VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի եւ թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին եւ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերեւից» հրահանգ է իջել` անողոք լինել։ Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունի` պետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի` առանց գլուխ պահելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն պատրաստվել քարոզարշավին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում արդեն շտաբներ է ամրագրել: Շտաբները թեև պաշտոնապես չեն գործում, դեռ ցուցանակներ ու պաստառներ չկան, բայց ֆունկցիոնալ սկսել են գործել: Օգոստոսի 23-ից պաշտոնապես կգործեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ, ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի որոշմամբ, վարչական շրջանների շտաբները համակարգելու են տվյալ վարչական շրջանների ղեկավարները, ինչպես մերժված նախկինում: Այսինքն՝ վարչական շրջանների ղեկավարները իրենց վարչական լծակներով պետք է ձայներ հավաքեն: Հավելենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը գործելու է Հյուսիսային պողոտայում՝ «Յուքոմ»-ի շենքում. այն դեռ վերանորոգվում է:
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ մարզում վարչապետի անվտանգությունը վերջին 2 օրն իսկական «տեռոր» է իրականացրել։ Չնայած նա երեկ օրվա երկրորդ կեսին ուղղաթիռով մեկնեց, սակայն «ախրանան» մեկնել էր 2 օր առաջ, իսկ երեկ՝ վաղ առավոտյան, մեծ ավտոշարասյունով աշխատակազմը եւ մի քանի ավտոբուս ժողովուրդ «գործուղվեց» Սյունիք, որ «մասովկայի» պակաս չլինի։ Նա այցելել է մարզպետարան, խորհրդակցություն արել, ապա մեկնել Քաջարան, ԶՊՄԿ։ Մեզ ասացին, որ գիշերելու է Կապան-Քաջար ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում, որի անունը նախկինում, ըստ որոշ լուրերի, կապվում էր Վահե Հակոբյանի, ներկայում՝ ԶՊՄԿ-ի հետ։ Ուշագրավ է, որ համայնքապետերը հրավիրված չեն եղել մասնակցելու այցին, բացառությամբ Կապանի քաղաքապետի, որը մարզպետի հետ Սյունիքի օդանավակայանում դիմավորում էր նրան։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ, ըստ լուրերի, իմանալով այցի մասին, ընդհատել է երեւանյան գործերը, վերադարձել Քաջարան։ Բայց այցի գրաֆիկը խիստ գաղտնի էր պահվում, որ ոչ ոք չիմանա երթուղին։ Մարզպետարանից հետո Փաշինյանը դուրս է եկել Կապանի փողոցներ՝ զբոսանքի, մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։ Բացի այդ՝ շենքերի բակերում, մուտքերի մոտ ամենուր ոստիկաններ են կանգնեցրել։ Շրջել է Կապանի Շահումյան փողոցով, մտել է շենքերի մուտքերը, ըստ բնակիչների՝ նկուղներն է ստուգել, որոնք քաղաքի ռմբակոծման ժամանակ, որպես կանոն, ապաստարան են ծառայում։ Ուղեկցել են Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ի դեպ, 2 օր հետո՝ 19-ին, Կապանի օրն է, 21-ին՝ Քաջարանի։ Փաշինյանը 2 օր շուտ է այցելել, բայց Սյունիքում հույս ունեն, որ կմնա՝ կմասնակցի տոնական միջոցառումներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այս նիստից հետո ակտուալ է դարձել և շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչ է լինելու այս քննարկումից հետո։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԱԿ կանոնադրությունն ուսումնասիրելով, պարզեց, որ սցենարները կարող են մի քանիսը լինել։ Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել հայտարարություն: Բանաձև ընդունվում է այն դեպքում, եթե դռնբաց նիստին դրան կողմ են քվեարկել ինն անդամ։ Այդ անդամների թվում պետք է լինեն մշտական հինգ անդամները։ Եթե մշտական անդամներից որևէ մեկը դեմ է, ապա բանաձևը չի ընդունվում։ Կարող է ընդունվել Նախագահի հայտարարություն. այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Մյուս տարբերակը Նախագահի գրությունն է՝ նախագահի նամակը կամ մամուլի համար հայտարարություն:
Այստեղ հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցավ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր կրկին Հայաստանի դիմումի հիման վրա և նպատակ ուներ քննարկել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Սակայն այս քննարկումից հետո կողմերն այդպես էլ կոնսենսուսի չեկան, և հայտարարություն չընդունվեց։ Հայտարարությունն ընդունել ու առաջարկն արել էր Ֆրանսիան, սակայն ռուսական կողմի առարկության պատճառով այն չընդունվեց։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի այս անգամ։ Հավելենք, որ Անվտանգության խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններից է, բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Չինաստանը ներկայացնող մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը հայտնի է դարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման դատական նիստից որոշ ուշագրավ մանրամասներ: Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, Աշոտյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ, սակայն դատարանը այն մերժել էր: Ըստ ամենայնի, լայն հասարակությունից թաքցնելու շատ բաներ կային: Թեպետ Ա. Աշոտյանին է Քննչական կոմիտեն մեղադրում գործի քննությանը խոչընդոտելու և վկաների ցուցմունքների վրա ազդեցություն գործելու համար, սակայն նախորդ շաբաթվա դատական նիստին Աշոտյանի պաշտպանական թիմը հրապարակել է ճիշտ հակառակը հաստատող փաստեր, որոնք դիտավորյալ անտեսվել են: Մասնավորապես, գործով անցնող անձանց գաղտնալսման տվյալներում առկա են սկանդալային տեղեկություններ առ այն, որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մերձավորներն են հետևողական քայլեր գործադրել Աշոտյանի գործով անցնող մի շարք վկաների և մեղադրյալների ցուցմունքների վրա ազդելու, ՀՀ փոխնախագահի դեմ վկաներ կորզելու համար: Դա է պատճառը, որ ՔԿ-ի կողմից անտեսվել են մյուս բոլոր փաստարկները, և շինծու մեղադրանքներով Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը:
«Հրապարակ» թերթը գրում է․ Կոնդի առանձնատների տնտեսություն, իսկ մայիսից՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» անունը կրող ՊՈԱԿ-ն է սպասարկում կառավարական առանձնատները։ Այստեղ մշտապես բնակվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այժմ 4 ընտանիք է բնակվում՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի եւ Ալեն Սիմոնյանի։ Բայց այստեղ շուրջ 10 առանձնատուն կա, որտեղ կարող են բնակվել բարձրաստիճանները։ Տեղեկացանք, որ արդեն իսկ ավարտվել են 2 առանձնատան կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց գումարը տրամադրվել է պետբյուջեից՝ գաղտնի որոշումներով։ Այդ տներում ապրելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, որոնք չեն շտապում տեղափոխվել «դաչաներ», թեեւ տներն արդեն տեւական ժամանակ է՝ պատրաստ են։ Նկատենք, որ այս տարածքը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես անձնական տարածք՝ նրա ցանկությամբ են այստեղ հաստատվում բնակիչները, եւ անգամ հյուրերի ցանկն են համաձայնեցնում նրա հետ։ Ի դեպ, չգիտես ինչու, «ընտրյալների» խմբում տեղ չեն գտել Վահագն Խաչատուրյանը, Արմեն Գրիգորյանը եւ ԱԽ այլ անդամներ, որոնք, ըստ օրենքի, կարող են այստեղ բնակություն հաստատել։