21.12.2024
Բաբայանի ակտիվացումը կբերի Արցախի իշխող էլիտաների կոնսոլիդացիայի
12.02.2020
Բաբայանի ակտիվացումը կբերի Արցախի իշխող էլիտաների կոնսոլիդացիայի

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը որոշում է կայացրել մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարել Արցախի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանին: «Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում»,- ասվում է հայտարարությունում: Պատերազմի ակտիվ մասնակից և ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը («Կոմանդույուշի») անձամբ էր ցանկանում մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին, սակայն Արցախի ոստիկանությունը Սամվել Բաբայանին չէր տրամադրել 10 տարի Արցախում բնակվելու մասին տեղեկանք, ինչի պատճառով նա հնարավորություն չունեցավ առաջադրվելու: Բաբայանը ստորագրահավաք էր կազմակերպել, որպեսզի իրեն թույլ տան մասնակցել ընտրություններին, ինչը նաև նպատակ ուներ ստուգելու իրեն աջակցողների իրական քանակն ու էլեկտորատի համախմբման նպատակներ ուներ: Ստորագրահավաքը ցույց տվեց, որ Բաբայանն ունի հազարավոր աջակիցներ Արցախում: Բացի այդ, Բաբայանը տասնամյակներ շարունակ հալածվել է Արցախի իշխանությունների կողմից և միշտ հանդես է եկել գործող իշխանությունների խիստ քննադատությամբ՝ բանակի հիմնախնդիրներից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ: Բաբայանն աջակցելով Մասիս Մայիլյանին փորձելու է հաղթանակ տանել գալիք ընտրություններում սեփական թեկնածուով և իր աջակիցներին կոչ է անելու ընտրությունների օրն իրենց ձայնը տալ Մայիլյանին: Այդ կերպ Արցախի գալիք նախագահական ընտրություններում Բաբայան-Մայիլյան տանդեմն իր շուրջ է համախմբելու իշխանություններից դժգոհ էլեկտորատին ու դառնալու է ընդդիմադիր բևեռ: Բաբայանը չէր կարող աջակցել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, քանի որ բազմաթիվ անգամ հանդես էր եկել Հարությունյանի քննադատությամբ ու Հարությունյանին ընկալում է, որպես գործող իշխանությունների թեկնածու: Հարությունյանը տասնամյակներ շարունակ եղել է իշխանության մաս՝ նա ունի լուրջ վարչական, տնտեսական ռեսուրսներ, կուսակցության նախագահ է, սակայն հանրային ընկալման մեջ նա ընդդիմություն չէ և մաս է այսօրվա գործող իշխանությունների: Բաբայանի ակտիվությունն Արցախում հանգեցնելու է իշխանական և մերձիշխանական բոլոր ուժերի միավորմանն Արայիկ Հարությունյանի շուրջ:Ինչ վերաբերվում է գեներալ Վիտալի Բալասանյանին («Ասկերանի Վիտո»), ապա նա հանդես է գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ քննադատությամբ, իսկ այսօրվա քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում այդպիսի թեկնածուի հաղթանակը բավականին բարդ է՝ ապագայում լուրջ խնդիրներ են առաջանալու Բալասանյան-Փաշինյան շփման ու համագործակցության առումով, եթե նախագահ ընտրվի Վիտալի Բալասանյանը: Բացի այդ, Բալասանյանը չունի այն լուրջ ֆինանսական, վարչական, մարդկային ռեսուրսները, որին տիրապետում է Արայիկ Հարությունյանը, իսկ Բաբայանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու պարագայում Արցախում բոլոր իշխանամերձ ուժերն ու կենտրոնները համախմբվելու են հենց Հարությունյանի շուրջ՝ ձայները չփոշիացնելու և վստահ հաղթանակ տանելու համար: Արցախի էլիտաները չեն համարձակվի ուղիղ աջակցություն ցուցաբերել Վիտալի Բալասանյանին, ով այդպիսի կոշտ քննադատության է ենթարկում հայաստանյան իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին: Արցախում նախագահական ընտրություններում կոշտ մրցակցություն է սպասվում և ամեն ինչ կախված է լինելու մի քանի գործոններից: Եթե ընտրություններում չկիրառվի ֆինանսա-վարչական ռեսուրսը, որին տիրապետում է Արայիկ Հարությունյանն ու գործող իշխանությունները, ապա մեծ են Բաբայան-Մայիլյան տանդեմի շանսերը, ովքեր չեն ասոցացվում թալանի ու կոռուպցիայի հետ: Երկրորդ գործոնը ՀՀ-ի իշխանությունների ուղիղ աջակցությունն է թեկնածուներից որևէ մեկին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից աջակցություն ստանալու դեպքում Արցախում թեկնածուներից որևէ մեկը քարթ-բլանշ է ստանալու ու դա ազդելու է ընտրողների վերջնական քվեարկության ու արդյունքների վրա: Եվ երրորդ, ամենակարևոր գործոններից մեկը՝ Արցախի շուրջ ստեղծված ռազմա-քաղաքական և գեոպոլիտիկ իրավիճակն է: Եթե Արցախի շուրջ լարվածությունը մեծանա, ապա հասարակությունը կզգա ուժեղ ձեռքի կարիք և ընտրությունը կարող է կանգ առնել Բաբայան-Մայիլյան տանդեմի վրա: Բաբայանը պատերազմի վետերան է, իսկ Մայիլյանը՝ հմուտ դիվանագետ, ով լավ է հասկանում ղարաբաղյան հարցն ու նրա շուրջ ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակը: Վարդան Վարդանյան