26.11.2024
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Կառավարությունը պետական բյուջեից չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը

ՀՀ կառավարությունը որևէ կերպ պետական բյուջեից չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Որո՞նք են այս գումարների աղբյուրները: Առկա է չորս աղբյուր. հունվարի մեկին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը: Երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի և վարկերի նվազմանն արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն կանի օպտիմալացում, չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար առաջացող ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա: Շատ պարզ հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու սակագնի իջեցման աղբյուրները: Բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու՝ ո՛չ ստվերային կերպով, ո՛չ ուղիղ և ո՛չ մի այլ ձևով»,- հայտարարեց վարչապետը:

Նա նաև ներկայացրեց սակագները, այն է՝ 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257,56 դոլարին համարժեք դրամը պետք է դարձել 242,1 դոլարին համարժեք դրամ, իսկ եթե տվյալ կազմակերպությունը սպառում է ավելին, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա ավել սպառած գազի համար իր սակագինը կդառնա 212 դոլարին համարժեք դրամ: Իսկ 10 հազար խմ-ից պակաս գազ օգտագործող բնակչության համար սակագինը 146,7 դրամից կդառնա 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:

«Խոսքն այն մասին է, որ «Գազպրոմ Արմենիան» փորձում է մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա»,-հավելեց վարչապետը:

Նշենք, որ նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում պարզաբանեց սակագնի փոփոխության նպատակները: Գազի նոր սակագինը կգործի 2017 թվականի հունվարի 1-ից: