21.12.2025
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն €5 մլն կհատկացնի Հայաստանի միջուկային անվտանգության ամրապնդմանը

Լուսանկարը` b24.am
Լուսանկարը` b24.am

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի 5 միլիոն եվրո դրամաշնորհ՝ երկրում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Հոկտեմբերի 30-ին կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ի հետ «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի նախագծին։


Հատկացվող գումարը նախատեսվում է ուղղել երկու հիմնական խնդրի լուծմանը։ Առաջին և գլխավոր ուղղությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության մակարդակի բարձրացումն է։ Աջակցություն կցուցաբերվի ՀԱԷԿ-ի սթրես-թեստերի արդյունքում մշակված ազգային ծրագրով նախատեսված, սակայն մինչ օրս չիրականացված միջոցառումների կատարմանը։ Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, այս քայլերն արվում են՝ հաշվի առնելով «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից քաղված դասերը, ներառյալ՝ արտակարգ իրավիճակներում ջրածնի առաջացման հետ կապված վտանգները։


Երկրորդ կարևոր ուղղությունը միջուկային ոլորտը կարգավորող մարմիններին ինստիտուցիոնալ աջակցության ցուցաբերումն է։ Օժանդակություն կստանան ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և «Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը»։


Այս կառույցների կարողությունների հզորացումը նրանց հնարավորություն կտա ավելի որակյալ փորձաքննության ենթարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացվող «Անվտանգության պարբերական հաշվետվությունը», ինչպես նաև ավելի արդյունավետ գնահատել կայանի համապատասխանությունը գործող նորմերին և վերահսկել դրա անվտանգության արդիականացման ծրագրերի իրականացումը։

Լուսանկարը` Factor.am
Հաջորդ նորություն next