VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Բավական սիմվոլիկ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար: Բոլորովին վերջերս Իսակովի փողոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է դեսպանատունը իրականացվել էին ասֆալտապատման աշխատանքներ, սակայն պարզվում է` ջրատարների հետ կապված խնդիր է ծագել: Եվ ասֆալտն է փչացել, եւ հողն է «փախչում» դեսպանատան «ոտքերի տակից»: Այս հատվածում իրականացվող անվերջանալի բարեկարգման աշխատանքներն իսկական պատուհաս է դարձել տրանսպորտային երթեւեկության համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գործող իշխանությունների կողմից անընդհատ շոշափվող «Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու» թեզն ասես միս ու արյուն է ստանում: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ հարաբերություններ կարգավորելու առումով Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա: «Ժողովուրդ» օրաթերթն ԱԳՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե այդ 5 առաջարկ-կետերն ինչ միջոցով են պաշտոնական Երեւանին փոխանցվել՝ ուղիղ արդյոք կապով, թե, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջոցով: Ե՞րբ են եկել այդ առաջարկներն ու կոնկրետ ո՞ւմ են հասցեագրված՝ ՀՀ ԱԳ նախարարի՞ն, վարչապետի՞ն, թե՞ նախագահին: Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել էր. «Ադրբեջանական կողմի առաջարկները հայկական կողմին փոխանցվել են դիվանագիտական խողովակներով եւ հասցեագրված են ՀՀ իշխանություններին»: Ի՞նչ դիվանագիտական խողովակի մասին է խոսքը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ տեսակի շփումներ չունեն, աղավնիով լուր ուղարկելու մեթոդն էլ արդեն մի քանի հազարամյակ դուրս է կիրառությունից: Նախարարությունը խուսափել է նաեւ հստակ պատասխանել հարցին, թե ում են հասցեագրված Ադրբեջանի առաջարկ-կետերը՝ ըստ երեւույթին ապահովագրելով հետագայում որեւէ մեկին հարվածի տակ դնելուց: Փոխարենը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա: Մնում է պարզել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ասելով՝ ինչ նկատի ունի Արարատ Միրզոյանը. Արցախը ո՞ր երկրի կազմում է մնալու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 21 հարց, սակայն կան հարցեր, որոնք պատգամավորները կքննարկեն երկրորդ ընթերցմամբ: Այսօր նիստի երկրորդ մասում կքննարկվի «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագիծը հեղինակել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նրանք առաջարկում են ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Արդեն օրվա երրորդ կեսին կքննարկվի «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած՝ «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը: Այսպիսի հրատապ նիստ անցկացնելու նախաձեռնությանը միացել են նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Հավանաբար այդ նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահագն Խաչատուրյանը, ով 1991 թվականից քաղաքականության մեջ է, իսկ 1998-ին ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից երկարատեւ պաուզա էր վերցրել, պարզվում է` 2020 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել, «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով: Նրա գիտական ղեկավարը եղել է տնտեսագիտության դոկտոր, պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Իր գիտական թեզում Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրել է, որ ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր հանրապետության եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ: Եվ դարակազմիկ վերլուծություն ու առաջարկ է արել. «Եթե ընդունենք, որ Հայաստանի արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, ապա հեշտ է նկատել, որ 370 հազ․ 1 մլն խմ խմելու ջրի արտահանումից ստացվող դրամամուտքը (հասույթը) կկազմի 3,7 մլրդ ԱՄՆ դոլար»: Իսկ հիմա, ուշադրություն` առաջարկը. «Ջրի այդպիսի քանակությունը կարելի է վերցնել Սեւանա լճից եւ այն հիմնականում արտահանել խողովակաշարով` մինչեւ Պարսից ծոց: Կարեւոր է նաեւ նկատել, որ ջրի քանակությունը հնարավոր է այդ տարածաշրջանի երկրներ հասցնել ինքնահոս եղանակով՝ նկատի ունենալով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով 700 մ ավելի բարձր է Պարսից ծոցի երկրներից, ինչը զգալիորեն կէժանացնի խմելու ջրի տեղափոխման ծախսերը»: Սա 90-ականներին՝ Հայաստանը ջերմուկով պահելու կամ էլ 60-ականներին` Սեւանի մակերեսը փոքրացնելու (որ ջրի գոլորշիացումը նվազի) թեզի շարունակությունն է: Միայն պարզ չէ, թե ինքնահոսով խմելու ջրի տեղափոխումն ինչպես է պատկերացրել պարոն Խաչատուրյանը: Գուցե առուներ գցելո՞ւ միջոցով (թեզի ամբողջական վերլուծությունը` վաղվա համարում):
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, որը վերաբերում էր Արցախին, եւ որի նախաձեռնողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր, մասնակցում էին Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ: Հրավերը մերժել էր Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Իշխող «Ազատ հայրենիքն» ընդունել էր հրավերը, որը հասցեագրված է եղել պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին, սակայն լսումների օրը հայտնել էին, թե եղանակային վատ պայմաններով պայմանավորված՝ պատգամավորը չի կարողացել Հայաստան հասնել: ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հաստատեց. «Մեր մյուս գործընկերներն ավելի վաղ են եկել, իսկ մյուս գործընկերը չի հասցրել, ինչի համար ներողություն է խնդրել, եւ կարելի է հասկանալ»: Մինչդեռ կասկածներ կան, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցներն ուղղակի վախեցել են ՀՀ իշխանություններից եւ նրանց հրահանգով են բոյկոտել լսումները: Հակառակ դեպքում ընդդիմադիրների պես շուտ կգային, կամ էլ հանգստյան օրերին ՔՊ-ականների հետ Աղվերանում կրթական թեմաներ քննարկողները ներկա կգտնվեին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ավարտել է հայեցակարգային հանձնաժողովի ներկայացրած առաջարկների քննարկումը եւ եկել ընդհանուր հայտարարի, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պատրաստ կլինի Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը: Որից հետո կքննարկեն գլուխ առ գլուխ, 1-2 ամիս հետո էլ հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման: Հանձնաժողովի մեր աղբյուրն ասաց, որ առանցքային փոփոխությունները պետության կառավարման ձեւին են առնչվում՝ ներկայիս սուպերնախագահական համակարգից անցում է կատարվելու նախկին՝ կիսանախագահական համակարգին՝ դրանից բխող փոփոխություններով: «Նախատեսվելու է վարչապետի պաշտոն եւ այլն, կառավարության ծրագիրը հաստատվելու է ԱԺ-ի կողմից, ԱԺ-ն հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարության ծրագրին, մինչդեռ հիմա ի գիտություն է ընդունվում ծրագիրը»: Մեր աղբյուրի խոսքով՝ Սահմանադրության անցումային դրույթներում էլ ամրագրվելու է, որ 2023 թվականին անցկացվելու են ԱԺ, իսկ 2024-ին՝ նախագահի արտահերթ ընտրություններ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինդոնեզիայում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Մեր ունեցած տեղեկություններով, վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել երկու բանաձև, որոնք վերաբերում են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը: Դրանցից մեկը, որն ունեցել է ընդգծված հակառուսական բնույթ և առավել կոշտ գնահատականներ, ներկայացրել է Նոր Զելանդիայի պատվիրակությունը, մյուսը՝ առավել հավասարակշռվածը, Ինդոնեզիայի պատվիրակությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, փաստաթուղթ է շրջանառել նաև Ուկրաինան, սակայն վերջին պահին հրաժարվել է դրանից՝ կոչ անելով քվեարկել նորզելանդական տարբերակի օգտին: Ի վերջո, «հաղթել» է Նոր Զելանդիայի ներկայացրած նախագիծը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել այդ տարբերակին և կողմ է քվեարկել ավելի հավասարակշռված տարբերակին, այսինքն՝ Ինդոնեզիայի ներկայացրածին: Ի դեպ, նշենք, որ գրեթե հայկական պատվիրակության նման են քվեարկել նաև հետևյալ երկրները՝ Իրան, Ղազախստան, Ինդոնեզիա, Նիգերիա, Պարագվայ, Քաթար, Սիրիա, ԱՄԷ, Տանզանիա, Վիետնամ, Եմեն, Զիմբաբվե, Ալժիր, Բահրեյն, Բելառուս, ՀԱՀ, Չինաստան, Հորդանան»:
«Փաստ» օրաթերթը գրում է. <Վերջին օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրը դադարեցրել է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, նախատեսվում էր աշխատանքները դադարեցնել միայն երկու շաբաթով։ Նշվում էին նաև տարբեր պատճառներ: Ըստ ԶԼՄ-ներին տված պաշտոնական պատասխանի, «Թեղուտի» աշխատանքները դադարեցվում էին ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, սակայն շրջանառվում էր նաև ՌԴ-ի և ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հանգամանքը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Թեղուտի» աշխատանքների դադարեցումը չի սահմանափակվի նշյալ կարճ ժամկետով: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է՝ ապրիլի 1-ից պաշտոնապես հայտարարվի անորոշ ժամկետով գործունեությունն ընդհանրապես կասեցնելու մասին: Ավելին, եթե հիմա աշխատակիցներին ասվել է, որ մասամբ վճարվելու են հարկադիր պարապուրդի համար, ապա հետագայի համար մեծ անորոշություն կա, և չի բացառվում, որ բազմաթիվ մարդիկ մնան գործազուրկ: Այս հանգամանքը հատկապես Ալավերդիում և շրջակա գյուղերում, բառիս բուն իմաստով, խուճապային տրամադրություններ է ստեղծել, քանի որ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում շատերի եկամտի միակ աղբյուրը կարող է «ցամաքել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում անգամ կորոնավիրուսի համաճարակի թեժ շրջանում մարդիկ ակտիվորեն չէին պատվաստվում, հիմա, երբ աշխարհը կամաց հրաժարվում է սահմանափակումներից` վերացվում են դիմակները, QR կոդերը, առավել եւս: Բայց վերջին շրջանում տարբեր երկրներից մեզ պատվաստանյութ են նվիրում: ԱՄՆ իշխանությունը 300-ից ավելի դեղաչափ նվիրեց, երեկ էլ Պորտուգալիայի կառավարությունն է 400 հազար դեղաչափ «Պֆայզեր» նվիրել, իսկ Հայաստանում այլեւս այդքան պատվաստվելու ենթակա մարդ չկա: Իսկ գուցե դրսում պատվաստանյութի մեծ քանա՞կ է կուտակվել, եւ դա պետք է իրացնել, որ ժամկետը չանցնի: Եթե այդքան շռայլ են, թող բժշկական ժամանակակից սարքավորումներ եւ դեղորայք նվիրեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ-ում, ինչպես ասում են, կրքերը չեն հանդարտվում, ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները բուհի ղեկավարությունից, ավելի ստույգ՝ ռեկտորից: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ-ում լուրջ կրճատումներ են տեղի ունենում, նախատեսվում են նաև նորերը. ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշել է ամբիոնների միավորումներ իրականացնել, ինչի հետևանքով մի շարք փորձառու դասախոսներ, այդ թվում՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ուղղակի դուրս են մնում համալսարանից, քանի որ դասաժամերի խնդիր կա։ Մեր տեղեկություններով, միավորված ամբիոնների վարիչ են հիմնականում «նշանակվում» այնպիսի անձինք, ովքեր կա՛մ ընդգծված իշխանամետ են, կա՛մ գոնե քաղաքականապես ակտիվ չեն և իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ երբեք որևէ խոսք չեն ասել։ Ավելին, համալսարանականների խոսքով, ԵՊՀ ղեկավարությունը դիմել է նաև որոշակի խորամանկության. որոշ երիտասարդ դոցենտների և ակտիվ դասախոսների, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, փորձել են սիրաշահել և տարբեր վարչական աշխատանքներ առաջարկել, ինչը, սակայն, կտրականապես մերժվել է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 6-րդ օրն է, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր անց դատական համակարգում իրավիճակ էր փոխվել: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, քրեական գործով համակարգի գործարկման եւ շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Գլխավոր դատախազությունը մինչ օրս իրենն է պնդում, ԲԴԽ-ն էլ իր խոսքն է առաջ տանում։ Իսկ ու՞ր անհետացան բանալիները, կորա՞ն ճանապարհին, թե՞ որեւէ մեկին պետք էր այն ճանապարհին կորցնել:«Ժողովուրդ» օրաթերթին բանալիների առեղծվածային անհետանալուց ուշագրավ լուրեր են հասել: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները իրոք Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են Դատական դեպարտամենտին, սակայն համակարգի միջոցով դատավորներին գործերի մակագրումը տեւական ժամանակով բացառելու նպատակով մշակվում է սխեմա, ըստ որի՝ բանալիներն իբր կորել են Դատական դեպարտամենտ ուղարկելու ճանապարհին փոստի աշխատակիցների մեղքով : Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է քավության նոխազ դարձնել փոստի աշխատակիցներին իրենց իսկ համաձայնությամբ եւ նրանց ենթարկել քրեական պատասխանատվության, որպեսզի գործընթացը հիմք կհանդիսանա՝ համակարգչի միջոցով դատավորներին գործերի մակագրումը առաջիկայում էլի անհնար լինի։ Մենք հետեւողական ենք զարգացումներին եւ կիմանանք, թե որքանով այս սխեման կյանքի կկոչվի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնք հաղթահարելու, հետագայում ևս դիմագրավելու համար մենք չենք կարող շրջանցել ոչ թե միայն ռուս-ուկրաինական, այլև, առհասարակ, աշխարհում կատարվող գործընթացները: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը: «Այսօր աշխարհակարգ է փոխվում: Մեզ մոտ շատ պաշտոնյաներ ունեն այն կանխակալ կարծիքը, թե շատ շուտով այս ամենը կավարտվի: Ըստ իս, սակայն, ստանդարտ հանգուցալուծում չի լինելու: Բացի այդ, այլևս չեն գործում դասական տնտեսագիտական կանոնները: Գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, որտեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ: Մեզ համար շատ ավելի դժվար է լինելու այն իմաստով, որ նոր աշխարհակարգում մենք մեր տեղը գտնելու խնդիր ենք ունենալու: Այսօր Արևմուտքը, ԱՄՆ-ն նաև տոտալ տնտեսական պատերազմ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ, որից ՀՀ-ն անմասն չի կարող մնալ:Նախ՝ ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսական ամենախոշոր գործընկերը ՌԴ-ն է՝ ներդրումների շուրջ 40 տոկոս ծավալով, տարեկան մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտներով, արտահանման շուկայով և այլն: Մեզ համար, ըստ իս, ամենալուրջ խնդիրը պարենային անվտանգությունն է: Խոսքը, մասնավորապես, ցորենի մասին է, որը ստանում ենք ՌԴ-ից»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ մինչև 44-օրյա պատերազմը Արցախից բավականաչափ ծավալով ներմուծվող ցորենն այլևս չկա:
«Հաշվի առնելով մեր սպառման ծավալները՝ օգոստոսից հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու: Դեռևս կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի փուլում մասնագետները, այդ թվում՝ նաև ես, շեշտել էինք պետական պահուստների անհրաժեշտության մասին: Առիթ եմ ունեցել հարցը բարձրացնել, բայց կառավարության ներկայացուցիչը օրենքի ստանդարտ դրույթներին հղում արեց, ինչի մասին ինքս լավ տեղեկացված եմ: Մինչդեռ հակաճգնաժամային կառավարումն այլ բան է ենթադրում. այսինքն, գործող օրենքը պետք է մոռանալ, շատ արագ նաև օրենսդրական փոփոխություններ ձեռնարկել ու կուտակել պարենի հսկայական պահուստներ:Հայաստանում այս ուղղությամբ որևէ քայլ չեմ տեսնում: Այսօր որևէ մեկը չի պատասխանում, թե օգոստոսից հետո ինչ խնդիրներ կունենանք: Երկրորդ խնդիրը քաղաքական է, ինչը կապ ունի նաև տնտեսության հետ: Խոսքն օր օրի մեզ մոտ տարածվող անթույլատրելի հակառուսականության մասին է: ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ կարող ենք մեզ հակառուսականության նման երևույթներ թույլ տալ: Սա պետք է կանխվի պետական մակարդակով: Այս խնդիրն, ըստ իս, ազգային անվտանգության սպառնալիք է: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, այդ թվում՝ պարենային անվտանգությունը, իրավունք չունենք նման քայլեր թույլ տալ»,-նշեց Հ. Ֆարմանյանը:
Անդրադառնալով տարադրամի շուկային, կտրուկ տատանումներին՝ նա շեշտեց. «Մասնագետների մի մասը գտնում է, որ այս ամենի մեջ սպեկուլ յատիվ բնույթ կա: Սկզբում կար կարծիք, թե պարտվող կողմը Ռուսաստանն է լինելու:Այս իմաստով սպասումները, նաև սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնները չէին կարող չազդել ռուբլու արժեքի վրա, որը ռազմական գործողությունների առաջին փուլում կտրուկ արժեզրկվեց: Բայց Եվրոպայում տեսան ՌԴ-ի դիմագրավելու ռեսուրսները: Ու հաշվի առնելով Եվրոպական երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ օրեր անց ռուբլին ամրապնդվեց: Իսկ ռուսական ռուբլին և դրամը խիստ փոխկապակցված են: Եթե ՌԴ-ում ռուբլին արժեզրկվում է, դրամը ևս արժեզրկվում է, եթե ռուբլին արժևորվում է, դրամը ևս արժևորվում է»: Տնտեսագետի խոսքով, ընդհանուր առմամբ, գործ ունենք դոլարակենտրոն համաշխարհային տնտեսության փլուզման հավանականության հետ. «Ամբողջ աշխարհն անցնում է չինական յուանով գնանշումների, ԵԱՏՄ-ի շրջանակներում էլ քննարկվում է ռուբլու գնանշումների անցնելու տարբերակը: Առաջիկայում, մեծ հաշվով, դոլարակենտրոն համաշխարհային տնտեսության փլուզմանն ենք ականատես լինելու: Սրանք երևույթներ են, որոնք, որպես գործոն, ազդում են ռուբլու ամրապնդման վրա: