30.10.2025
Թիրախային հարձակումներ կեղծ WhatsApp, Viber հաշիվներով. Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է
prev Նախորդ նորություն

Երևանում ավարտվեց Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին շարունակվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը:


Համազեկուցողները քննարկման են ներկայացրել 4 հանձնաժողովներում ընդունված զեկույցները:


Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ընդունված` «Արեւելյան գործընկերության ապագայի եւ ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարներ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության անհրաժեշտության վերաբերյալ» հարցի համազեկուցողներն են Եվրոպական խորհրդարանի անդամ Օլիվեր Շենկը եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Կրուլկոն:


Օլիվեր Շենկն ընդգծել է, որ վերջին տարիներին Արեւելյան գործընկերությունը եղել է Եվրոպական միության ամենակարեւոր անկյունաքարերից: Խոսելով փաստաթղթի մասին՝ զեկուցողը նշել է. «Արեւելյան գործընկերությունը պետք է ավելի սերտ աշխատի ԵՄ-ի հետ անվտանգային, պաշտպանական, էներգետիկ քաղաքականության շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնի քաղհասարակության, անկախ մեդիայի եւ ժողովրդավարական շարժումների վրա: Այս նոր քաղաքական առաջնահերթությունների առումով մենք կոչ ենք անում Արեւելյան գործընկերության գագաթնաժողով անցկացնել 2027 թվականին եւ մեկտեղել ԵՄ անդամ պետություններին, գործընկեր երկրներին եւ քաղհասարակությանը՝ հաստատելու գալիք տասնամյակի նոր տեսլականը»: Ըստ ԵԽ պատգամավորի՝ Արեւելյան գործընկերությունը պետք է վերածվի ռազմավարական գործիքի: «Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան մեր աջակցությունը, իսկ ովքեր դրանք չեն գնահատի, կարժանանան հետեւանքների»,-եզրափակելով խոսքը՝ ասել է զեկուցողը:


Մանրամասներ ներկայացնելով փաստաթղթի վերաբերյալ՝ Իվան Կրուլկոն նշել է, որ դրանում ներկայացված են Արեւելյան գործընկերության ապագան, ինչպես նաեւ ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարները:


«ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ արդար առեւտրի, համագործակցության եւ ներդրումների խթանում՝ կապի, կանաչ անցման եւ ենթակառուցվածքների զարգացման աջակցությամբ» զեկույցը քննարկման է ներկայացրել Եվրանեսթ ԽՎ համանախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Մենք հավատում ենք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) եվրոպական նոր ռազմավարության գաղափարին, ընդգծում, որ դա ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլ նաեւ ռազմավարական շրջանակ»,- նշել է համազեկուցող Մարիա Կարապետյանը՝ հավելելով. «գլոբալ դարպասներ» նշանակում է մոդել՝ հիմնված թափանցիկության, կայունության եւ հավասար գործընկերության վրա: Զեկուցողի խոսքով կապը պետք է լինի զուգորդված լավ կառավարման, օրենքի գերակայության եւ ինտեգրման երաշխիքների հետ եւ կարեւոր են դատական անկախությունը, հակակոռուպցիոն քայլերը: Այս բանաձեւը կոչ է անում աջակցել ՓՄՁ-ներին, կանանց կողմից առաջնորդվող ձեռնարկություններին՝ հանուն ներառական աճի: Թեմայի շրջանակում Մարիա Կարապետյանը վկայակոչել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի օրինակները: Այս առումով նա խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով առաջարկող լայն հնարավորությունների մասին:


Այնուհետեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պիերֆրանչեսկո Մարանը ներկայացրել է փոխկապակցված էներգետիկ ապագային վերաբերող զեկույցը: Փաստաթղթի նպատակն է արագացնել էներգետիկ կապերի զարգացումը, կանխել քաղաքական միջամտությունները եւ շարունակելով համագործակցությունը՝ նվաճել եւ հասնել էներգետիկ ինքնիշխանության: Նշվել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը 2 փոփոխություն է ներկայացրել:


Նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվել են քննարկված զեկույցները:


Այնուհետեւ ներկայացվել են աշխատանքային խմբերում կայացած քննարկումները եւ առաջիկա պլանները:


Նստաշրջանի աշխատանքներն ամփոփել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի համանախագահներ Մարիա Կարապետյանը եւ Սերգեյ Լագոդինսկին, ընդգծել քննարկումների եւ բանավեճերի արդյունավետությունը:

Լուսանկարը` mil.am
Հաջորդ նորություն next