: Բանն այն է, որ զոհված քաղաքացիների հարազատներն անձամբ են գնացել ու ուսումնասիրել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրի կոնկրետ հատվածն ու արձանագրել, որ, «Զիլ»-ի վարորդից բացի, պետք է պատասխանատվության ենթարկվի «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող եւ սպասարկող կապալառու կազմակերպությունը: Ըստ ծնողների՝ այդ ճանապարհը «մսաղաց» է, ու պետք է բոլոր պատասխանատուները անպատիժ չմնան: Նկատենք, որ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայտնել էր, թե -1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշանները: Սակայն ծնողները պնդելու են, որ, այսպես կոչված, ճանշինները եւ պետական պաշտոնյաները, որոնք պարտավոր են հսկել ճանապարհաշինարարներին, պիտի պատժվեն: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» եւ «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, ինչի հետեւանքով 12 ուղեւոր մահացան, իսկ «Զիլ»-ի վարորդը կալանավորվեց: