VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում արևմտյան մեծ պատվիրակության այց է նախատեսվում տարածաշրջան։ Տվյալ դեպքում խոսքը ԱՄՆ Պետդեպի՝ հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչների մասին է, որոնք նախատեսում են բավականին ներկայացուցչական կազմով այցելել Երևան և Բաքու։ Մեր տեղեկություններով, այցի բուն նպատակն է հենց տեղում հասկանալ ընթացիկ պատկերը և տիրող ընդհանուր իրավիճակը։ Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներկայացրած զեկույցները, և Պետդեպում նպատակահարմար են գտել հենց առաջին ձեռքից հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Թերթի տեղեկություններով, նախատեսվում է տեղում փորձել գտնել լուծումներ և, կախված իրավիճակից, հետագա բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ այցն առաջին հերթին Վաշինգտոնի համար կարևոր է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման, սեփական դիրքերի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ դիտորդներին, այսպես ասած, հավել յալ «քարտ-բլանշ» տալու տեսակետից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք, չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը: Արցախի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին: Այսպիսով, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, քվեարկություն, սակայն, այսօր չի լինի: Քննարկման ժամանակ պատգամավորները իրենց առաջարկները կներկայացնեն՝ նախագծի հետ կապված, որից հետո այն կգնա Գերագույն դատարան: Դատարանը 10-օրից մինչեւ 6-ամսյա ժամկետում իր եզրակացությունը կներկայացնի՝ նախագծի հետ կապված, որից հետո նորից այն կվերադառնա խորհրդարան եւ արդեն քվեարկության կդրվի: Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր):
«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի «հայտնությունը» ոչ անհայտ և վաղեմի նիկոլական Անդրանիկ Քոչարյանի դեմքին փայլ և բավարարվածության արտահայտություն էր բերել: Ու դա աննկատ չմնաց, չվրիպեց մամուլի ուշադրությունից: Հայտնի դարձավ նաև, որ Օնիկ Գասպարյանը գրեթե փաշինյանական ռեժիմով է հանդես եկել, այսինքն՝ 4-5 ժամ շարունակ ինչոր բաներ է պատմել ԱԺ հիշյալ հանձնաժողովին, որի գոյության միակ խնդիրն ու նպատակը 2020-ի պատերազմի հետ կապված հիմնավոր մեղադրանքները Նիկոլ Փաշինյանից ու իրենց իշխանությունից վանելն է: Այս դեպքում բազմապատիկ հետաքրքիր է այդ հանձնաժողովին ներկայացրած և այն ձևավորած փաշինյանական իշխանության ակնկալիքները բավարարած ԳՇ նախկին պետի պարագան: Նախ՝ խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկի, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր պատերազմի ընթացքում գրանցված ձախողումների, մասնավորապես՝ Շուշին թշնամուն հանձնելու համար: Չի՛ ենթարկվել: Խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որը, որպես ԳՇ պետ, ավելի քան չորս տասնյակ այլ գեներալների և բանակային ստորաբաժանումների հրամանատարների հետ դեռևս 2021-ի փետրվարին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Դա Նիկոլ Փաշինյանն ու, ի դեպ, Ռեջեփ Էրդողանը բնորոշեցին որպես «ռազմական հեղաշրջում»: Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց՝ վերը նշված քրեական պատասխանատվության մասին թափանցիկ ակնարկներով, իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալներն իրենց ոչնչացնելու ավելի զիլ տարբերակ չգտան, քան... նույն Նիկոլ Փաշինյանի դիմաց զգաստ կանգնելն ու «չեստ տալը»: Հիմա էլ, փաստորեն, Օնիկ Գասպարյանն է որոշել նմանապես «չեստ տալ» Փաշինյանին: Այնպես որ, Օնիկ Գասպարյանի՝ օրերս 4-5 ժամ խոսելն, ինչ խոսք, իր գինն ունի: Ասում են՝ այդ գինը իր ընտրությունն է՝ քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական նշանակում: Ուստի ամենևին չենք զարմանա, եթե կարճ ժամանակ անց պարզվի, որ նա հարմար պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանի ձեռքից: Ընդ որում, մեր տեղեկություններով, թե՛ քաղաքացիականի, թե՛ զինվորականի դեպքում՝ բավական «սոլիդ» պաշտոն: Օնիկ Գասպարյանը ռազմական հեղաշրջում չարեց, քաղաքականության մեջ էլ չմտավ, բայց կարծես մի քաղաքական վատ կանոն լավ է յուրացրել՝ ամեն ինչ իր գինն ունի: Իսկ դա «յուրացնողների» փորձը, դառը փորձը, ոնց որ, մյուսների համար դաս չի լինում...
«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ տարբեր տեղական ու արտերկրյա կազմակերպություններ պարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում, այդ թվում՝ իշխանությունների պատվերով: Այդ հարցումների մի մասը հրապարակվում է, մյուս մասը համարվում է, այսպես կոչված, «ներքին օգտագործման»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն «չհրապարակվող» երկու հարցում է անցկացվել (սովորաբար՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ): Դրանցից մեկին առիթ ունեցել ենք անդրադառնալ իշխանության ընդհանուր վարկանիշի կտրվածքով: Ինչ վերաբերում է վերջերս անցկացված հարցմանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, դրանք առավել ոչ մխիթարական են եղել իշխանության և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի համար: Ըստ այդմ, հունվար-փետրվարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է 6 տոկոսով: Փոխարենը 17 տոկոսով ավելացել է նրա անձնական «խիստ բացասական» վարկանիշը՝ հասնելով շուրջ 40 տոկոսի: Եթե սրան գումարենք, որ ևս 12 տոկոսը պատասխանել է, որ «ավելի շուտ» քվե չի տա Փաշինյանին, ապա սա նշանակում է, որ եթե առաջիկայում ընտրություն լինի, ընտրողների առնվազն 52 տոկոսը, ինչպես ասում են, «եթե մատներն էլ կտրեն», Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին ձայն չի տա: Ինչ վերաբերում է Փաշինյանի ընդհանուր «դրական» (ամբողջովին դրական և «ավելի շուտ» դրական՝ միասին) վարկանիշին, ապա այն չի գերազանցում 21-22 տոկոսը, ընդ որում՝ Երևանում՝ 16-17 տոկոսը:
«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։ Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազար դրամ, ամսական 15 հազար դրամ անդամավճար են մուծում, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարները՝ 45 հազար, իսկ շարքային ՔՊ-ականների համար գումարը մնացել է նախկին 1000 դրամը։ Հիմա որոշել են, որ այդ 3 տոկոսը պետք է ազդի ոչ միայն պաշտոնատար ՔՊ-ականների վրա, այլեւ 200 հազար դրամից սկսած եկամուտ ունեցող բոլոր կուսակցականների․ Փաշինյանը որոշել է շատերի գրպանին հարվածելով, նախ՝ գումար հավաքագրել, երկրորդ՝ այդպիսով ստուգել իրական՝ գաղափարական աջակիցների թիվը։ Հայտնի ճշմարտություն է․ երբ ուզում ես իմանալ, թե ով է դիմացինդ, կպիր նրա գրպանին, եւ դրանով պարզ կդառնա՝ միջին վիճակագրական քաղաքացին պատրա՞ստ է իր համեստ եկամուտներից ամսական որոշակի գումար տրամադրել կուսակցությանը, թե՞ դրա արդյունքում կհեռանա շարքերից։
«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս, եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը որերորդ անգամ ֆրակցիայի հատուկ նիստ են հրավիրում ու թիմակիցներին սպառնում կարգապահական տույժերով, այդ թվում՝ աշխատավարձից պահումներով։ Երեկ էլ նիստերի օրակարգը սպառելուց հետո հերթական պատժիչ նիստն էին հրավիրել։ ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ միայն ԱԺ-ի, այլեւ խմբակցության նիստերից բացակայելու համար, ասել է, որ պատժի ձեւեր են մտածելու։ Առիթը եղել է ՄԻՊ թեկնածուի հետ նախօրեի հանդիպումը, որին քիչ պատգամավորներ են ներկա գտնվել։ ՔՊ-ականի կարծիքով, քանի դեռ խմբակցության ղեկավարությունը չի հստակեցրել անելիքները եւ պատգամավորներին վերաբերվում է «գյադեք՝ էս կողմ, գյադեք՝ էն կողմ» սկզբունքով ու օրվա մեջ մի քանի նիստ է հրավիրում՝ փորձելով ընդգծել իրենց առաջնորդությունը, պատգամավորների կողմից նման վերաբերմունքի է արժանանալու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ինչպես արդեն հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Իսկ ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը մարտի 17-ին նամակ-գրությամբ դիմել էր խորհրդարանական բոլոր, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ պարզելու՝ ինչ որոշում ունեն ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասով: Հետաքրքրվեցինք նաեւ՝ քննարկել են արդյոք Էդգար Ղազարյանի թեկնածությունը, հնարավոր է՝ նրան առաջադրեն՝ որպես միասնական թեկնածու: «Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ հարցի մասով կարող եմ արձանագրել, որ այս պահին քննարկումները շարունակվում են, սակայն որոշում դեռ կայացված չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունում եւս ՄԻՊ թեկնածուի մասով քննարկումներ կան: «Երկու հարցերն էլ քննարկվում են, բայց դեռ որոշում չկա»,- ասաց ֆրակցիայի ղեկավար Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանն ընտրում է փակ գաղտնի քվերակությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանի թեկնածությանը, իշխող խմբակցության ձայները բավարար կլինեն իրենց թեկնածուին ընտրելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկում էին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ ընդամենը 30 պատգամավոր կողմ եղավ, որ Սաֆարյանի լիազորությունները դադարեցվեն, ՍԴ-ում դատավորները այլ գործով են զբաղված եղել: Նրանք պատրաստվել են ուրբաթ օրը կայանալիք նիստին: Իսկ ի՞նչ նիստի մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն անցյալ տարեվերջին դիմել էր ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի արդյոք Հայաստանի Սահմանադրության հետ, թե ոչ։ Բանն այն է, որ միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, Հայաստանում պարտադիր սահմանադրական վերահսկողություն պիտի անցնեն։ Դա նշանակում է, որ կառավարությունը դիմում է այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշում է՝ համապատասխանում են արդյոք ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը, թե ոչ։ Ասել է թե՝ ՍԴ-Ն խառն է եղել՝ այս գործով նիստին պատրաստվելով, սակայն ավելի ուշ ծանոթացել են ԱԺ քննարկման արդյունքին ու հասկացել, որ ԱԺ-ն գնդակը գցեց իրենց դաշտ, ու հիմա հերթը իրենց որոշելունն է՝ կարգապահական վարույթ կհարուցեն, թե ոչ: Չի բացառվում՝ դատավորները հավաքվեն ու որոշում կայացնեն՝ ինչ պետք է անել՝ ներել օրինախախտ դատավոր Սաֆարյանին, թե պատժել, որ մյուսներն էլ զգաստանան: Հավելենք, որ Սեդա Սաֆարյանը ինքնախոստովանել է, որ անթույլատրելի արարք է թույլ տվել, որը հավաստող փաստաթուղթը «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան: Իսկ ի՞նչ գործով պետք է Սիսակ Գաբրիելյանը ներկայանա Երեւան քաղաքի դատարան: Բանն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` ՀՀ Ազգային ժողովի մոտ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: «Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից եւ առաջարկել է բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Գաբրիելյանին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջեւ, որի ընթացքում Աշոտ Սիմոնյանը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Գաբրիելյանին, քաշքշել եւ եւ այլն»: Այս գործը դատարանում է, եւ այն քննում է ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը, որի ծանուցումները եւս պատգամավոր Գաբրիելյանը անտեսում է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Սիսակ Գաբրիելյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, ի վերջո, ներկայանալու է արդյոք դատարան, կատարելու է դատարանի որոշումը, թե էլի «ծանուցում չի ստացել»: «Չգիտեմ՝ ինչ գործի մասին եք ասում: Ծանուցում ստացել եմ, բայց այս անգամ էլ չեմ գնա, քանի որ երկրում չեմ լինելու. Միացյալ Նահանգներ եմ մեկնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. Մարտի 13-ին վարչապետի աշխատակազմը հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Դրամաշնորհը կազմում է 74 մլն 800 հազար դրամ՝ 192 հազար դոլար։ Դրամաշնորհի պայմանագրից տեղեկանում ենք, որ գումարը ՊՈԱԿ-ին փոխանցվել է իր շենքային պայմանները բարելավելու, այսինքն՝ ՊՈԱԿ-ի շենքը վերանորոգելու համար։ Նշենք, որ անցած տարի էլ վարչապետի աշխատակազմն իր աշխատանքային պայմանները բարելավելու համար էր մեծ գումարներ ուղղել՝ նոր վերելակներ էին գնել, թանկարժեք գորգեր, իսկ ՊՈԱԿ-ին այս տարվա փետրվարի 4-ին էլ էին առանձնապես խոշոր՝ 511 միլիոն 763 հազար դրամի, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել։