Ժամանակը մեր դեմ է. 3 ամիս հետո մեզ ավելի վատ առաջարկ է արվելու կամ առհասարակ՝ չի արվելու
Պետականության կրախը հենց այսպես է լինում: Արցախի՝ որպես պետական միավոր, որևէ միջազգային նախադրյալ գրեթե գոյություն չունի: Իսկ Ստեփանակերտի էլիտան, լուծումներ գտնելու փոխարեն, զբաղված է ներքին լարումներով, որոնք կարող են բախումների բերել: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
"Պատերազմում պարտությունից հետո ղեկավարներն արժանապատվորեն հեռանում են՝ իրենց խոցելիությունը պետության վզին չփաթաթելու համար: Այս ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը չհասկացան: Մնացածը հետևանք են...",- գրել է Սուրենյանցը:
Նա նաև անդրադարձել է այն առաջարկություններին, որոնք վերագրվում են Ռուսաստանին՝ նշելով, որ դրանք չեն ենթադրում Արցախի անկախություն կամ նույնիսկ քաղաքական ինքնավարություն: Դրանք ընդամենը մունիցիպալ ու մշակութային ինքնավարության թույլ բաղադրիչներ են պարունակում:
"Սակայն ռուսական ենթադրյալ առաջարկությունները բխում են ուժերի ընթացիկ հարաբերակցությունից ու դրանից լավ առաջարկ մեզ ոչ ոք չի անելու, եթե չասեմ այն մասին, որ արևմտյան առաջարկություններն Արցախի հայաթափության մասին են:
Ժամանակն էլ մեր դեմ է աշխատում: Երեք ամիս հետո մեզ ավելի վատ առաջարկություն է արվելու կամ առհասարակ՝ չի արվելու, որովհետև Արցախում այլևս հայություն գուցե չլինի:
Հիմա երկընտրանքը շատ հստակ է՝ կամ համաձայնում ենք կարգավորման ռուսական պարամետրերին ու ապահովում ենք հայության կյանքի իրավունքը Արցախում՝ խոստովանելով, որ առնվազն այս պատմափուլում «Միացում/ անկախություն» կոնցեպտը պարտվել է, կամ էլ՝ անիրական նշաձող սահմանելով հայաթափում ենք Արցախը:
Փաշինյանը մեր պետության Հերոստրատն է, բայց դրանից չի բխում, որ հաջորդ որևէ ղեկավար կարող է անկախություն կամ նույնիսկ քաղաքական ինքնավարություն բերել ԼՂ համար:
Պետք չէ տրվել պատրանքների...",- հավելել է Սուրենյանցը: