23.11.2024
Վաղն անգամ այս առաջարկություններին կարող ենք երանի տալ. Սուրեն Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Ինչու են լռում ԵՄ դիտորդները. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում ադրբեջանցիներն առեւանգել են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլնաջարյանին, ով երեք երեխայի հայր է։ Ընդ որում՝ պայմանագրայինը մեքենայով հաց տանելիս է եղել մարտական հերթափոխություն իրականացնող զինծառայողներին ու գերեվարվել է ՀՀ սուվերեն տարածքից։ Ուշագրավ է, որ դեպքի մասին Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հավակնոտ հայտարարություններ էր անում, թե ԵՄ դիտորդները տեղակայվելու են ՀՀ սահմանի ողջ երկայնքով եւ վերահսկելու են սահմանային միջադեպերը, արձանագրելու են, թե ով է սադրիչ գործողությունների դիմում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ: Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին եւ չեն համարձակվել ոչինչ ասել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում Արսեն Թորոսյանի հետ կապված կրքերը դեռ չեն հանդարտվում: ՔՊ-ականներից ոմանք այս օրերին տարբեր օղակներով Նիկոլ Փաշինյանի ականջին փորձում են տարբեր տեղեկություններ հասցնել Թորոսյանի մասով, որպեսզի ավելի լարեն Թորոսյան-Փաշինյան առանց այն էլ լարված հարաբերությունները: Այս առումով ակտիվ է, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը, որն իր մտերիմ Արփի Դավոյանի միջոցով (որը նաեւ ՔՊ վարչության անդամ է ու առավել հաճախ է հանդիպում Փաշինյանին) տեղեկություններ է պարբերաբար հասցնում Փաշինյանի ականջին: Այն, որ Թորոսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված են, սրա մասին բազմիցս գրել ենք: Ստացվում է՝ Քոչարյանն այսպիսով փորձում է նաեւ իր հաշիվները պարզել Թորոսյանի հետ: Փաշինյանն էլ չի շտապում կտրուկ քայլերի գնալ Թորոսյանի մասով, թիմակիցներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին:


«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած մամուլում շարունակ գրվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախի դատախազ է նշանակվելու, սակայն մենք օրեր առաջ գրեցինք, որ դա Արցախի նախագահականում բացառում են։ Ուրեմն ինչո՞ւ է այդ լուրը շարունակում շրջանառվել։ Բանն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որ ստանա նրա «դաբրոն»՝ Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու համար, հպանցիկ տեղեկացրել է, որ Ներսիսյանի փոխարեն էլ հնարավոր է Արթուր Դավթյանին նշանակի։ Փաշինյանն այդ պահին կարծիք չի հայտնել, իսկ երբ Դավթյանը մեկնել է Արցախ, Փաշինյանը կապվել է Արայիկ Հարությունյանի հետ եւ կտրուկ դեմ արտահայտվել այդ նշանակմանը։ Հիմա Արայիկ Հարությունյանը Մոսկվայի արձագանքին է սպասում՝ այս հարցի հետ կապված։ Թե ինչու է Փաշինյանը դեմ Դավթյանի թեկնածությանը՝ հաշվի առնելով, որ նա հնազանդորեն ծառայել է իրեն, ըստ լավատեղյակների՝ նա կարծում է, որ մի անգամ Սերժ Սարգսյանին դավաճանածն իրեն էլ կդավաճանի։ Մեր աղբյուրները պնդում են, որ ԱՀ գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն ներկայիս պաշտոնակատարն է՝ Կարեն Գաբրիելյանը՝ Գուրգեն Ներսիսյանի տեղակալը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտավ: «Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաեւ դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է: Երեկ ՄԻՊ թեկնածուն խորհրդարանում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է ունեցել: ՔՊ-ի ու ՄԻՊ թեկնածուի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներից միայն մի քանիսն են հարցեր ուղղել թեկնածուին, մյուսները լսողի դերում են ընդամենը եղել: Թեկնածուն տրիվիալ ճշմարտություններ է ասել, արագ ամփոփել հանդիպումը: Հավելենք, որ իշխանական ՄԻՊ թեկնածուն անակնկալ է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավորրների համար: Միայն ֆրակցիայի ղեկավարն ու քարտուղարն են նախապես իմացել այդ մասին, մյուս պատգամավորները հանդիպումից քիչ առաջ են իմացել՝ ով է իրենց ՄԻՊ թեկնածուն, մի մասն էլ ընդհանրապես հանդիպման ժամանակ են «բացահայտել» թեկնածուին: ՔՊ խմբակցության ղեկավարության գաղտնապահությունը, սակայն, չստացված էր, քանի որ ArmLur.am-ը երեկ կեսօրին հրապարակեց, թե ով է ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն, եւ թե ինչպես են նրա գոյությունը գաղտնի պահում հենց իշխանական պատգամավորներից: ՔՊ-ում կասկածում են, որ մեր ինֆորմացիայի աղբյուրը Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն են:


«Հրապարակ» թերթը գրում է. 2011-2018 թվականներին Երեւանի քաղաքապետ աշխատած, իսկ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Երեւանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ հարցրինք՝ ինչո՞ւ չի առաջադրում թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, թե՞ այնքան էլ լավագույնը չի եղել, որքան կարծում են իր կուսակիցները։ «Դուք Ձեզ հարց եք տալիս, Դուք՝ պատասխանում։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեռ քննարկում չենք ունեցել, որոշում չենք կայացրել, երբ որոշում կայացնենք՝ կհայտարարենք»,- զուբրիտի ոճով հանդես եկավ Տարոն Մարգարյանը։ Այսինքն՝ նետվելու եք պայքարի՞, թե՞ պասիվ դիտորդի կամ, գուցե, աջակցի կարգավիճակ եք ստանձնելու։ «Պետք է համբերենք, արդյոք Երեւանի ընտրության օ՞ր են նշանակել, երբ նշանակեն, այն ժամանակ էլ կխոսենք, մի շտապեք»։ Չենք շտապում, բայց ենթադրում էինք, որ ՀՀԿ-ն Ձեզ համարելով բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը՝ առանց որեւէ քննարկման, պետք է Ձեզ պայքարի առաջնագիծ մղեր։ «Մեր համար քաղաքական օրակարգն այլ է, քաղաքապետի հերթական ընտրություններին դեռ 6 ամիս ժամանակ կա, եթե կուսակցությունը որոշում կայացնի, անպայման կտեղեկացնենք»։ Իսկ ո՞րն է այսօր ձեր քաղաքական օրակարգը։ «Ընդդիմության օրակարգը»։ Ո՞րն է դա։ «Դուք լավ գիտեք»։ Այո՝ գալ խորհրդարան, ՔՊ-ականների հետ գնալ գործուղումների, ձեռքի հետ էլ մի երկու ստատուս գրել, հարցազրույց տալ ու համարել ձեր առաքելությունն ավարտվա՞ծ։ «Լավ, էլի»։ Դասական ընդդիմության օրակարգը պետք է լինի իշխանափոխությունը, իսկ ավագանու ընտրություններն այդ հնարավորությունը տալիս են՝ նկատեցինք մենք։ Այս հարցին արդեն Մարգարյանն ինչ-որ բան քրթմնջաց եւ արագ մտավ իր աշխատասենյակը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սիսիանում քաղաքապետի ընտրությունների կազմակերպումը խայտառակ գործընթացով է ուղեկցվում: Վահագն Հովակիմյանն անկարող է վերահսկել եւ կազմակերպել արդար ընտրություններ: Մասնավորապես, 34 ընտրատարածքային ընտրական նոր հանձնաժողովը, որ ընտրակարգում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները, կամայականություններ է թույլ տվել: Ինչպես հայտնի է, 2023թ. մարտի 26-ին տեղի է ունենալու Սիսիան խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով (ավագանու) ընտրություններ: Սիսիանի տարածաշրջանը բաղկացած է 41 տեղամասային ընտրական հանձնաժողովից: Յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած է 8 անդամներից: Հանձնաժողովի 6 անդամներին նշանակում են Ազգային ժողովի 3 խմբակցությունները, իսկ 2 անդամին նշանակում են թիվ 34 տարածքային հանձնաժողովի անդամները: Արդյունքում տեղի է ունեցել խայտառակություն. ԸԸՀ գորիսյան անդամների կոմից տեղամասային հանձնաժողովներում անդամներ են նշանակվել հիմնականում Գորիս համայնքում բնակվող իրենց ընտանիքների ներկայացուցիչները, հարազատները եւ ընկերները: Երեւույթը մեծ դժգոհություն եւ աղմուկ է բարձրացրել Սիսիան համայնքի լիցենզիա ունեցող մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին եւ բոյկոտել դրանք:


Օրինակ՝ ԸԸՀ-ի անդամ Գորիս քաղաքի բնակիչ Մարինե Բակունցը տեղամասային հանձնաժողովներում անդամներ է նշանկել Գորիս համայնքում բնակվող իր երկու տղաներին ՝ Արմեն եւ Արտակ Մկրտչյաններին, աղջկան՝ Անի Մկրտչյանին, քրոջը՝ Կարինե Բակունցին, իր եւ իր ամուսնու բարեկամներ Կորյուն եւ Կարեն Դաջունցներին, Արամ եւ Դավիթ Բաբայաններին, Նարեկ Տոռոզյանին, Դոնարա Դիլանյանին եւ այլոց… Հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը անդամներ է նշանակել Գորիսում բնակվող իր տղաներ Էրիկ եւ Գարիկ Ստեփանյաններին, իր կնոջը եւ մի քանի բարեկամների (ցանկության դեպքում ամբողջական ցանկը անձամբ կարող է ճշտել պարոն Վահագն Հովհաննիսյանը): Հանձնաժողովի Գորիս համայնքի բնակիչ Անի Հայրապետյանը անդամներ է նշանակել Գորիս քաղաքում բնակվող իր հորը՝ Խաչատուր Հայրապետյանին, բարեկամներ Քրիստինե եւ Լիլյա Մաթեւոսյաններին, Կարինե Մարտիրոսյանին, Անուշ Ծատրյանին եւ այլ «խիստ կարիքավոր» բարեկամների, նույն ձեռագիրն են կիրառել նաեւ ՏԸՀ-ի մյուս անդամները: Փաստորեն, լիցենզիա ունեցող, բայց ծանոթներ չունեցող լիցենզավորված մասնագետները մնացել են պրոցեսից դուրս, ասել է թե՝ Սիսիան համայնքի ընտրություններում հանձնաժողովներում անդամներ են նշանակվել 50-ից ավելի Գորիս համայնքի բնակիչներ: Ահա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կազմակերպած առաջին ընտրությունը. ծանոթով հանձնաժողովականներ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում գտել են Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին եւ նրա հարցը կբարձրացնեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս նոր ձեւավորված Ներքին գործերի նախարարության Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն է: Իրավապահ համակարգում նրա թեկնածությունը կառաջարկեն. կհամաձայնի նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, երկար ժամանակ Պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել. փնտրում են համակարգից մեկին, որն ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու եւ կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։ Նշենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տեւական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն եւ վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մշտապես անդրադարձել է կադրային խնդիրներին. չկան փոխնախարարներ, պաշտոնները ամիսներով, տարիներով թափուր են: