22.11.2024
Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան. Արմեն Աշոտյան
prev Նախորդ նորություն

Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում է եւ, հնարավոր է, նշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ: Պարզվում է, որ Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ, ու դրանք ամենեւին էլ միայն հայրենասիրությամբ չեն պայմանավորված: Արցախում համառ լուրեր են պտտվում, որ նախկին գլխավոր դատախազն իրականում ուզում է վերջին օգուտները քաղել բզկտված Արցախից։ Բանն այն է, որ նրա դատախազական աշխատանքային ստաժը չի բավարարում դատախազի բարձր թոշակ ստանալու համար, եւ մի քանի տարի Արցախում պաշոնավարելուց հետո հանգիստ կկարողանա այդ ստաժը գումարել իր ունեցածին եւ վայելել բարձր թոշակը։ Նշենք, որ Դավթյանը դատախազության համակարգում է 2006-2007թթ-ից /պաշտոնական կենսագրություն/։ Ստացվում է, որ նա ունի ընդամենը 16 տարվա դատախազի աշխատանքային ստաժ։ «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը սահմանում է. «… 4. Դատախազին օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝ 1) դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»: Ակնհայտ է, որ Արթուր Դավթյանի 16-ամյա ստաժն անբավարար է բարձր թոշակի համար։ Զուգադիպությու՞ն է. հնարավոր է. ժամանակը ցույց կտա։ Ամենագարշելին, սակայն, այն է, որ պետության, հայրենիքի բարոյականության, հայրենասիրության, բարձր արժեքների մասին ճռճռան խոսքեր ասողներն ապացուցում են, որ առաջնորդվում են բացառապես անձնական շահով, իսկ արյունաքամ լինող Արցախից անգամ հիմա օգուտ պոկողների բարոյական նկարագիրը հանրությունը կտա։


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ։ Նախագիծն ուղարկվել է Արցախի Գերագույն դատարան, որտեղ կորոշվի հիշյալ փոփոխության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Ըստ օրենքի՝ բարձր դատարանը 10 օրից մինչեւ 6 ամիս ժամանակ ունի՝ կարծիք հայտնելու համար: Իսկ սա նշանակում է, որ Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է: Թեեւ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում Գերագույն դատարանն ավելի վաղ եզրակացություն տա, եւ նախագիծը խորհրդարանում դրվի քվեարկության։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովն է ղեկավարում, վերջերս ներկայացրել էր այն զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք չեն ներկայացել քննիչ հանձնաժողով: Ըստ Քոչարյանի՝ այս անձինք կաշկանդված են, վախեցած են, քանի որ թաքցնելու բան ունեն, դրա համար էլ հրաժարվում են գալ ԱԺ: Քոչարյանի թվարկած անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայանում հանձնաժողով, եւ վերջինս ասաց, որ հանձնաժողով գնալու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չի գնալու. «Ինձ հրավեր չեն ուղարկել: Ես բազմիցս ասել եմ՝ չեմ գնալու այդ հանձնաժողով»:


Հարցին՝ ինչու, պատասխանեց՝ կասկածում է հանձնաժողովի անաչառությանը։ Հակոբյանն ասաց. «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա»: Ի դեպ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմից հետո ԶՈՒ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գործընթաց էր նախաձեռնել, մարտի 16-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ինչից հետո Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին: Նա ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։ Թե ինչպես է ստացվում, որ Անդրանիկ Քոչարյանը գովեստի խոսքեր է «շռայլում» իրենց իշխանության հրաժարականը այն ժամանակ պահանջող Օնիկ Գասպարյանի հասցեին, Մովսես Հակոբյանը պարզաբանեց. «Լավ է արել. դա շատ ողջունելի է։ Ինչ ուզում են՝ ասեն, ինձ հետաքրքիր չէ նրանց խոսքը»: Ի դեպ, այս քննիչ հանձնաժողովի աշխատանքը բազմիցս է կասկածի տակ դրվել թե’ հասարակական, թե’ քաղաքական տարբեր շրջանակների կողմից, որոնք բոլորն էլ պնդում են՝ պատերազմի պարտության մեղավորները չեն կարող արդար քննություն իրականացնել:


«Հրապարակ» թերթը գրում է. Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական պատգամավորները ստում են՝ ասելով, որ իրեն հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին, եւ ինքն ինչ-ինչ պատճառներով չի ներկայացել: «Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել»,- մեզ ասաց Խաչատրյանը: Իսկ գուցե ոչ թե Անդրանիկ Քոչարյանն է հրավիրել, այլ միջնորդավորվա՞ծ հրավեր է եղել։ «Եթե ես ասում եմ՝ հրավեր չի եղել, ես ասում եմ` Անդրանի՞կը, թե՞ Կանդրանիկը: Հրավեր առհասարակ չի եղել, թեեւ հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու»։ Խաչատրյանը չի պատրաստվում գնալ մի տեղ, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես, ինչպես ցանկանում են։ Թե ինչու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մասնակցեց հանձնաժողովի նիստին, Գասպարյանի երբեմնի տեղակալը չի կարող ասել, թեպետ նախապես իմացել է, որ գնալու է․ «Գնալուց հետո չեմ խոսել հետը»: Իսկ խորհուրդ չտվեցի՞ք, որ չգնա։ «Դե, հիմա»։ ՔՊ խմբակցությունից մեզ պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե Տիրան Խաչատրյանը հանձնաժողովի նիստերին ներկայանալու փոխարեն իրեն առաջարկել է հանդիպել «տեցի կռուգում», ասե՞լ եք նման բան: Տիրան Խաչատրյանը վստահեցրեց, որ նման բան չի ասել․ «Ես ընդհանրապես իր հետ շփում չեմ ունեցել, իսկ եթե նման բան է ասել, ապա լկտի սրիկա է, ի՞նչ ասեմ»։ Բանակում 5-րդ շարասյան մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն էլ անդրադառնալով՝ Խաչատրյանն ասաց․ «Եթե եղել է, թող զբաղվեն»։


«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Պատվիրակությունը բաղկացած է 14 հոգուց՝ 6 պատգամավոր, մյուսները` ԱԺ աշխատակազմից: ԱԺ նախագահի հետ Բեռլին կմեկնեն նաեւ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Թադեւոս Ավետիսյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը, ով հաճախ է ընդգրկվում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակություններում։ Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընկնելիս վնասել էր արմունկը, ապա, իր իսկ փոխանցմամբ, բարդ վիրահատության էր ենթարկվել եւ, ըստ ամենայնի, վիրակապով է մեկնելու Բեռլին։ Սակայն ԱԺ-ից մեզ վստահեցրին, որ ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման։


«Հրապարակ» թերթը գրում է. Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է։ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը գործը կարճելու միջնորդություն է ուղարկել դատախազություն: Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Փաստաբանը չհերքեց, որ միջնորդություն է ներկայացրել, սակայն ասաց` իրեն հայտնի չէ՝ գործը կարճվե՞լ է, թե՞ ոչ: Բայց հավելեց, որ տեւական ժամանակ է՝ Ծառուկյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվում։ Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, եւ որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Այդ գործի շրջանակներում 2020-ին կալանավորվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց: Մանուկյանի դեմ ցուցմունք տված միակ անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն էր, ում ցուցմունքը, ըստ էության, բավարար չէր Մանուկյանին պատժելու համար: Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ Մանուկյանի դեմ հարուցված գործը կարճվել է, ինչից հետո բնական է, որ Ծառուկյանի պաշտպանի միջնորդությունն ԱԱԾ-ն պետք է բավարարի։


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ հրահանգն է իջեցվել, որը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ: Այս անգամ վարչապետի կողմից հրահանգ է առկա պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ: Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն եւ այդ մասին զեկուցեն հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա կարող ենք դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ ուղղված հերթական քայլը՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո: Եվ այս վերջին հրահանգի մասով արդեն իսկ առաջին արդյունքներ, այսպես ասած, առկա են: Խոսքը վերաբերում է «Հետք»-ի փոխխմբագրին: Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Ամեն դեպքում, փաստ է, որ այսօր իշխանություններն իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին: