28.11.2024
Պարզ է, թե ինչ է անում Ադրբեջանը
prev Նախորդ նորություն

Արցախը դատարկել, ազատվել ռուս խաղաղապահներից. Փաշինյանի հայտարարության հետքերով. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկահարույց հայտարարության թեման, պարզվում է, տեւական ժամանակ է՝ քննարկվում է Արցախում։ Փաշինյանը, որ վարչապետի պաշտոնում էլ չի դադարում լրագրող աշխատել, հղում անելով իր աղբյուրներին՝ հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ են հասել, որ Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ։ Արցախի մեր աղբյուրները փոխանցեցին, որ վաղուց էին լսել այդ լուրերը, դրանք Փաշինյան-Ալիեւ ծրագրի մաս են կազմում եւ ուղղված են Արցախը դատարկելուն, ինչպես նաեւ` ռուս խաղաղապահներից ազատվելուն։ Նույնիսկ ասացին, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն էլ են տեղյակ այս դավադրությունից, նաեւ դրանով է պայմանավորված, որ խաղաղապահները շարունակում են իրենց հասած օգնությունից բաժին հանել նաեւ տեղի բնակիչներին եւ նույնիսկ մտածում են ինչ քայլեր անել, եթե ճանապարհը միակողմանի գործի, ինչպես կարելի է կանխել Արցախի դատարկվելը։ Մեզ Արցախից պատմեցին նաեւ, որ վերջերս խաղաղապահների միջոցով Արցախի կառավարությունը մոտ հարյուր տոննա այլուր է ստացել, եւ, իրենց հաշվարկներով, Արցախում այս օրերին հացի խնդիր չպետք է լիներ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը գրեթե ամենօրյա ռեժմով հանդիպումներ ու քննարկումներ է անցկացրել: ՔՊ-ականները ոչ միայն ներկուսակցական հանդիպումներ են ունեցել, այլ նաեւ քաղաքական տեխնոլոգիաների եւ PR տարբեր մասնագետների հետ են հանդիպել, որպեսզի ամենայն մանրամասնությամբ գծագրեն իրենց քարոզարշավը: ՔՊ-ականները որոշել են քարոզարշավին հիմնականում մասնակից դարձնել հանրության համար ավելի ընկալելի դեմքերի, որոնք ոչ միայն կշրջեն իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ առանձին վարչական շրջաններում տեղեկատվական թռուցիկներ կբաժանեն, կզրուցեն երեւանցիների հետ: ՔՊ-ում կարծում են, որ հանրության համար քիչ թե շատ ընկալելի դեմքերից են, օրինակ, պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Հրաչ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ էլի մի քանիսը, դրա համար էլ հիմնականում հենց նրանք են ավելի հաճախ երեւում հանրության շրջանում ու ավելի ակտիվ մասնակցում քարոզարշավին: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ հենց այս քննարկումների արդյունքում էլ ՔՊ-ականները որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ոչ մի օգուտ չի տալու իրենց, հակառակը՝ վնասելու է, ու Փաշինյանին հասկացրել են, որ չխառնվի քարոզարշավին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակն աչքի է ընկնում իր բազմազանությամբ եւ խայտաբղետությամբ. ցուցակում ընդգրկված են ոչ միայն պաշտոնյաներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այլեւ ՔՊ-ական պատգամավորների ազգականներ: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով կուսակցության ընտրական ցուցակը, նկատեց, որ ցուցակում տեղ է գտել ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը նախկինում Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք նրան ազատեցին աշխատանքից: Հովսեփ Աղազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընթացքում՝ օգտվելով իշխանության հովանավորությունից: Նա հեղափոխությունից հետո աշխատանքի էր անցել Աջափնյակ համայնքի իրավաբանական վարչությունում, իսկ 2020թ.-ին 37 դիմողից ընտրվել էր մաքսային տեսուչ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն 2021թ.-ին նշանակվել էր Աջափնյակի փոխթաղապետ: Պատգամավորի որդին ՔՊ-ի անբաժանելի մասն է դարձել, ամենուր շրջում է նրանց հետ, աջակցում ու պաշտոն ստանում:


ՔՊ-ի ավագանու ցուցակում է նաեւ կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը, որն ԱԺ-ում մշտապես աչքի է ընկել լրագրողների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքով: Վերջինս նաեւ հայտնի է նրանով, որ լինելով պատգամավորի օգնական՝ Հայկ Կոնջորյանի փոխարեն ղեկավարում է ողջ ՔՊ-ն, պատգամավորներն ավելի շատ իրեն են «հաշիվ տալիս», քան Կոնջորյանին: ՔՊ ցուցակի 34-րդ համարը Երեւանի ամենասկանդալային թաղապետն է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նա թերեւս հանրությանը հայտնի է ոչ թե իր աշխատանքով, գործունեությամբ, այլ սկանդալային վարքագծով եւ անգործությամբ: Սամվել Ղուկասյանն իր պաշտոնավարման օրոք հասցրել է արդեն համացանցում տարածված մի շարք աղմկահարույց տեսանյութերի հերոս դառնալ. այս հարցում թերեւս գերազանցել է շոու բիզնեսի հայտնի աստղերին: ՔՊ ցուցակում ընդգրկված է նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. նա ցուցակում 136-րդ համարն է: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանն էլ էր նախորդ ավագանիում ընդգրկված, բայց վերջերս ԱԺ պատգամավորի մանդատը վերցրեց: Ցուցակի 155-րդ համարը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանն է, ցուցակում է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երբեք չի թաքցրել իր սերտ կապը Չեխիայի Հանրապետության հետ եւ այն, որ մեծ կապիտալ ունի այնտեղ: Իհարկե, նորություն չէ այն, որ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, իրենց ավելի ապահով են զգում Հայաստանից դուրս, քան Հայաստանում: Սակայն այս պարագայում խնդիրն այլ է՝ մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն: Ուսումնասիրելով Մարությանի եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ Հայկի կինը եւ 4 երեխաները Չեխիայի քաղաքացիներ են եղել 2018, 2019, 2020 թթ., իսկ Մարությանի հրաժարականի պահին ներկայացված հայտարարագրում՝ 2021թ., կինն արդեն ներկայացված է ՀՀ քաղաքացի, երեխաների մասով տվյալները փակ են, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մնացել են Չեխիայի քաղաքացիներ: Բայց երբեւէ Երեւանի քաղաքապետի պաշտոնին չի հավակնել մեկը, ով այդքան անթաքույց կապեր ունի արտերկրում, եւ որի ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն: Նա իր ներկայացումներում ներկայանում է որպես Երեւանի նվիրյալ, մարդ, ով ինքնազոհողության է գնում հանուն մայրաքաղաքի, բայց, փաստորեն, չի հավատում Հայաստանի եւ Երեւանի ապագային: Հարցը ոչ այնքան իրավական է, որքան բարոյական` Հայաստանի ամենաբարձր պաշտոններից մեկին հավակնող անձը պետք է ամեն թելով կապված լինի իր երկրին։ Նրա զավակներն ամեն պահի կարող են մեկնել Երեւանից, նրա որդիները չեն ծառայելու հայկական բանակում, եւ Երեւանը միայն մասամբ է նրանց հայրենիքը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդեն մի քանի շաբաթ է՝ Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի օպերբաժնի պետի պաշտոնից ազատել են Վլադիմիր Աբունցին, ով Գորիսի վերջին ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էր՝ Առուշ Առուշանյանի մրցակիցը։ Ընտրություններից եւ ՔՊ-ի պարտությունից անմիջապես հետո Աբունցը նշանակվել էր ՊԵԿ օպերբաժնի պետ, իսկ մի քանի շաբաթ առաջ ազատվել է պաշտոնից: Ըստ որոշ տեղեկությունների՝ Աբունցին հայտնել են, որ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, հաստիքացուցակներ են կրճատվում, որն էլ իր ազատման պատճառն է, առաջիկայում իրեն նոր` ավելի լավ պաշտոն կառաջարկեն: Սակայն մենք տեղեկացանք, որ ազատվելուց օրեր անց Աբունցի տեղը նոր պետ է նշանակվել՝ ոմն Ծատրյան, ով պարտաճանաչ ներկայանում է մարզխորհրդի նիստերին: ՊԵԿ-ից տեղեկացանք, որ Աբունցի նշանակման հրաման դեռ չկա։ Հիշեցնենք, որ Աբունցը 2019 թվականից Մեղրիի մաքսայինի պետն էր։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Նուբարաշենի բանտում հարցաքննվել է երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը։ Նշենք, որ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեխաների հորը հարցաքննել են, քանի որ Աննա Արեւշատյանը իրավապահներին հայտնել է, որ երեխայի նկատմամբ այդպես վարվել ու նկարելը ունեցել է մեկ նպատակ՝ ուղարկել ամուսնուն։ Իսկ թե ամուսինն ինչ է արել այդ նկարահանած տեսանյութը, ու որտեղից է այն տարածվել համացանցում, Աննա Արեւշատյանն ասել է՝ ինքը տեղյակ չէ։ Եվ, ահա, այդ նպատակով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ՝ խուզարկության։


«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում: Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս ու դեռ ավելին՝ հեռախոսի մեջ եղել են մի քանի տեսանյութեր՝ երեխայի մասով։ Խուզարկությունից հետո երեխաների հորը Նուբարաշենի բանտից տեղափոխել են Գավառի քննչական բաժին, ու քննչական գործողություններ են իրականացվում։ Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․Չնայած իր անձի շուրջ բարձրացած վերջին օրերի աղմուկին ու թիրախավորմանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 28-ին կամ 29-ին, պատրաստվում է նշել Գորիսի օրը՝ հետ չմնալով Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանից եւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանից։ Սակայն, ի տարբերություն մյուս երկու համայնքի, Գորիսի օրը, մեր տեղեկություններով, ավանդական տոնական համերգով ու խինդ-ուրախությամբ չի նշվելու։ Մեզ ասացին, որ կլինեն ժապավեն կտրելու միջոցառումներ: Կառավարության ֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացված փողոցների ու խաղահրապարակների, շինօբյեկտների բացում, որին կմասնակցեն մարզային իշխանությունները, գուցե՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կամ նրա տեղակալը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Առուշանյանը հայտնվեց քննադատության թիրախում՝ Գորիսում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու պատճառով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նախագահ չունի: Այս հաստիքը թափուր է դեռ անցյալ տարվանից: Կոմիտեն, սակայն, ունի աշխատակազմ, պետբյուջեից էլ գումար է ստանում: Ուսումնասիրելով այս կառույցի գործունեությունը՝ տեսնում ենք, որ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին կոմիտե է այցելել, որից հետո այս կառույցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Վարչապետի այցից հետո առկա է ընդամենը երկու հաղորդագրություն, որից մեկը հուլիսի 10-ից 14-ը Երեւանում տեղի ունեցած «2-րդ եւ 3-րդ մակարդակների անվտանգության հավանականային գնահատման կիրառումը» խորագրով աշխատանքային հանդիպման մասին է, իսկ մյուսն էլ 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին hամաձայնագրին է վերաբերում: Հետաքրքիր է` ինչու կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի: Կադրային խնդի՞ր է, թե՞ անուշադրության են մատնում այս կարեւորագույն առաքելությամբ կառույցը: 2022 թվականի բյուջեով Միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321 մլն դրամ: Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես: