«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումն անընդունելի են. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած հայտարարություններին: Մասնավորապես, արձագանքել է «հինգերորդ շարասյան» մասին հայտարարությանը:
Հարցին՝ պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը իրեն երբեւէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա, Դավիթ Տոնոյանն արձագանքել է.
"Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է",- արձագանքել է նա ԶԼՄ-ների հարցումներին:
Տոնոյանը նաև ասել է, թե չգիտի՝ ՀՀ վարչապետը որեւէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:
"Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը եւ սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաեւ նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը",- ասված է Տոնոյանի պատասխանում: