1.11.2025
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են. Թուրքիան ռազմական գործողություն է ծրագրում Սիրիայում
07.08.2017
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են. Թուրքիան ռազմական գործողություն է ծրագրում Սիրիայում

Օգոստոսի 6-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գումարված Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) 50–րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգոծնախարար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, հղում անելով Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական կայքին, նշում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման, ինչպես նաև Սիրիայում հաստատված հրադադարի ամրապնդմանը վերաբերող հարցեր և այլ խնդիրներ: Ըստ «Haberturk» լրատվամիջոցի էլ՝ հանդիպումից հետո Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես խոսվել է Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու, ինչպես նաև թուրքական լոլիկների ռուսական շուկա ներկրելու հարցերի շուրջ: Միջանկյալ նշենք, որ թուրքական լոլիկների ներկրման հարցում Ռուսաստանը դեռևս չի հանել գործող արգելքը: Փորձագետները նշում են նաև այն հանգամանքը, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում ու այդ հարցում կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումն ու աջակցությունը: Սիրիայում նոր ռազմական օպերացիա իրականացնելու պատրաստակամության մասին տևական դադարից հետո օրերս հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: