30.12.2024
«Ոչ մի թիզ հող Ադրբեջանին». Արցախի նախագահի թեկնածուների մեսիջը
30.03.2020
«Ոչ մի թիզ հող Ադրբեջանին». Արցախի նախագահի թեկնածուների մեսիջը

Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ նախագահի թեկնածուներն ուղիղ եթերում բանավիճել են և ներկայացրել են իրենց տեսլականը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված: Բոլոր թեկնածուները ղարաբաղյան հարցի կարգավորման իրենց դիրքորոշումը հայտնելիս հստակ մեսիջ են հղել թե Արցախի ընտրողներին, թե Երևանին ու Բաքվին՝ոչ մի թիզ հող ադրբեջանական կողմին չի զիջվելու և Արցախի այսօրվա սահմանների փոփոխություն հնարավոր չէ հօգուտ Ադրբեջանի: Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք անգամ հայտարարում էին, որ Արցախի սահմանները պետք է անցնեն Քուռ և Արաքս գետերով, այսինքն անգամ այսօրվա սահմանները պետք է փոփոխություն կրեն՝Բաքվին հող զիջելու մասին ոչ մի թեկնածու չէր հայտարարել: Արցախյան ընտրություններում թեկնածուների այսպիսի կեցվածքը հստակ մեսիջ է առաջին հերթին Բաքվին՝Ադրբեջանը չպետք է հույս ունենա, թե բանակցությունների ընթացքում անվտանգության գոտին կամ 7 շրջանները հանձնվելու են նրանց: Դա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու այն թեզն, որ Արցախի հակամարտությունը չունի այս պահին դիվանագիտական լուծում, իսկ առկա սահմանների և ռազմական գծերի ստատուս-քվոյի փոփոխությունը միայն հանգեցնելու է նոր պատերազմի՝տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներով: Երկրորդ հստակ մեսիջը թեկնածուների կողմից ուղղված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով բանակցությունների է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝արցախցիները չեն պատրաստվում հող զիջել և Փաշինյանը բանակցություններում պետք է հղում անի նաև արցախցիների և նրա ռազմա-քաղաքական ղեկավարության, էլիտաների կարծիքին, որ այնտեղ չկան հող զիջող ուժեր և հասարակությունը չի հանդուրժելու որևէ տարածքային զիջում կամ ադրբեջանցիների վերադարձ: Երրորդ մեսիջը թեկնածուների կողմից ուղղված էր արցախահայությանը, ովքեր ապրում են սահմանին և ամեն օր կարող են ենթարկվել ադրբեջանական զորքերի հարձակման: Թեկնածուների դիրքորոշումը կարևոր ազդակ էր հասարակությանը, որ նրանց անվտանգությունն ու այսօրվա սահմաններն երբեք կասկածի տակ չէր դրվելու՝պատերազմով անցած արցախյան հասարակության համար կարևոր են այնպիսի քաղաքական ղեկավարների առկայությունը, ում դիրքորոշումը լինելու է անզիջում: Այսպիսով, Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արցախյան ներքաղաքական դաշտի լանդշաֆտը հստակ է՝հասարակությունն ու թեկնածուները միասնական են «ոչ մի թիզ հող հակառակորդին» թեզի շուրջ, իսկ մանր տարաձայնություններն ու ծրագրերի տարբերությունները խոսում են քաղաքական պլյուրալիզմի և ժողովրդավարություն մասին: Վարդան Վարդանյան