Թույլ տալ մեքենաներին անցնել Լաչինի միջանցքով. ԿԽՄԿ-ի կոչը
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն հայտարարություն է տարածել.
«Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ` Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում:
ԿԽՄԿ-ի աշխատանքը մարդասիրական է։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ վերջին մի քանի օրվա ընթացքում կարողացանք տարհանել 24 հիվանդի Լաչինի միջանցքով: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը 2022 թվականի դեկտեմբերից տարհանել է ավելի քան 600 մարդու, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել:
ԿԽՄԿ-ն շարունակում է իր երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ։