ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը մամուլում վերջին օրերին շրջանառվող տեղեկատվական արտահոսքերի շնորհիվ անակնկալ չդարձավ: Դեռևս օգոստոսի սկզբին նոր կառավարություն ձևավորելու մասին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշել էր, որ աշնանը ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն: Մամուլում այս պահին ակտիվորեն քննարկվում են Հովիկ Աբրահամյանին փոխարինողի մասին լուրերը: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուները նշում են, որ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ, այս պահին «Газпром межрегионгаз» ԲԲԸ-ի զարգացման և ռազմավարության գծով փոխտնօրեն Կարեն Կարապետյանը: Նախկինում նա «ԱրմՌոսգազպրոմի» գլխավոր տնօրենն էր: Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում քննարկվում էր դեռևս 2014 թվականին, երբ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը: Կարեն Կարապետյանն ունի արդյունավետ մենեջերի համբավ: Նրա ոչ երկարատև աշխատանքը քաղաքապետի պաշտոնում աչքի է ընկել կարևոր բարեփոխումներով, մասնավորապես քաղաքի կենտրոնն ազատվեց առևտրային մանր կրպակներից: Սակայն իր բոլոր բիզնես նախագծերը նա այդպես էլ չկարողացավ կյանքի կոչել, քանի որ տաս ամիս անց հրաժարական տվեց: Իհարկե, Կարապետյանի վարչապետության մասին տեղեկատվական արտահոսքերը կարող են և չհաստատվել: Սպասվում է, որ Աբրահամյանին փոխարինողի անունը Սերժ Սարգսյանը կհայտարարի այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում: Եթե Կարապետյանի թեկնածությունը հաստատվի, ապա կառավարությունում արմատական փոփոխություններ են սպասվում:Կարապետյանը համարվում է մի ֆիգուր, ով թաթախված չէ ներհայաստանյան ներքին քաղաքական խաղերի մեջ: Նրա դրական փորձը բիզնես ոլորտում և լավ կապերը գուցեև կարող են թույլ տալ Կարապետյանին լուծել հայկական հայկական տնտեսության առջև ծառացած խնդիրները: Պատրաստեց Աշոտ Սաֆարյանը