30.10.2025
Լուսանկարը` Factor.am
prev Նախորդ նորություն

Պետաջակցությունը եկամուտ չէ․ Կառավարությունը փոխում է Հարկային օրենսգիրքը

Լուսանկարը` Minfin.am
Լուսանկարը` Minfin.am

Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որոնք ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սահմանվում է արտոնյալ կարգավորում այն շահութահարկ վճարողների համար, որոնք պետական ծրագրերով աջակցություն են ստանում։ Այսուհետ սուբսիդիաները, որոնք տրամադրվում են ծախսերի փոխհատուցման համար, այլևս չեն դիտարկվի որպես եկամուտ ստացման պահին՝ ազատելով բիզնեսին անհարկի հարկային բեռից։


Խնդիրն այն էր, որ գործող կարգով ցանկացած պետական աջակցություն, ներառյալ վարկերի կամ լիզինգի տոկոսների սուբսիդավորումը, ամբողջությամբ համարվում էր տվյալ հարկային տարվա եկամուտ։ Սա ինքնաբերաբար շահութահարկի պարտավորություն էր առաջացնում։ Նախարարն ընդգծեց, որ այս մոտեցումը հատկապես անարդարացի էր գյուղատնտեսության ոլորտի համար, որտեղ գյուղմթերքի իրացումից ստացվող եկամուտը թեև ազատված է շահութահարկից, սակայն դրա արտադրությանն ուղղված սուբսիդիան հարկվում էր։


Նոր կարգավորումն առաջարկում է այլ տրամաբանություն բոլոր ոլորտների համար․ պետական աջակցության գումարը եկամուտ կճանաչվի ոչ թե միանվագ, այլ այն ակտիվի ծախսագրմանը (ամորտիզացիային) համամասնորեն, որը ձեռք է բերվել այդ միջոցներով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզ օրինակ բերեց. եթե նախկինում տնտեսվարողը պետության համաֆինանսավորմամբ ջերմոց էր կառուցում, ապա օժանդակության ամբողջ գումարից պետք է միանգամից շահութահարկ վճարեր։ Այժմ այդ գումարը կ«ձգվի» սարքավորման ամորտիզացիայի ողջ ժամանակահատվածում։ Նույն սկզբունքը կգործի նաև ներդրումների համար նախատեսված քեշբեքի ծրագրերի դեպքում։ Նոր դրույթները հետադարձ ուժով կկիրառվեն 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։

Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հաջորդ նորություն next