21.12.2024
Մամուլ. «Հարցաքննության» ծանուցագիր է ուղարկվել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին
04.03.2020
Մամուլ. «Հարցաքննության» ծանուցագիր է ուղարկվել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Նիստի օրը դեռեւս կոնկրետ որոշված չէ։ Ամենայն հավանականությամբ, ԱԺ հերթական նիստերը վերջացնելուց հետո հանձնաժողովը օր կնշանակի։ Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկին հրավիրված էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Քննարկվում է նաեւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին հրավիրելու հարցը»: «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ ՀՀ իրավապահները սպասում են Ռուսաստանի պատասխանին՝ Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա դեմ ցուցմունք տված անձինք իրավապահների հետ գործարքի արդյունքում հայտնվել են ազատության մեջ: ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները, ըստ էության, համագործակցել են ԱԱԾ-ի հետ, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն փոխադարձաբար նպաստել է նրանց պատժի կրման հարցում: Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ. ամենայն հավանականությամբ, այդպես է նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի պարագայում: Մյուս մեղադրյալները պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ այս գործով դատապարտյալ Հովհաննես Նազարյանը 2017 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է: Ստացվում է, որ այս գործով 10 դատապարտյալներից մեկը մահացել է, իսկ, ահա, 9-ը դատապարտյալ հայտնվել են ազատության մեջ»: «Ժամանակ» թերթը գրում է. «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներն արդեն կատարել են նշանակումներ։ Ընդ որում՝ 2008 տեղամասում «Այո»-ն երկու հանձնաժողովական ունի, մինչդեռ «Ոչ»-ը՝ 1975 տեղամասում։ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր՝ տեղեկություններ է ստանում, որ Նոյեմբերյանում, Վանաձորում ու Գյումրիում սահմանադրական հանրաքվեի համար «Այո»-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ։ Իշխանությունը այստեղ անհանգստանալու առիթ չի տեսնում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց՝ ով ուզում է հանձնաժողովում նշանակված լինի, չի կարող կեղծել ընտրությունները, և նա, ով օրենքը կխախտի, պատասխան է տալու»։ «Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին դատախազության տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ «համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու» համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին: Վերջինս, սակայն, երեկ հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ ընթացակարգային ու բովանդակային մասը որակեց, «մեղմ ասած», խիստ վիճահարույց իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից։ Գեւորգյանը նաեւ նշել է, որ ինքը ոչ մի հանցանք չի կատարել եւ բարեխիղճ ծառայել է իր համայնքին ու համաքաղաքացիներին։ Ուշագրավ է նաեւ հայտարարության այն հատվածը, որտեղ Աբովյան համայնքի ղեկավարը ակնարկում է «որեւէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետեւանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում իշխանությունները չեն կարողանում «մարսել» իրենց կրած պարտությունը Աբովյանում։ Մյուս կողմից՝ իշխանությունները չեն կարողանում «հանդուրժել» նաեւ այն համայնքների ղեկավարներին, որոնք, այսպես ասած, «սվոյ» չեն, ինքնուրույն են, առավել եւս նրանց, որոնք ավելի մեծ հեղինակություն ունեն տեղերում, քան իշխանությունները: Մեր տեղեկություններով, հանրապետության այլ համայնքային ղեկավարներ եւս գտնվում են իշխանության «խոշորացույցի» տակ։ Փաստացի, իշխանություններն Աբովյանի օրինակով նաեւ մեսիջ են հղում այն համայնքների ղեկավարներին, որոնք իրենց «կանտրոլի տակ չեն»։ «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ արդեն 5,5 ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տեւել: Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»: Նույնը վերաբերում է նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար մնացել է 15 օր: Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում, կամ այս ժամանակահատվածը որոշել է օգտագործել ուժայինների ղեկավարներին ստուգելու համար»: «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին զուգահեռներ է անցկացրել իր եւ Հիսուսի միջեւ։ Անդրադառնալով ՀՀ կառավարության կադրային քաղաքականությանը՝ ասել է․ «Վերջերս խոսում էի դավաճանության եւ դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են եւ հնարավոր է նորից լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես՝ իրավապահ համակարգում։ Երբ այս թեմայով մտածում եմ, ինձ նորից օգնության է գալիս Ավետարանը: Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կային: Այնպես որ, եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, որ որեւէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»։ Հետաքրքիր է՝ իսկ Հիսուսն ու Ավետարանն ի՞նչ են ասում ապաշնորհ կառավարիչների եւ վատ կառավարման մասին»: «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դա­տական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեն­քում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փա­թեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթինգի նախագիծ: Եվ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմա­նադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաեւ դատական համակարգի մաքրման աշխատանքները: Ընդ որում, իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչեւ ապրիլ ամիսը վերջնական տեսքով ունենալ նախագիծը: Եվ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ ար­դարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, որոշել են դիմել խորամանկու­թյան եւ այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ՝ խուսափելով վեթինգ տերմինից: Իսկ պատճառն էլ պարզ է. այս օրենքի նախագծերը դեռեւս անցած տարի էին ԱԺ պետական-իրավական հանձ­նաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց դրանք ինչ-որ մի պահի սառեցվել էին, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գոր­ծընթացին: Առաջին անգամ այդ մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին՝ ասելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Եվ նրա հայտարարությունից անմիջա­պես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջ­նական տեսքի չէր բերվել, քանի որ իշխանությունները մտափոխվել էին՝ որոշելով, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել սահմանադրական բարեփո­խումների միջոցով, ինչը կնպաստեր նաեւ դատական համակարգի առողջացմանը: Սա­կայն, ի վերջո, կրկին քննարկումներից հետո իմքայլականները եկել են այն եզրակացու­թյան, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին, եւ պետք է լինի վեթինգ: Եվ ահա այժմ էլ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը»: «Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունները ուշագրավ նրբերանգներ են պարունակում նաև արտաքին ուժերի վերաբերմունքի տեսանկյունից: Որևէ անկախ ու ինքնիշխան պետություն չի կարող մեկուսանալ աշխարհից ու անտեսել այլ պետությունների հետ հարաբերությունների գործոնը: «Փաստ» թերթն այս տեսանկյունից ուշագրավ տեղեկություններ է ստացել արցախյան ընտրությունների առումով: Մասնավորաբար, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան մերձկրեմլյան քաղտեխնոլոգների «դեսանտ» է ուղարկել, որն այս օրերին աշխատում է Վիտալի Բալասանյանի շտաբի հետ: Այս տեղեկությունը առավել ուշագրավ է այն տեսանկյունից, որ թեկնածուներից մեկն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, խնդիրներ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, մասնավորապես նրանց մուտքը 5 տարով դեպի ՌԴ արգելափակվելու առումով: Միայն այս դրվագներով շատ հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, սակայն փաստերն ինքնին բավականին խոսուն են. ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր չէ արցախյան ընտրությունների առումով և հատուկ դրական վերաբերմունք ունի կոնկրետ Վիտալի Բալասանյանի թեկնածության նկատմամբ»: «Փաստ» թերթը գրում է. «ԱԺ-ում քննարկման է դրվել դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Նշենք, որ այն բավական ծավալուն է եւ վերաբերում է դատական համակարգում կոռուպցիան վերացնելու քայլերին։ Այս նախագծերով փոփոխություններ են սպասվում դատավորների կարգապահությանն ու բարեվարքությանը հետեւող հանձնաժողովներում։ Հիմնական նորամուծությունն այն է, որ այդ հանձնաժողովներում, բացի դատարանների ներկայացուցիչներից, լինելու են նաեւ հասարակական սեկտորի կողմից նշանակված հեղինակավոր իրավաբան գիտնականներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում, իշխանությունների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, առավել շահագրգիռ կերպով աշխատել են «Սորոսի» գրասենյակի ներկայացուցիչները, այդ գրասենյակից տարբեր դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ նաեւ այն անձինք, որոնք ժամանակին այդ սեկտորն են ներկայացրել, իսկ հիմա գործող իշխանության կազմում են։ Հենց նրանք են որպես փորձագետներ արտասահմանից հրավիրել անցումային արդարադատության եւ վեթինգի մասնագետների, որպեսզի վերջիններս կարողանան հայ գործընկերներին մանրամասն ներկայացնել փոփոխությունների անցկացման նրբերանգները»: «Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական հետք կա՞ Ձեր նկատմամբ սկսված այս դեմարշում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Հիշեցնենք` ըմբշամարտի մարզական խորհուրդը օլիմպիադային մասնակցության ուղեգիր չի տվել նրան։ «Ես չեմ տեսնում նման դեմարշ իմ, առավել եւս՝ իմ թիմի նկատմամբ․ խնդիրը մարզական ոլորտում է, պայքարելու եմ մինչեւ վերջ, պրոցեսը նոր է սկսվում։ Պարզապես տեղի է ունեցել մարզչական խորհրդի կողմից սխալ քայլ, իմ խնդիրն է` այդ մասին տեղեկացնել հանրությանը»,- ասաց նա: Ինչո՞ւ ձեր թիմը չկանգնեց Ձեր թասիբին. կարծես որեւէ հայտարարություն, արձագանք չկա նրանց կողմից։ «Նման անհրաժեշտություն չկա՝ քաղաքականության, թիմի միջամտություն պետք չէ, որեւէ նման քննարկում չի եղել, եթե պետք եղավ, կքննարկվի»: Կարծում եք Նիկոլ Փաշինյանը կկանչի, կխոսի՞ Ձեզ հետ այս մասին։ «Անհրաժեշտության դեպքում ինքս կառաջարկեմ հանդիպել այդ թեմայով»: Որ կտրի մարզչական խորհրդի «թաթիկնե՞րը»։ «Դե լավ, էլի, ազնիվ կլինի՝ դուք գնաք, մարզչական խորհրդին հարցնեք, թե ինչու են իրենք նման քայլեր անում»: «Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ: Մեր ունեցած տեղեկություններով՝ կուսակցությունը լքել և ՀՀԿ խորհրդի կազմից դուրս են եկել նաև ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և Ֆիրդուս Զաքարյանը: Վերջինս եղել է Երևանի փոխքաղաքապետ, իսկ մինչև հեղափոխությունը սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն էր»: «Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։ Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։ Մենք տեղեկացանք, որ հարսանիքի օրը որոշվել է մինչեւ հանրաքվեն, հանրաքվեի որոշումից հետո Հովիկ Աղազարյանն անգամ քայլեր է արել օրը փոխելու, սակայն թիմը հանգստացրել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Հարսանիքը տեղի կունենա Արմավիրի մարզում գտնվող «Նոր Դվին» ռեստորանում։ Ի դեպ, նորապսակների քավորը Աղազարյանի բանակային ընկերներից մեկն է, հարսնացուն էլ՝ հասարակ ընտանիքից»: «Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ վերջին երեք ամիսների ընթացքում Լիբանանից Հայաստան մշտական բնակության է եկել մոտ 100 լիբանանահայ ընտանիք: Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողների թիվը անհամեմատ մեծ է, բայց դրան խանգարում է այդ երկրում շարունակվող ֆինանսական ճգնաժամը: Մարդիկ չեն կարողանում ստանալ բանկերում ունեցած իրենց ավանդները և վաճառել անշարժ և շարժական գույքը: Բայց բոլոր լիբանանահայերի մոտ հասունացել է այն միտքը, որ այդ երկրում ճգնաժամը այլևս անհաղթահարելի է»: «Ժամանակ» թերթը գրում է. «Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ աշխատողների ընդհանուր նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ԳԱԱ կազմում եղած բոլոր ինստիտուտների աշխատողները։ Նիստի ժամանակ նախատեսված է եղել քվեարկություն, որով պետք է որոշվեր՝ արդյոք ինստիտուտների աշխատողներն ուզո՞ւմ են մնալ ՀՀ ԳԱԱ կազմում, թե՞ ոչ։ «Ժամանակ»-ը տեղեկացավ, որ քվեարկությունը չի կայացել։ Աշխատողները չեն քվեարկել, քանի որ իրենց չի ներկայացվել, թե Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարումից հետո ինչ է լինելու ինստիտուտների հարցը, ում են կցվելու, ինչ կարգավիճակ են ունենալու, որտեղից են ֆինանսավորվելու և բազմաթիվ այլ հարցեր։ Առհասարակ, աշխատողները դեմ են ԳԱԱ-ի լուծարմանը»։