Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է իր աշխատանքը Սիրիայի Արևելյան Գութայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսաստանցի զինվորականները տեղադրել են երկու վերահսկիչ և չորս դիտորդական կետեր: Ռուսական ռազմական գերատեսչության կարծիքով՝ այդ քայլերը կօգնեն պահպանել հրադադարի ռեժիմը, տեղ հասցնել մարդասիրական բեռները և նպաստել փախստականների վերադառնալուն: Հուլիսի 9-ին Սիրիայի հարավային մի շարք շրջաններում ուժի մեջ է մտել հրադադարը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Հորդանանը: Հուլիսի 22-ին ռուսաստանցի զինվորականները և սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն էլ հրադադարի պահպանման կարգի շուրջ են պայմանավորվել՝ մասնավորապես Արևելյան Գութայում: Սիրիայում չորս գոտիներում լարվածությունը թուլացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի սկզբներին Աստանայում բանակցությունների ժամանակ: