Ոչ թե լարվածություն, այլ տարաձայնություններ. Փաշինյանը ՌԴ-Թուրքիա հարաբերությունների մասին
Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում լարվածությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես կազդի այս երկու երկրների հարաբերությունների լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վրա։
«Որևէ երկրների միջև լարվածության աճը չի կարող դրական ազդեցություն ունենալ։ Մյուս կողմից՝ չի կարելի չափազանցնել «լարվածության» կարեւորությունը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, ակտիվ համագործակցում են»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց՝ բոլոր երկրների հարաբերություններում երբեմն առաջանում են տարաձայնություններ, հարցն այն է, թե որքանո՞վ են այդ տարաձայնությունները հետագայում վերածվում առճակատման գործընթացների։