26.11.2024
ՔՊ-ական պատգամավորներին նոր հրահանգ է տրվել․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը տարբեր մեթոդներով ստուգում է հայ հանրության դիմադրողականության մակարդակը

Վերջերս ադրբեջանական «Baku.TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր հրապարակել՝ հետևյալ վերնագրով «Հայաստանի հանքերը ոչնչացնում են տարածաշրջանը»: Տեսանյությում հարցազրույցներ էին տարվում Կապանի բնակիչների, նաև փորձագետներ ներկայացող անձանց հետ: Ռեպորտաժը դիտելիս տպավորություն էր ստեղծվում, որ ադրբեջանական տվյալ հեռուստաընկերության թղթակիցը Հայաստանում է եղել և ռեպորտաժ պատրաստել: Սա շատ վտանգավոր նախադեպ է, նաև ցույց է տալիս, որ ՀՀ համապատասխան անվտանգային կառույցները ուղղակի չեն աշխատում: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


«Ինչպե՞ս կարող էր նման բան լինել, ու՞մ են հարցազրույց տվել ռեպորտաժում հայտնված հայերը, գիտեի՞ն արդյոք, որ իրենց խոսքը օգտագործվելու է ադրբեջանական հեռուստաընկերության կողմից: Այս հարցերի պատասխանները շատ կարևոր են, բայց թեման որևէ կերպ չի քննարկվում մեր հանրային տիրույթում, համապատասխան կառույցներն էլ լուռ են:


Այսօր էլ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկություն տարածեց, որ «ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել»։


Ակնհայտ է, որ անձը ոչ թե ուղղակի «անհայտ» մեկն է, այլ հստակորեն կատարում է իր պետության՝ Ադրբեջանի կարգադրությունը: Ադրբեջանը փաստացի թիրախավորում է Կապանի օդանավակայանը ու նույն տրամաբանությամբ նաև Երասխում կառուցվելիք մետալուրգիական գործարանը: Փոխարենը որևէ կերպ չեն պատժվում, անգամ համարժեք գնահատականներ չեն հնչում ՀՀ–ի համապատասխան գերատեսչությունների կողմից:


Ադրբեջանական այս գործելաոճը մեկ կամ երկու քայլով չի բավարարվելու: Սրանք շղթայական քայլեր են՝ սկսած այն փուլից, երբ ադրբեջանցի դիվերսանտներն մտել էին Սյունիք, իսկ նրանցից մեկն էլ մարդ էր սպանել, վերջացրած հայ զինվորների առևանգմամբ ու Սյունիքից ռեպորտաժներ պատրաստվելով:

Ադրբեջանը տարբեր մեթոդներով ստուգում է հայ հանրության դիմադրողականության մակարդակը, հատուկ ծառայությունների աշխատանքի որակը, պաշտպանվածության չափը՝ իր հետագա քայլերը պլանավորելու համար: Փոխարենը նրանք տեսնում են, որ ՀՀ անվտանգային կառույցները անգործության են մատնված, երկրի համար կարևորագույն անվտանգային հարցերը բարձիթողի վիճակում են: Այս թեմայով գրելը բարդ է, բայց անհրաժեշտ, եթե հանրությունը չպահանջի համարժեք կառույցներից քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար, ապա մեր երկրի սպառնալիքները միմիայն աճելու են ու խորանան»,- գրել է Հայրապետյանը: