11.09.2025
Հայաստանը հետաքրքրված է իրանական հեղուկ գազով. Պապոյան
prev Նախորդ նորություն

ՊՆ առաջարկում է 6 ամսով կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ 


Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:


«ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարման անհրաժեշտություն չի առաջանում»,- ասված է հիմնավորման մեջ:


Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան