Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը նոր հոդված է գրել՝ "Ու՞մ ժամացույցն է ճիշտ" խորագրով.
"Մի հարց անընդհատ իրար տալիս ենք. ժամանակ ունե՞նք, թե ոչ։ Այս կարևոր հարցի պատասխանը մեկ այլ հարցի մեջ է. ժամանակ՝ ինչի՞ համար։
Եթե ժամանակ՝ սպասելու, թե ինչպես ենք կորցնելու Արցախը, ապա ժամանակը այստեղ հարաբերական հասկացություն է։
Եթե պետք է դա թույլ չտանք ու կասեցնենք աղետը, ժամանակ քիչ կա։
Եթե ուզում ենք ողբերգությունից խուսափել ու թույլ չտալ, որ մեր երկիրը պատառ-պատառ անեն, իրար նվիրեն, ապա ժամանակ քիչ է մնացել։
Եթե ուզում ենք դառնալ մի տարածք, որտեղ կապրի մի 1.2 միլիոն հայ, ու որը կլինի ընդամենը թուրքական ենթակառուցվածքներ սպասարկող միավոր, ապա ժամանակ կա. դա 5-10 տարվա հեռանկար է։
Եթե ուզում ենք, որ այդպես չլինի և ունենանք ժամանակակից, զարգացող հայկական պետություն, որը հարևանների հետ կգտնի արժանապատիվ գոյակցության լեզուն, ապա ժամանակ իսկապես շատ քիչ է մնացել։ Լուրջ փոփոխություններ են պետք։
Եթե աշխարհի ազդեցիկ հայերը՝ կապիտալի, կապերի և հնարավորությունների տեր, աշխարհի մեգապոլիսներում ուզում են լինել դիտորդ, թե ինչպես է հայրենիքը վերջանում, ու իբր մտահոգ փիլիսոփայել Հայաստանի ու Արցախի ճակատագրի մասին, ապա մի պահից չեն կարողանալու, որովհետև լրիվ ուրիշ իրականություն է լինելու։
Եթե կա կապիտալ, որ փողից առավել կարևորում է հայրենիքը և սերունդների առջև իր արժանապատիվ անունը, ապա պետք է շտապել, որովհետև վաղը կարող է ուշ լինել։
Եթե ուզում եք հասցնել Ավինյանի հետ պայմանավորվել ընտրություններից առաջ, ապա պետք է շտապել, կուշանաք։
Մարդը հո չի՞ կարող բոլոր «փրկիչների, դիմադրողների, ազդեցիկների» և այլ շրջանակների բոլոր հարցերը լուծել։ Նա էլ ունի իր տրամաբանական լիմիտը։
Եթե ուզում ենք ճկվել, տանը մի բան խոսել, բայց մյուս ձեռքով իշխանությանբ հետ լավ լինել՝ «տուն ենք պահում, հարցեր կան, գործ են խոստացել» և այլն, դժվար է ասել. կարող է լինել ժամանակ, կարող է և չլինել, անհատական հարց է։
Իսկ եթե ուզում ենք տեր լինել մեր երկրին, գնալ հետպատերազմյան վերականգնման ճանապարհով, իսկ մեր կյանքի նպատակը հիմա սա է, ապա դրա և´ ժամանակը կա, և´ ռեսուրսը։ Բայց պետք է շտապել։
Պետք է նախ և առաջ ինքներս մեզ հետ լինենք ազնիվ։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում անել։ Հակառակ դեպքում ո՞վ գիտի՝ ժամանակ կա՞, թե՞ չկա։ Պետք է հասկանանք՝ ում «ժամացույցով» ենք մտածում։
Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ ամիս հետո, 2-3-6 ամսվա ընթացքում, որովհետև չգիտենք, թե ստվերում իշխանությունը ինչեր է անում, պայմանավորվում, ընդունում։ Սա բերում է նրան, որ մեր ժամացույցները սխալ են ցույց տալիս։ Իսկ հետո, երբ ամեն ինչ պարզվի, կարող է ուշ լինել, ու անիմաստ կլինի շատերի մեղայական ծղրտոցը, թե՝ մենք չգիտեինք...
Իսկ հիմա հիշեք. Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, ծանր հիվանդները չեն բուժվում։ Այդ ընթացքում Հայաստանի առջև նորանոր պահանջներ են դնում։
Ամեն դեպքում՝ այս պահին դեռ ունենք ժամանակ.
- Նոր պատերազմից խուսափելու
- Արցախը հայկական պահելու
- Մեր պետությունը պահելու համար։
Քիչ, բայց ունենք։ "