ՀՀ-ում հերքում են Հաջիևի հայտարարությունը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Հիքմետ Հաջիևի հայտարարությունն այն մասին, թե իբր հայկական կողմը Բրյուսելում համաձայնել է օգտագործել Աղդամի ճանապարհը՝ հույս հայտնելով, որ այդ սուտը կհերքեն նաև Շառլ Միշելի գրասենյակից։
Ըստ Մարուքյանի՝ Հայաստանը հիմա միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է, թե Լաչինի միջանցքը բաց է, քանի որ մինչ այդ էլ են փորձ արել բեռներ տանել Արցախ, որը չի ստացվել, և այժմ Գորիսի պահեստներում կա շուրջ 500 տոննա բեռ։ Մարուքյանի համոզմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը այն հիմնարար փաստաթուղթն է, որը պետք է ուղեցույց դառնա Ստեփանակերտի համար Բաքվի հետ բանակցություններում։
Մարուքյանը հերքել է նաև ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, թե իբր վերջին եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև ադրբեջանցի փաստախակնների՝ Հայաստան վերադարձի հարցը․ «ՀՀ ԱԳ նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Հայաստանը նման հարց չի բանակցում։ Եթե իրականացվի նոյեմբերի 9-ի հայտարարության յոթերորդ կետը՝ ԼՂ և հարակից շրջաններ ներքին տեղահանվածների վերադարձի մասին, այդ խոսակցությունը կբացվի։ Մեր տեսակետն է, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականների հարցը հավասար է ոչ թե ԼՂ հայության իրավունքների հարցին, այլ Ադրբեջանի այլ տարածքներից փախստական հայերի հարցին»։