ԱԺ Քննիչ հանձնաժողովը վերածվել է Նիկոլ Փաշինյանին արդարացնելու հանձնաժողովի․ Զուրաբյան
2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանի քննիչ հանձնաժողովը զբաղված է ամեն ինչով, բացի իրական մեղավորների որոնումներից։ Այս մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, եթե հանձնաժողովն իր առջեւ նպատակ դնի փաստացի պարզաբանել տեղի ունեցած իրադարձությունների հանգամանքները, ապա բոլոր հանդիպումները կանցկացվեին դռնփակ, քանի որ նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ «Սակայն հանձնաժողովի աշխատանքի ընթացքում պարզվեց, որ կա որոշակի արտոնյալ մասնակից, ով կարող է օգտագործել այս հանձնաժողովը բաց «փիարի» համար», - ասել է Զուրաբյանը Pressing հաղորդաշարի եթերում։ Այսպիսով, շարունակեց նա, քննիչ հանձնաժողովը վերածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու հանձնաժողովի։
«Ակնհայտ է, որ այս ամենը սովորական բեմադրություն է, որը կոչված է այս ողբերգության և պարտության գլխավոր մեղավորից պատասխանատվությունը տեղափոխել որևէ մեկի վրա՝ գեներալների, բանակի, նախկին իշխանությունների, դիվանագետների, նախկին բանակցողների վրա», - ասաց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանը փորձում է հասարակության առաջ ներկայանալ որպես նախկին իշխանության կոռուպցիայի և սխալների զոհ։