Տեղահանվածների բնակապահովում. ՀՀ-ն $250 մլն վարկ կստանա ԱԶԲ-ից
Լուսանկարը` Factor.am
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30-ի նիստում, հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Այսպիսով, Հայաստանը 250 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկ է ներգրավում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական ծրագիրը շարունակելու նպատակով։
Որոշման հիմնավորման համաձայն՝ ծրագիրն արդեն իսկ ակտիվորեն իրականացվում է։ Ներկայումս 3100 տեղահանված ընտանիք ստացել է բնակարանային հավաստագիր, և նրանցից 1140-ն արդեն իսկ իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից ծրագրի շրջանակում մինչ այժմ վճարվել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Հիմք ընդունելով այս տվյալներն ու ծրագրի ընթացքի տեմպերը՝ կառավարությունը նպատակահարմար է համարել լրացուցիչ ֆինանսավորման ներգրավումը։
250 միլիոն դոլարի չափով վարկը Հայաստանին տրամադրվելու է 27 տարի ժամկետով, որից 10 տարին արտոնյալ է, իսկ տոկոսադրույքը՝ լողացող։ Մայր գումարի մարումները կսկսվեն 2035 թվականի դեկտեմբերի 15-ից և կավարտվեն 2052-ի հունիսի 15-ին՝ 34 հավասարաչափ կիսամյակային վճարումների միջոցով։
Ըստ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ 2023-ի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ, որոնցից 9 346-ը (հուլիսի 3-ի դրությամբ) ստացել է ՀՀ քաղաքացիություն։