Չնայած հումանիտար ծանր վիճակին՝ հավատարիմ ենք խաղաղության օրակարգին. Փաշինյան
Գոյություն ունեցող աշխարհակարգի փոփոխության ներկա պայմաններում Հայաստանի համար կենսական դեր է ստանում տարածաշրջանում ոչ առճակատման քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև Հայաստանի դերի ու տեղի հստակեցումը տարածաշրջանի նոր ճարտարապետության մեջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն են՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հարաբերությունները մյուս հարևանների հետ բարենպաստ են և զարգացման միտումներ են ցույց տալիս։
«Այսօրվա ասուլիսը որոշեցի սկսել հենց այս ուղերձով, գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղում ձևավորված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ներկա պայմաններում վերը նշված ծրագրերի իրագործումը չի դյուրացվում, ռազմավարական տեսանկյունից կարևոր է ընդգծել մեր կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասաց Փաշինյանը։