Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նախորդ գագաթնաժողովում արդեն մեկնարկել էր այդ կարևոր կառույցին Իրանի միանալու գործընթացը, և հիմա այդ հանգամանքը կամրագրվի պաշտոնապես։ Բնական է, որ ՇՀԿ-ին միանալով՝ Իրանը զգալիորեն մեծացնելու է տարածաշրջանում իր ազդեցությունը և խորացնելու է հարաբերություններն այն երկրների հետ, որոնք չեն ենթարկվում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին իրանագետներ Հարութ Արթին Առաքելյանն ու Ժաննա Վարդանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ կարող է տալ Իրանին ՇՀԿ-ին լիիրավ անդամ դառնալու հանգամանքը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՇՀԿ պետությունների ղեկավարների առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա հուլիսի 4-ին Նյու Դելիում, կձևակերպվի կազմակերպությունում Իրանի լիարժեք անդամակցությունը:
«Եթե կա մեծ շուկաներ մտնելու հնարավորություն, որտեղ կարելի է կատարել հսկայածավալ ներդրումներ, բնական է, որ այդ ձգտումը միավորելու է շահագրգիռ երկրներին։ Չմոռանանք, որ ՇՀԿ-ին զուգահեռ գործում է նա ԲՐԻԿՍ-ը, որտեղ Իրանը նույնպես լիիրավ անդամ դառնալու հայտ է ներկայացրել, մանավանդ որ ակնառու է աշխարհաքաղաքական նոր բևեռի ձևավորումը, որում ընդգրկված տերությունները փորձում են համաձայնության գալ նույնիսկ ընդհանուր արժույթ թողարկելու հարցում՝ լուրջ մարտահրավեր նետելով ամերիկյան դոլարին»,- նկատեց Առաքելյանը։
Նրա կարծիքով՝ այն, ինչ այս պահին անում է Իրանը, ավելի շատ արևելյան բլոկի երկրներին մերձենալու փորձ է, և այդ հանգամանքը դոմինոյի էֆեկտով տարածաշրջանային մյուս պետություններին ուղղորդելու է դեպի ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Հայաստանի բոլոր հարևանները մոտենում են ռուս-չինական առանցքին, հետևաբար, ՀՀ-ի իշխանությունն, Առաքելյանի պնդմամբ, պետք է ձգտի ավելի սերտացնել հարաբերություններն արևելյան դաշինքի հետ, որը գնալով մեծ թափ է հավաքում։ Հայաստանը պետք է օգտվի ընձեռվող հնարավորություններից, այլ ոչ թե պետությունների մեջտեղում դիրքավորվելով՝ դիտարկվի որպես մրցակից։
«Դառնալով ՇՀԿ-ի լիիրավ անդամ՝ Իրանն ավելի հեշտությամբ կկարողանա իր նավթն ու գազը վաճառել արտասահմանյան երկրներին։ Չաբահարի ազատ տնտեսական գոտու տրամադրումը Չինաստանին՝ որոշ չափով կապված է ՇՀԿ-ին անդամակցելու հանգամանքով։ Չմոռանանք, որ այդ տնտեսական գոտում լուրջ ներդրումներ է կատարել նաև Հնդկաստանը։ Բացի դրանից, Չինաստանը ներգրավված է նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կայունացման, ինչպես նաև արաբաիսրայելական հակամարտության կարգավորման գործընթացներում։ Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հետ մերձեցումն Իրանին կտա իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ավելի մեծացնելու հնարավորություն, առավել ևս, որ նշված երկրները ձգտում են կյանքի կոչել աշխարհատնտեսական նշանակություն ունեցող մեգածրագրեր»,- նշեց Առաքելյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում արևմտյան երկրները չե՞ն փորձի արդյոք Իրանին բերել իրենց վերահսկողության դաշտ, իրանագետն ասաց, որ Իրանում արդեն գիտակցում են այդ բանակցությունների անիմաստությունը, հետևաբար, անհնար են համարում միջուկային համաձայնագիր կնքելու հավանականությունը։
Ժաննա Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ Իրանը կարևորում է տարածաշրջանային տարբեր կառույցներում իր ներգրավվածությունը՝ լինի քաղաքական, թե տնտեսական, և այդ համատեքստում է, որ Իրանը ցանկանում է լիարժեք դերակատարում ունենալ ԵԱՏՄ-ում և ՇՀԿ-ում՝ հաշվի առնելով, որ տակավին գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո։
«Արևմուտքի հետ ունենալով սահմանափակ հարաբերություններ՝ պաշտոնական Թեհրանն իր հայացքը հառում է դեպի Արևելք՝ փորձելով ասիական, լատինամերիկյան ու աֆրիկյան երկրների հետ ստեղծել ընդհանուր ցանց, որը թույլ կտա շրջանցել պատժամիջոցների հետևանքներն ու կայուն պահել տնտեսությունը»,- ասաց Վարդանյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ՇՀԿ-ին լիարժեքորեն անդամագրվելու հանգամանքն Իրանին տալու է ավելի շատ աշխարհատնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական դիվիդենտներ, Վարդանյանն ընդգծեց, որ փորձ կարվի համադրել այդ երկու կարևոր բաղադրիչները՝ ցույց տալով, որ Իրանն ամենևին ընկճված չէ և նախկինի պես ծանրակշիռ դիրք ունի Մերձավոր Արևելքում։