29.11.2024
Ի՞նչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումից
prev Նախորդ նորություն

Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման մեջ․Հարությունյան

Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով: Այս մասին հուլիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցած հրատապ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։


«Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:


Նամակներ եմ հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներին, որոնք նաև հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալություններին, մանրամասն նկարագրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը և պահանջելով իրականացնել գործում քայլեր իրավիճակին համարժեք արձագանքնելու համար։


Հասունացել է միակողմանի քայլեր ձեռնարկելու պահը՝ որպես զանգվածային հանցագործությունը կանխարգելելու վերջին միջոց։ Իհարկե, առաջին հերթին 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից ու հատկապես Ռուսաստանից ունենք պահանջներ՝ կատարելու անվտանգության երաշխավորի պարտավորությունները, իսկ հատկապես Հայաստանից էլ պահանջում ենք, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտագության խորհրդից իր մանդատի և պարտավորությունների շրջանակում վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման որոշումների կատարումը:


Այս կապակցությամբ, հրատապ եմ համարում Միավորված ազգերի կազմակերպության, նրա ողջ համակարգի և գործակալությունների ներգրավվածությունը, որոնք հատուկ լիազորված են գործել հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում։


Պահանջում եմ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարից դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն՝ միջազգային հանրությանը զգուշացնելու Արցախի ժողովրդի ծանր վիճակի մասին։ Պահանջում եմ պարոն Գուտերեշից առանց հապաղելու և առանց վարանելու գործի դնել ՄԱԿ-ի համակարգը այս ճգնաժամը լուծելու համար: Ես պատրաստ եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, պարոն Գոտերեշին անձամբ ներկայացնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը առցանց ձևաչափով։


Պահանջում եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով, ինչպես նաև քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալներից գործել հիմա։ Բարձրաձայնել Արցախում ճգնաժամի մասին և պահանջել միջազգային հանրության կողմից անհապաղ ջանքերի գործադրումը՝ Արցախում ՄԱԿ-ի մուտքի մանդատ տալու և ներկայության համար:
Պահանջում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեններից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենից հետևել իրենց մանդատին ու պարտականություններին՝ պահանջել իրենց ներկայությունն Արցախում՝ ը Արցախի ժողովրդին տեղում հրատապ ու նաև շարունակական օգնություն ցուցաբերելու նպատակով:


Ներգրավված դերակատարներից պահանջում ենք դադարեցնել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հանցավոր օրակարգին, ինչը միայն խորացնում է անմեղ մարդկանց տառապանքները և կոչ ենք անում կոնկրետ քայլերի իրականացում՝ երաշխավորելու բարենպաստ միջավայր Արցախի ժողովրդի կայուն անվտանգության և հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման համար:


Այսօր ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելումը միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորություն է։ Անընդունելի է, որ ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը արտահայտվի միայն կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու պատրաստակամությամբ։ Միջազգային հանրությունը և առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որին անդամակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, և որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար, այդ թվում զանգվածային հանցագործությունների կանխարգելման համար, տիրապետում է թե մանդատով, թե անհրաժեշտ գործիքակազմով, թե պարտավորությամբ՝ կասեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։


Վերջիվերջո, Ադրբեջանի միջազգային անպատժելիությունը պետք է մեկ օր կասեցվի, այլապես այն ծնելու է նորանոր դաժանագույն հանցագործություններ, որոնց շեմին ենք գտնվում այժմ»,- հայտարարել է նա։