Չեմ մեկնաբանում։ Բելառուսը Բելառուս է, Հայաստանը՝ Հայաստան։ Ես իմ երկրի պատասխանատուն եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հանձնված բողոքի նոտային:
Արձագանքելով հարցին, թե արդյոք իր հայտարարությունները, քանի որ հենց դրանք են նոտայի հիմք հանդիսացել, էլ ավելի չեն վատթարացնում Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները, Սիմոնյանը, ըստ էության, մեղադրեց Մինսկին.
«Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները: Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է: Հայաստանի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են: Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ, ոչ այնպիսին, ինչպիսին մերը»։
Շարունակելով, նա շեշտեց, թե Հայաստանը ծայրագավառ չի լինելու, քաղաքական կախվածության մեջ չի լինելու և Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է.
«Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ Ապա նյարդայնացավ, լրագրողներին հակադարձեց՝ «ի՞նչ եք կպել Բելառուսից», ապա հավելեց, թե բողոքի նոտայի մասին լուրը կարդացել է մամուլում և այլ տեղեկություններ չունի։
VERELQ-ը գրել էր, որ mայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, որին հանձնվել է բողոքի նոտա՝ «ոչ բարեկամական քայլերի» կապակցությամբ։ Բելառուսական կողմի դժգոհության պատճառ են դարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, որտեղ նա նշել էր, որ Հայաստանը չպետք է «կառավարվի ինչպես Բելառուսը»։