27.11.2024
ՀՀ կառավարությունը և ԱՄՀ-ն պատրաստակամ են շարունակել արդյունավետ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ և Արցախի փաստաբանական պալատները կոչ են անում կանխել հումանիտար աղետը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը հուլիսի 26-ին անցկացրել են համատեղ նիստ:


Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը և Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:


Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում քննարկվել է բացառապես Արցախի Հանրապետությունում ստեղծված օրհասական իրավիճակը:


Մասնակիցներն արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապն արտաքին աշխարհի հետ:


«Փաստերի համադրման արդյունքում և միջազգային իրավական կարգավորումների լույսի ներքո Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության փաստաբանների պալատների խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ են անում․


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին,


Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին,


Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին,


Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց),


այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝


ցուցաբերել գործուն աջակցություն  Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: